
Էթնիկ պատկանելության վերաբերյալ վրացական հրապարակումներում թշնամական լեզուն ամենաշատը կիրառվում է հայերի և ռուսների նկատմամբ. Բ. Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց նաև վրացական լրատվամիջոցներում թշնամական լեզվի կիրառման հետ կապված հետազոտությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ հետազոտությունը կատարվել է 3 երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Այն կատարվել է այս տարվա հոկտեմբեր ամսին: Յուրաքանչյուր երկրում հետազոտություն իրականացնելու համար վերցրել են 6 լրատվամիջոց՝ 2-ական հեռուստաալիք, 2-ական տպագիր թերթ և 2-ական օնլայն լրատվամիջոց:
Իսկ որպես թշնամության լեզու՝ հետազոտող խումբը վերցրել է Եվրոպայի խորհրդի կողմից մշակված ձևակերպումը. «Թշնամության լեզուն ցանկացած էմոցիոնալ, բացասական երանգներ պարունակող հրապարակումները կամ ձևակերպումներն են, որոնք միտված են այս կամ այն խմբերի խտրականության, բռնության կոչերի և այլն»:
Վրաստանում ներքին քաղաքական թեմայով հրապարակումներում թշնամական լեզուն ամենաշատն է կիրառվում: Ըստ Բ. Նավասարդյանի՝ այնտեղ բավականին շատ խմորումներ կան, որն արտահայտվում է լրատվամիջոցներում՝ թշնամության լեզվի օգտագործմամբ:
Բ. Նավասարդյանը տեղեկացրեց, որ թշնամական լեզվի կիրառման առումով երկրորդ տեղում են էթնիկ պատկանելության հետ կապված նյութերը, որտեղ հայերն ու ռուսները առաջին տեղերում են. «Հետո՝ չինացիներ, թուրքեր, ադրբեջանցիներ և հույներ: Ընդ որում, չինացիները հայտնվել են այս տարածաշրջանում վաղուց ներկայացված էթնիկ խմբերի հետ միասին այն պատճառով, որ բավականին ակտիվ տնտեսական գործունեություն են այսօր ծավալում Վրաստանում, և դա որոշակի տագնապ է առաջանցնում վրացական հասարակությունում, և դա բնականաբար արտացոլվում է նաև մամուլի հրապարակումներում»:
Վրացական լրատվամիջոցներում թշնամական լեզվի կիրառման առումով երրորդ տեղում են միջազգային հարաբերությունների հետ կապված նյութերը. «Այդ նյութերի կենտրոնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է»:
Բ. Նավասարդյանի համար մի քիչ զարմանալի է, որ գենդերային փոքրամասնությունների և կրոնական համայնքների հետ կապված թշնամության լեզուն բոլոր 3 երկրներում էլ բավականին քիչ էր: