Ադրբեջանական լրատվամիջոցներում թշնամական լեզվի 54.7%-ը վերաբերվում է հայերին (տեսանյութ)

Ադրբեջանական լրատավամիջոցներում ատելության կամ թշնամության լեզուն ամենաշատը օգտագործվում էթնիկ խմբերի, մասնավորապես, հայերի նկատմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ատելության կամ թշնամության լեզվի դրսևորումների հետ կապված իրենց հետազոտությունները՝ ադրբեջանական, հայկական և վրացական լրատվամիջոցներում:

Նա պարզաբանեց, որ իրենց հետազոտության համար հիմք է հանդիսացել այն, որ վերջին մեկուկես տարիների ընթացքում տեղեկատվական պատերազմների տարբեր դրսևորումները գլոբալ լրատվամիջոցներում ակնհայտ են դարձել. «Ատելության կամ թշնամության լեզուն դառնում է բավականին մեծ ծավալ ունեցող երևույթ լրատվամիջոցների գործունեության մեջ, և դա է պատճառը, որ մենք որոշեցինք իրականացնել այդ հետազոտությունը: Այդ նախաձեռնությունը հետաքրքրեց նաև «Դոլչե Վելի» ակադեմիային: Մեր համատեղ պայմանավորվածությամբ հետազոտությունն անցկացվեց հոկտեմբեր ամսվա ընթացքում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում»:

Որպես թշնամության լեզու` հետազոտող խումբը վերցրել է այն ձևակերպումը, որը մշակված է Եվրոպայի խորհրդի կողմից. «Թշնամության լեզուն ցանկացած էմոցիոնալ, բացասական երանգներ պարունակող հրապարակումները կամ ձևակերպումներն են, որոնք միտված են այս կամ այն խմբերի խտրականության, բռնության կոչերի և այլն»:

Հետազոտության համար բոլոր 3 երկրներում վերցրել են 6 լրատվամիջոց՝ 2-ական հեռուստաալիք, 2-ական տպագիր թերթ և 2-ական օնլայն լրատվամիջոց:

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում իրենց կողմից կատարված  հետազոտություններին՝ Բ. Նավասարդյանը նշեց, որ այնտեղ թշնամական լեզուն լրատվամիջոցներում դրսևորվում է առավելապես էթնիկ խմբերի նկատմամբ. «Այստեղ, իհարկե, առաջին հերթին խոսքը գնում է հայերի մասին: Այսինքն՝ հիմնականում, թշնամական լեզուն կիրառվում է հայերի նկատմամբ. այն կազմում էր ընդհանուր հրապարակումների 54.7%-ը, որտեղ թշնամության լեզուն առկա էր: Այդ երևույթները երևում են հիմնականում տպագիր թերթերում»:

Բ. Նավասարդյանի խոսքով՝ լրատվամիջոցներում թշնամական լեզվի կիրառման առումով՝ երկրորդ տեղում է Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքը. «Ընդ որում, եթե ներքին քաղաքական կյանքի առումով 2013  թվականին հիմնական թիրախը հանդիսանում էր ընդդիմությունը, և հիմնականում իշխանամետ լրատվամիջոցներն էին, որ թշնամության լեզու էին օգտագործում քաղաքական ընդդիմության նկատմամբ, ապա այս փուլում, վերջին ամիսներին, արդեն ավելի շատ տարբեր ընդդիմադիր կառույցներն ու խմբավորումներն էին լեզվակռվի մեջ մտնում իրար հետ՝ հանգիստ թողնելով իշխանություններին, իշխանությունն էլ իր հերթին հանգիստ է թողնում ընդդիմությանը»:

Ադրբեջանական լրատվամիջոցներում թշնամության լեզվի կիրառման երրորդ տեղում է միջազգային կառույցներին, միջազգային հարաբերություններին վերաբերվող հրապարակումները: Բ. Նավասարդյանը նշեց, որ այնտեղ առաջին հերթին այնպիսի հրապարակումներ են, որտեղ թշնամական վերաբերմունքի է առաջնում առաջին հերթին Ռուսաստանը, հետո՝ Հայաստանը. «Բավականին շատ է նաև քննադատությունը եվրոպական և այլ արևմտյան կառույցների, միջազգային կազմակերպությունների նկատմամբ, ինչպիսիք են Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն և ԵԱՀԿ-ն: Պատճառն այն է, որ նրանք լուրջ քննադատական հայտարարություններ են արել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների  վիճակի վերաբերյալ և պատասխան գրոհի են արժանացել»:

Ըստ հետազոտության արդյունքների՝ Ադրբեջանի դեպքում թշնամության լեզու պարունակող ձևակերպումների և հայտարարությունների աղբյուրը պաշտոնական անձինք են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս