Բաժիններ՝

Հայկական արժույթը, ըստ էության, կեղծ կատեգորիա է. Վարդան Բոստանջյան

«Մեր Ֆինանսական  շուկայում տեղի ունեցող այս իրավիճակը ցույց տվեց, որ իսկապես հայկական արժույթը, ըստ էության, կեղծ կատեգորիա է: Այն կախված է ոչ միայն ուժեղ վալյուտաներից, այլ այն կախված է մինչև անգամ Ռուսաստանի ռուբլուց»,- այս կարծիքին է ԲՀԿ-ական տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, որն այսօրվա ասուլիսի ժամանակ նկատեց, որ ռուբլու գահավիժումը բերեց Հայաստանի արժութային ֆինանսական շուկայում չկառավարվող վիճակի:

Ըստ նրա՝ այս պարագայում Կենտրոնական բանկը շատ դժվարությամբ, բայց անում է իրենից կախված հնարավոր ճիշտ քայլերը. «Դրամային իշխանությունները, որոնց վրա մինչև անգամ Սահմանդրությամբ դրված է գների կայունության ապահովման ամբողջ ինստիտուտը, ակնհայտորեն, մենակ ի զորու չէ նման քաղաքականություն իրականացնելու ու պատասխանատվություն կրելու: Այն պետք է լինի կոորդինացված, հարկաբյուջետային: Բայց ո՛չ հարկաբյուջետայինը, ո՛չ ընդհանուր տնտեսական քաղաքականությունը գոյություն չունի: Եվ այս պարագայում փաստորեն Կենտրոնական բանկն իր ունեցած ողջ մեծ գործիքաշարով կարողանում է մի կերպ զսպել ընդհանրապես փլուզումը, տատանումների այս ահավոր իրավիճակը մեր ֆինանսական շուկայում»:

ՀԱԿ վարչության անդամ, ՀՊՏՀ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը, խոսելով Արժույթի միջազագային հիմնադրամի կանխատեսման մասին, ըստ որի՝Հայաստանում  3.5 % տնտեսական աճ է լինելու, նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը չէր կարող կանխատեսել, որ կարող էին լինել այսպիսի քաղաքական հակասություններ գերտերությունների միջև, ինչի պատճառով կլիներ այնպիսի իրավիճակ, որ մեր տնտեսությունը կզրկվեր իրական տնտեսական աճ ապահովելու գործոններից:

Զ. Թադևոսյանը չի կիսում Վ.Բոստանջյանի կարծիքը Կենտրոնական բանկի վարած քաղաքականության վերաբերյալ. «Խնդիրն այն է, որ Կնետրոնական բանկի վարած քաղաքականությունը այս պարագայում տանում է ընդամենը դրամի արժեզրկումը ինչ-որ մի մակարդակի վրա պահելու, որը ծառայելու է բիզնես խավի շահերը բավարարելուն: Այսինքն՝ եթե դրամը շատ արժեզրկվի, դա կտանի նրան, որ ավելի մեծ ծախսեր կանեն ներկրողները, իսկ մեր ներկրողները մոնոպոլ ներկրողներ են և նրանք հիմնականում դրամ գնողներ են: Մեր ռեսուրսները չափազանց քիչ են, ընդամենը՝420-30 միլիոն դոլար և դա անմիջապես կվերանա ու դրանից հետո մենք պահուստային պաշարաներ չենք ունենա»:

Նա նկատեց, որ համաշխարհային տնտեսության մեջ նման իրավիճակներում կա այսպիսի գնահատական՝ յուրաքանչյուր ազգային արժույթի արժեզրկումը բավականին լավ պայմաններ է ստեղծում այդ երկրի տնտեսական աճի համար. «Արժույթի միջազգային հիմնադրամը եթե այդպիսի կանխատեսում է անում և այդ կանխատեսումը իրականացնելիս դրամական, օրենսդրական մեր հատվածի պատասխանատուները պետք է ավելի ճիշտ քաղաքականություն վարեին, ոչ թե ապրանքով մտնեին շուկա և լրացուցիչ առաջարկ-պահանջարկ ձևավորելու ճանապարհով ինչ-որ հավասարակշռված վիճակ ստեղծեին, այլ այդ փողը պետք է ուղղեին իրական տնտեսություն: Երբ դրամը 2005 թվականից արժևորվեց, դա տարավ նրան, որ մեր ներմուծումը մեծացավ, արտահանումը կրճատվեց:

Հիմա մենք ունենք ռեալ հնարավորություն ավելի շատ արտադրելու և արտահանելու, որովհետև ավելի մրցունակ ապրանքներ ենք արտահանելու, մենք այս պահին կարող ենք դառնալ արտահանող երկիր, խթանել արտահանումը»,- նշեց նա:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս