Եռյակն իրականում եռյակ չէ, դա ԲՀԿ-ն է՝ ավելի ընդլայնված կազմով. Խոսրով Հարությունյան
«Եռյակը մի շատ կարևոր առանձնահատկություն ունի, մենք ասում ենք եռյակ, բայց դա իրականում եռյակ չէ, դա «Բարգավաճ Հայաստանն» է ավելի ընդլայնված կազմով»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ խոսելով ոչ իշխանական եռյակի մասին:
Ըստ Խ. Հարությունյանի՝ եռյակի մեջ մյուս երկուսը փորձում են, սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար, օգտագործել «Բարգավաճ Հայաստանի» և՛ ֆինանսական, և՛ քաղաքական, և՛ այլ ռեսուրսները. «Պատահական չէր, որ «Բարգավաճ Հայաստանն» ասաց՝ ես մարտավարության այս մոդելն եմ ընտրում, մնացածն էլ ստիպված համաձայնեցին, որովհետև չհամաձայնել «Բարգավաճ Հայաստանի» հետ, նշանակում է՝ հայտնվել մարգինալ վիճակում, դա վերաբերվում է և՛ «Ժառանգությանը», և՛ ՀԱԿ-ին:
Հիշեցնենք, որ Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հանրությանը հրավիրել է քաղաքացիական հանդիպման:
168.am-ը հետաքրքրվեց Խ. Հարությունյանից՝ Րաֆֆի Հովհաննսիյանի այդ քայլն արդյոք չի՞ նշանակում, որ եռյակը պառակտվել է։
«Րաֆֆի Հովհաննիսյանը իր լավագույն հնարավորությունը կորցրել է արդեն: 2013 թվականից հետո, եթե նա նստեր բանակցային սեղանի շուրջ, նա կունենար ռեալ հնարավորություն՝ 540 հազարանոց քաղաքական պոտենցիալն արդյունավետ օգտագործել: Նա խուսափեց, չգիտակցեց դրա կարևորությունը: Արդյունքում՝ Երևանի քաղաքապետարանի ընտրություններում մի կերպ 5%-ի շեմը հաղթահարեց: Հիմա նա փորձում է սեփական քաղաքական դեմքը, դիրքը վերականգնել: Կհաջողվի, թե ոչ` չեմ կարող ասել: Ես կուզենայի, որ հաջողվեր, որովհետև մեզ պետք են առողջ քաղաքական ուժեր»,- պատասխանեց պատգամավորը:
Մեր այն հարցին էլ՝ ըստ Ձեզ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ նախաձեռնությունը «Ժառանգության»՝ եռյակի մյուս ուժերի հետ հարաբերությունների վրա ինչպե՞ս կանդրադառնա, Խ.Հարությունյանը պատասխանեց, որ ինքը շատ դժվարությամբ կմեկնաբանի միջանձնային, միջկուսակցական հարաբերություննը եռյակի ներսում, որովհետև ինքը լավ չի տիրապետում այդ միջավայրին. «Նրանք այնքան տարբեր են միմյանցից, որ երբեմն նույնիսկ զարմանում ես, որ նրանք նույն սեղանի շուրջն են նստած: Չեմ կարող մեկանաբանել, նրանց ցեմենտող միայն մի բան կա՝ Սերժ Սարգսյանը, չե՞ք նկատում»: