Ռուսաստանը ԼՂ-ի հարցում նախկինի նման շարունակելու է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին. Լավրով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը նախկինի նման օգնելու է Հայաստանին ու Ադրբեջանին` գտնելու համար Ղարաբաղյան կարգավորման շուրջ համընդհանուր ընդունելի պայմանավորվածություններ:
Այս մասին ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վաղեմի ու բարդ գործընթաց է: Վստահ եմ, որ մենք ու ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մեր գործընկերները նախկինի նման օգնելու են Հայաստանին ու Ադրբեջանին` գտնելու համար համընդհանուր ընդունելի պայմանավորվածություններ»:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն մի քանի տարի է, ինչ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահողների հետ զբաղվում է նրանով, որ այդ խնդրի հանդեպ մոտեցումները հանգեցնեն ընդհանուր հայտարարի, որպեսզի հնարավոր լինի սկսել պայմանավորվել տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանք ցուցաբերելու ֆիքսված սկզբունքների գործնական կիրառման շուրջ.
«Դա շատ բարդ գործընթաց է, սակայն այն շարունակվում է: Ինչ վերաբերում է պատանդների խնդրին, ապա մենք լրջորեն ենք վերաբերվում դրան: Ես չեմ կարող ներկայումս տեղեկատվություն տալ կոնկրետ դեպքերի մասին, քանի որ ես չեմ տիրապետում դրան, սակայն մենք կողմ ենք, որ ազատ արձակվեն բոլոր պատանդները, տեղի ունենա նրանց փոխանակում»:
Լավրովը հիշատակել է 2010 թվականին Աստրախանում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների գագաթաժողովում ընդունված հայտարարությունը, որն առնչվում է հենց տվյալ խնդրին.
«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պարտավորվել են ստեղծել մեխանիզմ, որը հնարավորություն կտա պատանդ վերցնելու դեպքում իրականացնել նրանց փոխանակում, իսկ եթե կան սպանվածներ, ապա` կատարել դիերի փոխանակում: Հուսով եմ, որ այդ հայտարարությունը կընդունվի` հաշվի առնելով այդ տարածաշրջանում շփման գծում կողմերի գործնական քայլերը»: