Ինչպիսի՞ մարմինը պետք է որակում տա՝ քաղբանտարկյա՞լ է անձը, թե՞ ոչ
ԵԽԽՎ-ն «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման հարցով դիմել է անդամ բոլոր երկրներին՝ վերանայելու, թե արդյոք ԵԽ անդամ երկրներում ոտնահարվո՞ւմ են մարդու իրավունքները այս կամ այն չափով, և որևէ երկիր այնպես հաշվի չի առնում այս փաստաթուղթը, ինչպես Հայաստանում: Նման տեսակետ այսօր «ՀՀ կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ» թեմայով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ սոցճամբարների երկրներ կան, որտեղ կան անաչառ դատարաններ և մարդիկ վստահում են դատարաններին, կարողանում են վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: Նա նշեց, որ ԵԽ որոշումների կատարման համար պարտադրանքի մեխանիզմ չկա, ինչպես Մաքսային միությունում է. «Նման կառույցներում չեն պարտադրում: Մենք հռչակում ենք, որ ուզում ենք, նրաք մեզ օգնում են, աջակցում են, փորձագետների են տրամադրում: Իհարկե, կա սանկցիաների մեխանիզմ, որ եթե արտառոց դեպքեր են լինում, օրինակ, Ադրբեջանի հանդեպ որոշ պահից կսկսեն պատժամիջոցներ կիրառել»:
Արզումանյանը նշեց, որ օրինակ, ՌԴ-ն ԵԱՀԿ սովորական ԶՈՒ պայմանագրից դուրս է եկել, քննարկում է ՄԻԵԴ որոշումները հաշվի չառնելու հարցը:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ մարմին պետք է որակում տա՝ քաղբանտարկյա՞լ է անձը, թե՞ ոչ:
«Որևէ մարմին չպետք է տա, ոչ մի երկիր չի համաձայնի, որ քաղբանտարկյալ ունի: Առաջին հերթին անձն ինքն է որոշում, որ քաղբանտարկյալ է»,- պատասխանեց Ա.Արզումանյանը՝ հավելելով, որ ՀԿ-ներն ու իրավապաշտպան կազմակերպությունները պետք է այդ մասին տեղեկությունները տարածեն, նաև պետք է այնպիսի հեղինակություն ձեռք բերեն, ինչպես «Amnesty international»-ն է և այլն, որ ոչ ոք կասկածի տակ չդնի նրանց որակումները:
Նա նշեց, որ Շանթի հոդվածը «խուլիգանություն» է, բայց էական չէ, թե ինչ հոդված կդնեն, էական է հասարակության համար անընդունելի լինի այս չափորոշիչների ձևակերպումը, մինչև ՀԿ-ների խոսքն ընդունվի:
Ա.Արզումանյանը կարևորեց, որ պատասխանատվության ենթարկվեն վճիռ կայացնողները, նույնիսկ իրենց գույքից փոխհատուցեն, և միաժամանակ հավելեց. «Ճիշտ է, ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե մեծամասնությունը կաջակցի նման օրինագծի ընդունմանը, բայց կաթիլը քար է տաշում: Դատավորն ինքը պետք է որոշի՝ արժանանա՞ հասարակության պարսավանքին, թե՞ իր վերադասի գովասանքին»: