ՀՀ վարչապետը՝ «Նաիրիտի» աշխատակիցների բողոքի ակցիայի մասին. «Մենք հնարավորության սահմաններում փորձելու ենք անպայման օգտակար լինել» (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե «Նաիրիտի» հարցով զբաղվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Վարչապետը հերքեց, թե Զախարյանը խոսատացել է, որ աշխատավարձի ամբողջ պարտքը կմարվի. «Նման խոստում չի եղել: Ասել էր՝ փորձելու ենք: Փորձելը խոստումից տարանջատեք: Մենք հնարավորության սահմաններում փորձելու ենք անպայման օգտակար լինել: Եվ մենք վճարելու ենք, ինչպես նախարարը հայտարարեց, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը կլինեն»:
Միաժամանակ նա հավելեց, թե կտրկանապես դեմ է, որ չաշխատող գորածարանի տնօրենը ստանա 2 մլն 600 հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը՝ 2 մլն 300 հազար դրամ աշխատավարձ. «Առաջինը հենց տնօրենների խորհուրդը պետք է այդ հարցը վերանայեր: Չորսը տարի այդ գործարանը չի աշխատում, հիմա մեզ առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որը կուտակվել է անհիմն»:
«Նաիրիտի» վերագործարկման մասին Հովիկ Աբրահամյանը նշեց. «Մենք խնդրել ենք Համաշխարհային բանկին, որպեսզի իրենք հրավիրեն միջազգային փորձագետներ և տան առաջարկներ: Ինձ փոխանցել են, որ մինչև փետրվար-մարտ ամիս առաջարկները կլինեն, և մենք կորոշենք «Նաիրիտի» ճակատագիրը: Եթե հնարավորություն կլինի աշխատեցնելու, կառավարությունը կաջակցի այդ գործընթացին»: