«Հայաստանում հիմա արդեն ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմությունն է ձևավորվում Կրեմլում»

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է` Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու իր նախաձեռնությամբ՝ փորձում էր լյուստրացիա անել: Մեզ հետ զրույցում քաղաքագետը տեսակետ հայտնեց, թե ինքը չի հասկանում` ինչո՞ւ ոչ իշխանական եռյակը` շատ լավ իմանալով, որ այդ նախագիծը չի անցնելու, չմիացավ այս նախաձեռնությանը` ցույց տալու համար, որ ինքն իսկապես ընդդիմադիր է: Ըստ քաղաքագետի` նրանք վախենում էին հենց ընդդիմադիր կոչվելուց:

Մեր հարցին` այդ դեպքում ինչպե՞ս են ամբողջական իշխանափոխության կոչեր անում հարթակից, Ա. Ենոքյանը պատասխանեց, թե եռյակի ներկայացուցիչներն ամբողջական իշխանափոխության մասին խոսում են, բայց չեն սահմանում, թե դա ինչ է նշանակում. «Եթե այդ ամբողջական իշխանափոխության մեջ չի մտնում նախագահի հրաժարականը, այդ դեպքում պետք է հասկանալ, թե ինչ է այն նշանակում»:

– Ըստ Ձեզ` կա՞ն համապատասխան հիմքեր նախագահին իմպիչմենտի ենթարկելու գործընթացի համար:

– Հայաստանում միշտ էլ ընտրությունները եղել են խնդրահարույց, ու հիմքեր միշտ էլ կգտնվեն: Մանավանդ, որ իմպիչմենտ ասվածն ավելի շատ քաղաքական պրոցես է:

Կարդացեք նաև

– Ինչքանո՞վ է իրատեսական Հայաստանում նախագահին իմպիչմենտի ենթարկելը:

– Տվյալ պահին դա համարում եմ բացարձակ ոչ իրատեսական, բայց եթե այս պրոցեսը, որը սկսվել է, այս մի ակցիայով է արտահայտվելու, իհարկե, դա ես չեմ ընդունում: Այսինքն` եթե չկա այս ամեն ինչի շարունակությունը, սա ավելի շատ ակցիայի է նմանվում:

– Նիկոլ Փաշինյանն ասում է` մեկ տարի շրջանառության մեջ է լինելու այդ փաստաթուղթը: Հնարավո՞ր է` այդ մեկ տարվա ընթացքում պատգամավորները փոխեն իրենց տեսակետներն այս հարցի շուրջ ու միանան նախագծին:

– Շատ բարդ է ասել, որովհետև մենք գտնվում ենք շատ դինամիկ իրավիճակում, որովհետև Հայաստանի ներքաղաքական խնդիրներն էական արտաքին քաղաքական շերտ ունեն: Դրա համար դժվար է ասել, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ կկատարվի Ռուսաստանում, և ինչ փոփոխություններ կլինեն Հայաստանում:

– Ուզում եք ասել` Ռուսաստանում կատարվող փոփոխությունների՞ց է կախված, թե ինչ կկատարվի մեզ մոտ:

– Իհարկե, մեզ մոտ իշխանություններն արդեն շատ վաղուց ձևավորվում են Ռուսաստանում` Կրեմլում: Հետաքրքիրն այն է, որ հիմա ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմությունն է ձևավորվում Կրեմլում:

– Նկատի ունեք եռյակի՞ն:

– Այո՛, նկատի ունեմ եռյակին:

– Ձեր կարծիքով` ինչպե՞ս կանդրադառնա իմպիչմենտի նախագիծը նախագահի վարկանիշի վրա:

– Հայաստանում նախագահի վարկանիշը մի քիչ բարդ հասկացություն է: Երևի թե կամրացնի իր կուսակիցների շրջանակում և մյուսների մոտ: Այն, որ ոչ ոք չի միանում այս առաջարկին, ցույց է տալիս, որ նախագահն անխոցելի է, գոնե` ներկա քաղաքական իրավիճակում:

– Այսինքն` այդ նախագիծը նախագահի վարկանիշի վրա անգամ դրական ազդեցությո՞ւն կունենա:

– Այո, հնարավոր է` դրական ազդեցություն ունենա:

– Իսկ եռյակի վարկանիշի վրա ինչպե՞ս կարող է անդրադառնալ:

– Բնականաբար` բացասական, որովհետև այդ տարբեր հայտարարություններից ու միտինգներից հետո, փաստորեն, միակ իշխանափոխությանն ուղղված քայլն էր, որը նրանք չարեցին:

– Եռյակի ապագայի հետ կապված ի՞նչ կանխատեսումներ կարող եք անել:

– Կարծես թե եռյակի ապագան արդեն պրծավ: Եթե հիշում եք, սկզբնական շրջանում քառյակ էր, հիմա ինչ-որ կիսատ-պռատ եռյակ է մնացել, որը, պարզ չէ` ինչով է զբաղվելու: Րաֆֆի Հովհաննիսյանի առանձին հանրահավաքը, հանրահավաքներին հնչեցրած նրանց հայտարարությունները խոսում են այն մասին, որ եռյակն արդեն իսկ պառակտված է:

Տեսանյութեր

Լրահոս