Բաժիններ՝

«Արմենտել»-ի նախկին տնօրենը դատի է տալու մի շարք լրատվամիջոցների

«Արմենտել» ընկերության նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն ֆեյսուքի իր էջում հայտարարություն է տեղադրել՝ ուղղված հայաստանյան որոշ կայքերի և ընթերցողներին։ Հիշեցնենք, որ 2009-2013թթ. «ԱրմենՏելի» տնօրենի պաշտոնը զբաղեցրած Իգոր Կլիմկոն կասկածվում է մի քանի միլիոն դոլար յուրացնելու մեջ և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրգործով գտնվում է հետախուզման մեջ։

Այս կապակցությամբ Կլիմկոն գրել է:

* * *
Հարգելի լրագրողներ և ընթերցողներ, ֆեյսբուքյան ընկերներ

Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայկական մի քանի տեղեկատվական ռեսուրսներ պատվիրված ինֆորմացիոն հարձակումներ են գործում՝ ձգտելով վարկաբեկել անձամբ ինձ և 2009-2013թթ. ժամանակահատվածում «Արմենտել» ընկերությունում աշխատած մի քանի ռուսաստանցի աշխատակիցների։

Գործնականում տարվում է նպատակաուղղված տեղեկատվական պատերազմ, որը կոչված է ՌԴ քաղաքացիների վերաբերյալ բացասական հասարակական կարծիք ձևավորել՝ որպես իրավախախտներ, ստեղծել «գողերի և թալանչիների» կերպար։ Իսկ փաստացի դա նպատակ ունի շեղել հասարակության ուշադրությունը խնդիրների իրական աղբյուրներից, ավելի ճիշտ կլինի ասել՝ ծածկել որոշ գործիչների «կեղտոտ գործերը» ինչպես հենց «Արմենտել»-ի շրջանակներում, այդպես էլ դրա սահմաններից դուրս։

Միևնույն ժամանակ զարմանալի է, թե որտեղից են այդ ռեսուրսները տեղեկատվություն հայթայթում, եթե կա քննության գաղտնիություն։ Սենսացիաների ետևից ընկած մյուս ԶԼՄ-ները առանց մտածելու վերատպում կամ սեփական մեկնաբանությամբ մատուցում են այդ հոդվածները, տալիս են չստուգված և կեղծ տեղեկատվություն և դրանով նպաստում բացասական հասարակական կարծիքի ձևավորմանը՝ մոռանալով, որ անմեղության կանխավարկածը ոչ ոք չի վերացրել։

Սրա հետ կապված՝ ուզում եմ տեղեկացնել, որ պատրաստվում եմ պատվի, արժանապատվության և գործարար համբավը պաշտպանելու նպատակով մի քանի հայց ներկայացնել տեղեկատվական ռեսուրսների դեմ, որոնք նախաձեռնում են այդ հրապարակումները։

Ցանկանում եմ նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայաստանյան իրավապահ մարմիններն արդեն 4 ամիս ապօրինի ձևով ինձ զրկում են պաշտպանվելու իրավունքից՝ թույլ չտալով տվյալ գործին փաստաբաններ հրավիրել։ Նաև դատական հայց եմ ներկայացնելու՝ պաշտպանվելու իմ սահմանադրական իրավունքը վերականգնելու նպատակով։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ խնդրում եմ հարգարժան լրագրողներին և ընթերցողներին հարգանքով և ըմբռնումով մոտենալ իմ իրավունքներին, ինչպես նաև այն միջոցներին, որոնք ձեռնարկելու եմ դրանց պաշտպանության համար։

Հարգանքով

Իգոր Կլիմկո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս