Ադրբեջանցիների 76,9 տոկոսի համար «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ. Արման Թաթոյան
«Հաշվի առնելով անվտանգության նոր պայմանները, անվտանգության նոր ռազմավարությունն ուղղակի արդիական է, որը պետք է հիմնված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Արման Թաթոյանի մեկնաբանությամբ, անվտանգության ռազմավարությունը պետք է հիմնված լինի կոնկրետ երաշխիքների վրա, դրանց շնորհիվ է, որ հնարավոր է լինելու իրացնել։ Դա իրավունքների գերակայությունն է, ժողովրդավարական իրական արժեքներն են, պետական կառավարման համակարգի արդյունավետությունն է, անկախ ու անաչառ դատական համակարգի առկայությունը, Զինված ուժերի մարտունակությունը, և այլն։
Մինչդեռ, ըստ Արման Թաթոյանի՝ այսօր փորձ է արվում համակարգից որոշակի գործոններ անջատել և դրանք քննարկել, այսպես կոչված, խաղաղության համատեքստում, ինչը, նրա կարծիքով՝ սխալ է, և որի արդյունքում կարող են առաջանալ անդառնալի հետևանքներ։
Նախկին ՄԻՊ-ի բնորոշմամբ՝ այսօր Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի սահմանազատման հետ։ Իսկ սահմանազատման հանձնաժողովը որևէ իրավունք չունի կոնկրետ այս ձևով իրականացնել գործընթացը և անել հայտարարություններ, որոնք խաթարում են երկրի անվտանգությունը։
«Ապրիլի 18-ին Ադրբեջանի սոցիալական հետազոտության կենտրոնը, որը գործում է Ադրբեջանի նախագահին կից, հրապարակել է հատուկ հետազոտությունների արդյունքներ։ Ուզում եմ ընդամենը մի քանի հարց հրապարակեմ։
Հարցրել են՝ Զանգեզուրը և Գյոյչան համարո՞ւմ եք պատմական ադրբեջանական հողեր, դրական է պատասխանել հարցվածների 96.2 տոկոսը։
Հաջորդ հարցը հետևյալն է, թե որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի կյանքի կոչվի «Արևմտյան Ադրբեջան» վերադարձը, հարցվածների 58,1 տոկոսը պատասխանել է՝ առաջիկա 5 տարիների ընթացքում։ Միայն հարցվածների 20 տոկոսն է պատասխանել, որ կարող է 5 տարուց ավելի լինել։
Հաջորդը հարցին, թե «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալը կախվա՞ծ է «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ, հարցվածների 76,9 տոկոսը պատասխանել է՝ այո»,- նշեց Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում