Փետրվարին «Նաիրիտի» բոլոր աշխատակիցները կազատվեն աշխատանքից
«Ոչինչ չի փոխվել, իրենք մնացին իրենց կարծիքին: Երկուշաբթի օրը մեկ աշխատավարձ կվճարեն, հուվարին՝ ևս մեկը: Եվ վերջ: Փետրվարին բոլորը կազատվեն աշխատանքից, 500 հոգու հետ նորից պայմանագիր կկնքվի: ՀԲ մասնագետները հավանաբար փետրվարին կտան եզրակացություն, կշարունակվեն բանակցությունները Միջպետական բանկի հետ և կորոշվի ինչ է արվելու: Պարտքի ամբողջ մարման մասին խոսք չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը՝ փոխանցելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման արդյունքը:
Ըստ նրա՝ խնդիրն այս պահին աշխատակիցներն են, որոնք դառնում են գործազուրկ. «1600 մարդ մնում է դրսում: Նրանց հարցն է, որ պետք է լուծվի, ինչի պատասխանն իրենք չունեն:
Պետությունը մեզ՝ ի դեմս «Նաիրիտ 2»-ի, 4 մլրդ 150 մլն և ի դեմս «Նաիրիտ» ԲԲԸ-ի՝ 900 մլն պարտք է, թեև ԲԲԸ-ն սնանկացման պրոցեսի մեջ է: Այսինքն՝ կան գումարներ, բայց ասում են՝ չենք կարող վճարել, բյուջեում փող չկա»:
Ա.Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ վարչեպետի հետ հանդիպմանը ներդրողների մասին նույնն առաջարկը կրկնվել է, որ եթե գործարանի ղեկավարությունը ակտիվություն ցուցաբերի ու գտնի ներդրողներ, ապա կառավարությունը պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած ներդրողի հետ բանակցություններ վարել, նաև պատրաստ է սառեցնել գործարանի ներքին պարտքերը: Խոսվել է նաև սլովակ ու եվրոպացի մյուս ներդրողների մասին, որոնց Հ.Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի ընդունելու և զրուցելու նրանց հետ:
Ուշագրավ է, որ վարչապետը հրապարակավ պատրաստակամություն է հայտնում հանդիպել եվրոպացի ներդրողներին՝ EU Energy Trans Group, որոնք ամիսներ առաջ հետաքրքրություն դրսևորեցին «Նաիրիտի» հանդեպ, թեև այն ժամանակ այդ ներդրողներին ընդունել էր էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը: Իսկ նա էլ բանակցելու փոխարեն հայտարարել էր, թե կառավարությունը կապ չունի «Նաիրիտի» հետ, և օտարերկրյա ներդրողներին ուղարկել էր, բնականաբար Հ.Աբրահամյանի համաձայնությամբ, ԱՊՀ Միջպետական բանկ, որին գործարանի կառավարիչ օֆշորային Rhinoville Property Limited ընկերության կողմից վերցված վարկը չմարելու հետևանքով անցել են «Նաիրիտի» 90% բաժնետոմսերը:
Ներդրողներն էլ ընկերության անունից նամակով դիմել են Միջպետական բանկին, սակայն Բանկը անապատասխան է թողել նրանց դիմումը, չի բացառվում, որ հենց ՀՀ իշխանությունների հետ համաձայնությամբ: Այլապես, ինչո՞ւ պետք է բանկը շահագրգռված լինի այդքան խնդրահարույց բաժնետոմսերը պահել իր մոտ ու չմարել դատական քաշքշուկների պատճառ դարձած պարտքը:
Ի դեպ, մինչ օրս Հ.Աբրահամյանն անպատասխան է թողել EU Energy Trans Group-ի կողմից իրեն ներկայացված ներդրումային ծրագիրը: