«Այն լրատվամիջոցները, որոնք իշխանություններին առանձնապես չէին քննադատում, չէին քննադատում նաև ԲՀԿ-ին». Բորիս Նավասարդյան (տեսանյութ)
Այսօրվա ասուլիսում` ներկայացնելով հայաստանյան լրատվամիջոցներում ատելության կամ թշնամության լեզվի դրսևորումների հետ կապված իրենց հետազոտությունների արդյունքները՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասրադյանը տեղեկացրեց, որ Հայաստանում հիմնական թեման, որտեղ թշնամության լեզու է օգտագործվում լրատվամիջոցներում ներքին քաղաքական հակասություններն են:
Հիշեցնենք, որ հետազոտությունը կատարվել է 3 երկրեներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Այն կատարվել է այս տարվա հոկտեմբեր ամսին: Ամեն երկրում հետազոտություն իրականացնելու համար վերցրել են 6 լրատվամիջոց՝ 2-ական հեռուստաալիք, 2-ական տպագիր թերթ և 2-ական օնլայն լրատվամիջոց:
Իսկ որպես թշնամության լեզու՝ հետազոտող խումբը վերցրել է Եվրոպայի խորհրդի կողմից մշակված ձևակերպումը. «Թշնամության լեզուն ցանկացած էմոցիոնալ, բացասական երանգներ պարունակող հրապարակումները կամ ձևակերպումներն են, որոնք միտված են այս կամ այն խմբերի խտրականության, բռնության կոչերի և այլն»:
Հայաստանում ուսումնասիրվող հեռուստաընկերություններն են՝ Հ1-ը, «Արմենիա»-ն, թերթերից՝ «Առավոտը» և «Голос Армении»-ն, իսկ օնլայն լրատվամիջոցներից՝ lragir.am-ը և news.am-ը:
Բ. Նավասարդյանը տեղեկացրեց, որ հրապարակումներում, որտեղ ընդհանրապես արձանագրվել է թշնամության լեզուն, մոտավորապես՝ 60%-ը վերաբերվում է ներքին քաղաքական հակամարտություններին, հակասություններին: Նրա խոսքով՝ ընդդիմությունը և իշխանությունները բավականին լուրջ քննադատության էին ենթարկվում՝ թշնամական լեզվի օգտագործմամբ.
«Եթե խոսքը գնում է իշխանությունների նկատմամբ այդ ագրեսիվության դրսևորումներին, ապա հոկտեմբերին, երբ իրականացվում էր հետազոտությունը, այն հիմնականում կապվում էր Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելու և Շանթ Հարությունյանին դատապարտելու համատեքստում»:
Խոսելով ընդդիմության նկատմամբ կիրառվող թշնամական լեզվի մասին՝ Բ.Նավասարդյանը մի հետաքրքիր միտում է արձանագրել. «Այն լրատվամիջոցները, որոնք իշխանություններին առանձնապես չէին քննադատում, ապա այդ լրատվամիջոցներում չէր քննադատվում նաև ընդդիմադիր քառյակից «Բարգավաճ Հայաստանը»: Եթե լրատվամիջոցները քննադատում էին հիմնականում իշխանություններին, ապա այնտեղ «Բարգավաճ Հայաստանը» նույնիսկ ավելի շատ էր արժանանում ագրեսիվ լուսաբանման, քան, ասենք, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: Ինձ թվում է՝ սա շատ հետաքրքիր դիտարկում է, որը շատ բան է բացատրում նաև մեր ներքին քաղաքական կյանքի վերլուծության առումով»:
Հայկական լրատվամիջոցներում թշնամական լեզվի կիրառման երկրորդ տեղում է էթնիկ խմբերի նկատմամբ կամ տարբեր էթոսների նկատմամբ թշնամության լեզվի օգտագործումը. «Այստեղ հետաքրքիր է, որ մեր ուսումնասիրած լրատվամիջոցներից բոլորից շատ ակնհայտորեն առաջնորդն այդ առումով «Голос Армении» թերթն է (40%), իսկ այն լրատվամիջոցը, որն ընդհանրապես էթնիկ պատկանելության հողի վրա որևէ թշնամության լեզու չի օգտագործել՝ lragir.am կայքն էր (0%): Բնականաբար, առաջին տեղերում են ադրբեջանցիների և թուրքերի նկատմամբ թշնամական լեզվի կիրառման դրսևորումները հայկական մամուլում: Մնացած էթնիկ խմբերի նկատմամբ, կարծես, որևէ արտահայատված բացասական վերաբերմունք չի արձանագրվել»:
Իսկ թշնամական լեզվի կիրառման երրորդ տեղում են միջազգային ուղղվածության նութերը. «Մենք այս թեմատիկ խմբի մեջ ներառել ենք նաև նույն Ադրբեջանին և Թուրքիային վերաբերող նյութերը, որոնք կապ չունեն Հայաստանի հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում: