Աշոտ Մանուչարյան. «Մհեր Սեդրակյանը ճշմարիտ է ասել. ընթացիկ ընտրանին միշտ գտնվում է ինչ-որ մեկի տակ»

Ինքնիշխանությունը մարդու համար բացարձակ հրամայական է, և եթե մարդ ինքնիշխանություն չունի, մարդ մնալ չի կարող, այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի, նաև «Հայաստան» ժողովրդական շարժման խորհրդի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Այսօր աշխարհը նրան հիշեցնում է Տիտանիկ նավը, որտեղ «աշխարհը կառավարողները» կամ «ընթացիկ ընտրանին» զվարճանում են և խաղաթուղթ խաղում, մինչդեռ նավը գնում է դեպի աղետ: Հայաստանի «ընթացիկ ընտրանին», ըստ Մանուչարյանի փոխաբերության, նույնպես սենյակ ունի այդ նավում: Այդ ընտրանու ներկայացուցիչները, այսինքն` քաղաքական գործիչները նույնպես խաղաթուղթ են խաղում` իրար հետ վիճելով, թե ով է լինելու այդ «կազինոյի» ղեկավարը:

Այսպես Աշոտ Մանուչարյանը բնութագրեց իշխանության և «ոչ իշխանության» միջև ներկայիս պայքարը Հայաստանում:

«Ինձ հարցերը տալիս են միայն հայկական կազինոյից, ոչ ոք չի հարցնում` նավին ի՞նչ աղետ է սպասվում, ի՞նչպես կազմակերպել, ի՞նչ խնդիրներ կան: Բոլորին միայն հետաքրքրում է` ո՞վ է հաղթելու, ո՞վ է գրավը տանելու, ո՞վ կկարողանա այդ կազինոյի տերը դառնալ: Սա է մեր խոսակցությունը»,- շարունակեց նա:

Կարդացեք նաև

Իրական ընտրանին, Մանուչարյանի կարծիքով, նա է, ով տեսնելով վտանգները, փորձում է կազմակերպել «նավի» ժողովրդին, որ նավն աղետի չենթարկվի, ժողովուրդը փրկվի:

Ըստ նրա` պետությանը հարկավոր է ուղեղ, ազգային անվտանգության իսկական համակարգ. «Մեր ԿԳԲ-ն որ փոխեցին, ինչ-որ անհեթեթ անվանում դրեցին` Ազգային անվտանգության ծառայություն: Դա Ազգային անվտանգության ծառայություն չի: Գորիկ Հակոբյանը ղեկավարում է հետախուզություն-հակահետախուզությունը: Ազգային անվտանգությունը ղեկավարում էր Արթուր Բաղդասարյանը, և քանի որ դա լրիվ անպետք բան է, դրա համար էլ այժմ այն ղեկավար չունի, որովհետև մեր ինչի՞ն է պետք մտածել. արտաքին քեռիները մեզ կասեն` ինչ անել: Դա պետության ուղեղն է, գոնե այսօրվա ընտրանին կարող էր դա հասկանալ: Դա ազգային անվտանգություն է, ոչ թե պետական, առավել ևս ոչ իշխանական անվտանգության, որովհետև անվտանգության խնդիրը վերաբերում է ողջ ժողովրդին»:

Աշոտ Մանուչարյանն ավելացրեց, որ վերջերս հռչակված «Հայաստան» շարժումը  փորձելու է հենց այսպիսի խնդիրներ լուծել` կազմակերպել պետության հավաքական ուղեղը, համախմբել ժողովրդին և օգտագործել  նրա պոտենցիալը:

Իսկ որքանո՞վ է հիմնավոր Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցման կողմնակից ուժերի` իշխանականների և «ոչ իշխանականների» բացատրությունը, թե Հայաստանը այլընտրանք չի ունեցել, և եթե այլընտրանք չկա, արդյոք դա չի՞ նշանակում, որ պետություն էլ չկա:

Պատասխանելով մեր հարցադրմանը` Մանուչարյանն ասաց, որ նրանք սխալ են արել, երբ ասել են Հայաստան, որովհետև պետք է ասեին Հայաստանի Հանրապետություն և ընթացիկ էլիտա, որն, իրոք, ընտրություն չուներ, որովհետև զբաղվել է այն ամենով, ինչն ինքը նկարագրեց վերևում:

Եթե Հայաստանի քաղաքական էլիտան ուրիշ բանով զբաղվեր, օրինակ` ստեղծեր Հայաստանի անվտանգության այլընտրանքային համակարգ, այդ դեպքում ընտրություն կլիներ. «Ես մի քանի անգամ ներկայացրել եմ Հայաստանի անվտանգության համակարգի լրիվ այլ հայեցակարգ: Հայաստանը համադրման տեղ է, աշխարհն այսօր համադրման հսկայական կարիք ունի. երկրներն իրար չեն վստահում, բոլորը բոլորի դեմ պատերազմում են: Իսկ եթե կա համադրող համակարգ, դա շատ թանկ արժի: Մենք համադրման տեղ ենք` մեր ճակատագրի հետևանքով: Ես չեմ ասում` ինքնակոչ գնանք ասենք` գիտես, Ամերիկա, եկել ենք քո ու Ռուսաստանի մեջ կամուրջ ստեղծել: Ո´չ, բայց մենք շատ լավ տեսնում ենք, որ նրանք այդ կամուրջների կարիքն ունեն»:

Աշոտ Մանուչարյանը «ընթացիկ ընտրանու» տրամաբանության մեջ է դիտում նաև իշխող Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի երեկվա սկանդալային հայտարարությունը: Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ քվեարկելու իր որոշումը բացատրել էր իր այն համոզմունքով, որ «ավելի լավ է` Ռուսաստանի լծի տակ մնանք»: Նա հայտարարել էր, թե «առանց ռուս ազգի մենք չենք կարող գոյատևել», և անգամ կարծիք հայտնել, թե «Ղարաբաղը ռուսներն են մեզ համար պահել»:

Մանուչարյանը նախևառաջ մեզ խորհուրդ տվեց միառժամանակ խորհրդարան չգնալ, ապա ավելացրեց. «Դուք ասացիք մի բան, որը ընթացիկ ընտրանու մշտական գաղափարախոսությունն է: Իրենց համար իրո´ք այդպես է: Մհեր Սեդրակյանը բացարձակապես ճշմարիտ է ասել. ընթացիկ ընտրանին միշտ գտնվում է ինչ-որ մեկի տակ: Նա իրական ընտրանի չի: Եթե դու մարդ ես, ինքնիշխանությունը քեզ համար բացարձակ հրամայական է: Եթե ինքնիշխանություն չունես, մարդ մնալ չես կարող, դու դավաճանել ես քո ինքնությունը, մշակույթը: Դու արդեն վերածվում ես ինչ-որ մի ռոբոտի: Ուրիշ բան է, որ երկրների, ժողովուրդների հետ, իհարկե, պետք է ունենալ հարաբերություններ, բայց սեփական հենքի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս