Բաժիններ՝

Արտահանման ԴՐԱՄան

Դրամի արժեզրկմանն անմիջապես հաջորդեց ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարությունը, որում, ի թիվս այլ բաների, նշված էր, որ արժեզրկումը նպաստում է Հայաստանի արտահանման մրցունակության բարձրացմանը։ Այս հայտարարությանը հետևեցին միայն պետական կառույցների, պաշտոնյաների, նաև մի շարք անկախ փորձագետների և գործիչների լավատեսական կանխատեսումները` նույն տրամաբանության մեջ։ Այսինքն` փորձում են համոզել, որ տեղի ունեցողը բավականին դրական երևույթ է։

Իհարկե, դասագրքային ճշմարտություն է, որ սեփական արժույթի արժեզրկումը ձեռնտու է տեղական արտադրող-արտահանողին: Քանի որ ոչ բոլոր ընթերցողներն են տնտեսագիտության դասագրքեր կարդացել, մի պարզ օրինակով ցույց տանք, թե ինչպես է շահում արտահանողը դրամի արժեզրկման դեպքում։

Ենթադրենք, X ընկերությունը Հայաստանում արտադրում է աթոռներ և արտահանում։
Ծախսերը կատարում է դրամով, և 1 աթոռի ինքնարժեքը 10000 դրամ է։ Տարվա սկզբին դոլարի փոխարժեքը 405 դրամ էր, մեկ աթոռի ինքնարժեքը` 24.7 դոլար։ Այսօր փոխարժեքը 440 դրամ է։ Ու եթե աթոռ արտադրելու ծախսերը դրամով մնացել են նույնը (աշխատավարձը, հումքի և վառելիքի գինը), ապա ինքնարժեքն արդեն 22.7 դոլար է` երկու դոլարով պակաս։

Դրա շնորհիվ X ընկերությունը կարող է անփոփոխ թողնել իր վաճառքի գինը դոլարով և ավելի մեծ շահույթ ստանալ։ Շահույթը մեծացնելով` կարող է արդիականացնել իր արտադրանքը, դարձնել ավելի մրցունակ ու մեծացնել արտահանման ծավալները։ Եվ երկրորդ տարբերակը. կարող է իջեցնել վաճառքի գինը 2 դոլարով, գնի շնորհիվ առավելություն ձեռք բերել մրցակիցների նկատմամբ ու կրկին մեծացնել արտահանման ծավալները։

Պարզապես այս դրական էֆեկտը նկատվում է ոչ թե մեկ օրում կամ մեկ շաբաթում, այլ շատ ավելի երկարաժամկետ ժամանակահատվածում։
Հիմա մեզ ուզում են համոզել, որ այս տրամաբանությունը կաշխատի նաև մեզ մոտ, և արտահանողները կօգտվեն։ Սակայն ոչ բոլոր դասագրքային ճշմարտություններն են իրականության մեջ միանշանակ աշխատում, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։ Այո, տեսականորեն դրամի արժեզրկումը կարող էր օգուտ տալ Հայաստանի տնտեսությանն ու արտահանմանը, եթե չլինեին մի քանի «եթե»-ներ ու «բայց»-եր։

Առաջին հարցը, որ ծագում է մարդու մոտ նման լավատեսական կանխատեսումներից հետո, հետևյալն է` իսկ ի՞նչ ենք արտահանում ընդհանրապես։ Եթե խոշորացնենք, ապա արտահանում ենք հանքահումքային արտադրանք (մետաղներ), կոնյակ և սննդամթերք (այդ թվում` միրգ և բանջարեղեն)։ Մնացած արտադրատեսակների տեսակարար կշիռը չափազանց փոքր է։ Այսինքն` արտահանման պոտենցիալը թույլ է, դիվերսիֆիկացված չէ, կախված է մի քանի ուղղություններից։

Ընդ որում, հանքարդյունաբերության պարագայում ուրախանալու բան առանձնապես չկա։ Դրամի արժեզրկման արդյունքում այս ընկերությունները պարզապես փոխհատուցելու են այն վնասները, որ կրել են մետաղների գների անկման արդյունքում։
Իսկ ընդհանուր առմամբ, արժեզրկման էֆեկտն աշխատում է այն պարագայում, եթե երկրի ներսում արտադրողի ծախսերը չեն մեծանում` ապրանքի ինքնարժեքը մնում է նույնը։ Հայաստանի պարագայում նման բան գործնականում անհնար է։ Նախ, հումքի մի զգալի մասը ներմուծվում է դրսից, արտարժույթով, և, բնականաբար, թանկանալու է։ Բացի այդ, թանկանալու է վառելիքը։

Թեպետ գազային վերջին գործարքից հետո հանրապետության նախագահը հայտարարեց, որ գազի գինը առաջիկա տարիներին չի բարձրանա, իրադարձությունների զարգացումն այլ բանի մասին է հուշում։

«Գազպրոմ Արմենիան» գազը հանրապետության ներսում վաճառում է դրամով, իսկ Ռուսաստանին վճարում է դոլարով։ Այսինքն` այս ընկերությունը կորցնում է դրամի արժեզրկման արդյունքում և վաղ թե ուշ դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` փորձելով դրամի արժեզրկմանը համարժեք չափով թանկացնել գազը։

Երկրորդ, օգուտի մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ տեղի է ունենում սահուն արժեզրկում։ Դեռ 2012 թվականի մարտին Սերժ Սարգսյանը խոսում էր դրամի սահուն արժեզրկման անհրաժեշտության մասին` ընդգծելով, որ դրանից կշահի տեղական արտադրությունը և արտահանումը։ Իսկ մեզ մոտ տեղի ունեցավ կտրուկ արժեզրկում` 1 օրվա մեջ 4%։ Ընդ որում, պրոցեսը շարունակվում է և սպառնում է վերածվել խուճապի։ Իսկ խուճապային իրավիճակը ոչ ոքի օգուտ տալ չի կարող, այդ թվում` արտահանողներին։

Երրորդ, անհրաժեշտ է նայել արժեզրկման պատճառներին։ Դրամի ներկայիս արժեզրկումն անառողջ երևույթների արդյունք է, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսական վատթարացման հետևանք։ Նվազում են Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները։ Այսինքն, եթե ավելի գլոբալ նայենք` ապա խնդիրների հիմքը չափազանց մեծ կախվածությունն է Ռուսաստանից և այնտեղից եկող դրամական տրանսֆերտներից։ Արդեն երկար տարիներ է` Հայաստանի տնտեսությունը նստած է «տրանսֆերտային ասեղի վրա»։

Ու որքան շատ ենք խոսում այդ ասեղից կախվածությունը վերացնելու մասին, այնքան ավելի է այն ուժեղանում։ Ու հիմա Հայաստանի տնտեսությունը նման է մի թմրամոլի, որի «դոզան» կտրուկ քչացել է։

Կարճ ասած, դրամի արժեզրկման ներկայիս պրոցեսը ոչ մի լավ բան չի խոստանում։ Պարզապես ԿԲ-ն, կառավարությունը և մյուսները փորձում են այս ամենի մեջ դրական երանգներ գտնել ու հրամցնել հասարակությանը։ Ու տեմպի տակ ընկած` չեն նկատում, որ արժեզրկման օգուտների մասին խոսելով` բացահայտում են մի մեծ հակասություն։

Այսպես, Հայաստանի արտահանման 24%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 29.7%-ը` Եվրամիության երկրներին, մնացածը` այլ երկրներին (այդ թվում` 5.9%-ը` ԱՄՆ-ին, 6.1%-ը` Կանադային, 5.4%-ը Վրաստանին, և այլն)։

Եվրամիության և այլ երկրների հետ առևտրում մեր արտահանողները տեսականորեն կարող են շահել։ Իսկ ԱՊՀ-ի և մասնավորապես Ռուսաստանի պարագայում` ոչ։ Ռուսաստանի սեփական արժույթն ավելի զգալի չափով է արժեզրկվել։ Ռուբլին արժեզրկվել է նաև հայկական դրամի նկատմամբ` 12 դրամից հասնելով 8.5 դրամի։ Ու եթե սեփական արժույթի արժեզրկումն օգուտ է տեղական արտադրողին, ապա ՀՀ-ՌԴ առևտրի մեջ առավել շահեկան վիճակում հայտնվում են Ռուսաստանի արտադրողները։ Սրան էլ գումարենք այն, որ տնտեսական պատժամիջոցների ու նավթի գների անկման հետևանքով ՌԴ տնտեսությունը հայտնվել է աննախանձելի վիճակում, գնաճը հասնում է 7-8%-ի, բնակչության գնողունակությունը նվազել է և շարունակում է նվազել։

Սա նշանակում է, որ շուկան փոքրանում է։ Որովհետև շուկայի մեծ կամ փոքր լինելը որոշվում է ոչ թե պարզապես բնակչության թվով, այլ բնակչության գնողունակությամբ։ Փոքրացող շուկայում ոտքի տեղը պնդացնելն այնքան էլ հեշտ չէ։ Այս ամենի մասին արդեն վկայում է վիճակագրությունը. 2014 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է 4.8%-ով և կազմել 245 միլիոն դոլար։ Իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն աճել է 12%-ով` հասնելով 882.6 միլիոն դոլարի։ Իսկ ոգևորությունը, թե Հայաստանի արտահանողները կարող են այս իրավիճակում շահել և լրացնել ՌԴ շուկայում սննդամթերքի դեֆիցիտը (որն առաջացել է Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների արդյունքում), շատ արագ մարեց։

Թերևս կարող եք ասել` ի՞նչ կա որ. թող Ռուսաստանի դեպքում չշահենք (Ռուսաստանին բաժին է ընկնում արտահանման 20%-ը), փոխարենը` կշահենք մյուս երկրների հետ առևտրում։ Չի բացառվում, որ այդպես էլ լինի։ Զավեշտն այն է, որ մենք ընդամենը 27 օրից միասնական տնտեսական տարածքի մաս ենք կազմում հենց Ռուսաստանի հետ` անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը։ Թե՛ իշխանությունը, թե՛ ոչ իշխանական ուժերը հարկ չեն համարում խոսել Ռուսաստանի տնտեսական դժվարություններից ու Հայաստանի վրա դրանց ազդեցությունից։

Փոխարենը` կոչ են անում դրականը տեսնել, հնարավորինս օգուտ քաղել ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից, արտահանողներին ոգևորում են ԵՏՄ 180 միլիոնանոց շուկայով (որը գնալով փոքրանում է)։ Մյուս կողմից` խոսում են դրամի արժեզրկման օգուտի մասին, որը գոնե ԵՏՄ-ի պարագայում խիստ կասկածելի է։ Այսինքն` մտնում ենք մի միություն, որտեղից կրած վնասը հույս ունենք փոխհատուցել երրորդ երկրներից ստացվելիք օգուտներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս