Ինչո՞ւ չեն բարձրաձայնվում երեխաների դեմ իրականացվող բռնությունները

«Մինչև այսօր Հայաստանում գրեթե ամենուրեք համարում են, որ երեխային հասցվող մեկ ապտակը, մի քանի հարվածը պարտադիր միջոցներ են, որոնք պետք է կիրառվել` երեխային դաստիարակելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը»:

Նրա խոսքով` վերջին մի քանի ամիսների ընթացքում առիթ է ունեցել շփվելու մոտ 300 երիտասարդ մայրերի հետ, և դրանց արդյունքներն այքան էլ գոհացնող չեն եղել. «Երբ քննարկումների ժամանակ խոսք էր գնում այն մասին, թե արդյոք նրանք կիրառում են բռնություն երեխաների նկատմամբ, թե ոչ, նրանք միանշանակ խոսում էին այն մասին, որ դա բռնություն չէ, այլ դաստիարակչական մեթոդ: Հատուկենտ մայրեր կային, որ ասում էին` ոչ, երեխայի նկատմամբ բռնություն չի կարելի իրականացնել: Ամենացավալին այն է, որ շատ մայրեր նաև պաշտպանում էին մանկապարտեզի դաստիարակներին ու դպրոցի ուսուցչուհիներին, որոնք ևս հաճախակի բռնություններ են կիրառում երեխաների նկատմամբ»:

Տ. Աղաբաբյանը նշեց, որ հաճախ հատկապես սեռական բռնության ենթարկված երեխաների ծնողները զանգահարում են իրենց, նկարագրում դեպքը և հետո հարց ուղղում` եթե մենք դիմենք ոստիկանությանը, արդյոք հաջողության կհասնենք. եթե ոչ, ապա ավելի լավ է չբարձրաձայնենք այդ մասին, այսինքն` նրանց հետաքրքրում է միայն պատիժ կլինի՞, թե՞ ոչ. «Շատ ծնողներ անգամ դրանով էլ չեն հետաքրքրվում, լռում են երեխայի նկատմամբ սեռական բռնության մասին` մտածելով, որ անունը դուրս չգա, ապագայում կարողանանք ամուսնացնել: Այսինքն` անտեսվում է երեխայի հոգեկան վիճակը, և առաջին պլան է մղվում նրան ապագայում ապահով ամուսնացնելու գաղափարը»:

Տ. Աղաբաբյանն անդրադարձ կատարեց նաև մամուլին, մասնավորապես` երեխաների նկատմամբ իրականացված բռնությունների լուսաբանման ձևին և էթիկական կողմին` ասելով, որ մամուլն էլ իր մեծ բաժինն ունի այն բանում, որ այսօր ծնողները խուսափում են բարձրաձայնել այդ մասին. «Շատ հաճախ հանդիպում ենք հոդվածների, որտեղ երեխայի անուն-ազգանունով, տարիքով, բնակության վայրով, ամեն ինչով նշված է տեղեկատվությունը: Ինձ թվում է, որ սեռական բռնությունն այն դեպքն է, երբ կարելի է մի փոքր լրջորեն մոտենալ հարցին»:

 

Տեսանյութեր

Լրահոս