Դեկտեմբերի 3-ին Վարշավայում տեղի է ունեցել հայ-լեհական գործարար սեմինար
Դեկտեմբերի 3-ին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի շրջանակում կազմակերպվել է գործարար սեմինար:
Սեմինարին մասնակցել են Լեհաստանի պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար համայնքի, այդ թվում` առևտրային կազմակերպությունների, գյուղատնտեսության, էներգետիկայի, դեղագործության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտների շուրջ 30 լեհական ընկերությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը:
Հայ-լեհական գործարար կապերը միշտ աչքի են ընկել որակով և կայունությամբ և վաղուց արդեն վերածվել են ամուր բարեկամական հարաբերությունների: Հուսով եմ, այսօրվա միջոցառումը կնպաստի այդ հարաբերությունների հետագա զարգացմանը` ստեղծելով լավ հնարավորություններ ընտրելու համագործակցության նոր ուղղություններ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Մենք պետք է ձեռնարկենք բոլոր միջոցները խթանելու տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ կապերի ամրապնդումը, ինչպես նաև քննարկելու բոլոր այն խնդիրները, որոնք ի հայտ են գալիս համագործակցության ընթացքում: Այսօր մենք ունենք իրական հնարավորություններ կարևոր քայլ կատարելու նաև մեր երկրների միջև ներդրումային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Հենց դրան էլ կոչված է այս միջոցառումը, -իր ողջույնի խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Հայկական կողմը երկրի տնտեսության վերաբերյալ շնորհանդեսում ներկայացրել է Հայաստանի ներդրումային օրենսդրությունը, երկրում գործող ազատ տնտեսական գոտիները, ինչպես նաև գործարար միջավայրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտը:
Լեհ գործարարներն իրենց հերթին ևս համառոտ տեղեկացրել են իրենց գործունեության մասին և ներկայացրել Հայաստանում գործելու հետաքրքրությունները:
Հանդիպման ընթացքում լեհ գործարարների կողմից հնչեցված բոլոր հարցադրումներին տրվել են հանգամանալից պարզաբանումներ և պատասխաններ:
Գործարար սեմինարի ընթացքում հստակեցվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, դրանք են՝ գյուղատնտեսության, էներգետիկայի` այդ թվում գեոթերմիկ, հիդրո, արեգակնային էներգետիկայի բնագավառները, ինչպես նաև ՀՀ տարածքում հողմնային կայանների ստեղծման հնարավորությունները, առողջապահության, դեղագործության, կենսատեխնոլոգիայի, զբոսաշրջության և այլ ոլորտները: