Նավթային կրքերը Հայաստանում
Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նավթի համաշխարհային գներն այդքան անմիջական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ազգային դրամի փոխարժեքն այդքան կապված կլինի նավթի բորսայական արժեքի հետ:
Հիմա մենք նավթարդյունահանող երկրների նման` սրտատրոփ հետևում ենք բորսայական գնանշումներին ու սպասում ՕՊԵԿ-ի հերթական համաժողովին: Մինչդեռ մի քանի ամիս առաջ միայն մի քանի մասնագետ գիտեր, թե ի՞նչ է այդ ՕՊԵԿ ասվածը, քանի՞ երկիր է անդամակցում դրան, ինչպե՞ս են նավթ արդյունահանող` ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները կարգավորում իրենց հարաբերությունները: Հիմա բոլորս սկսել ենք ուսումնասիրել նավթի համաշխարհային շուկան: Որովհետև այն անմիջական ազդեցություն ունի ՀՀ ազգային դրամի փոխարժեքի ու ներքին շուկայում ընթացող գնաճի տենդենցների հետ:
Պատճառը ռուսական ռուբլու արժեզրկումն է ու միջազգային պատժամիջոցների հետևանքով ռուսաստանյան տնտեսության անկումը: Հենց այս երկրից հանրահայտ տրասֆերներն են մեր տարադրամի հիմնական աղբյուրը: ՌԴ-ն առայժմ լուրջ արգելքներ չի դրել տարադրամի գնման և արտահանման վրա, բայց ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին ամիսներին բանկային փոխանցումները Հայաստան հիմնականում ՌԴ ռուբլով են կատարվում: Հենց դա էլ նվազեցրել է ԱՄՆ դոլարի քանակը մեր ներքին շուկայում:
Նվազեցրել էր և անցած շաբաթվա վերջում հանգեցրեց դրամի կտրուկ արժեզրկման: Ու բոլորը հասկացան, որ դրամի արժեզրկումից ու գնաճից որևէ բան հասկանալու համար հարկավոր է հետևել նավթի բորսայական գնանշումներին: 2014թ. երկրորդ կիսամյակից նավթ արդյունահանող երկրները զգալի կորուստներ են կրում: Օրինակ` մեր հարևան Ադրբեջանը: Այդ երկրի բյուջեի եկամուտների 70 տոկոսն ապահովում է նավթագազային տնտեսությունը: Ադրբեջանի բյուջեում 2013թ. մեկ բարել նավթը հաշվարկված էր 100 դոլար փոխարժեքով:
2014թ. բյուջեում՝ 90 դոլար: Չնայած այն փաստին, որ նավթի գինը հիմա տատանվում է 75 դոլարի սահմաններում, այս երկրի եկող տարվա բյուջեի հիմքում կրկին 90 դոլարի համարժեքն է հաշվարկած: Բայց անգամ այս պարագային Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է իր տնտեսական ծրագրերի փոփոխության մասին: Այս երկրում ենթակառուցվածքների զարգացման պլանի ավարտը նախատեսված էր 2010 թվականին: Հիմա արդեն խոսվում է 2020թ. մասին, ու ակնհայտ է, որ այն վերջնաժամկետ չէ: Նավթի գների անկումը լուրջ հարված է, հատկապես, որ եկամուտների 52 տոկոսն այս ապրանքի վաճառքն է ապահովում:
Իսկ ՌԴ-ն առայժմ չի հրապարակում եկող տարիների հաշվարկի ակնկալվող համարժեքը: Այս երկրում բյուջեն կազմում են երեք տարվա կտրվածքով: Բայց մի բան ակնհայտ է, որ նավթ արդյունահանող համարյա բոլոր երկրները ստիպված են վերանայել իրենց տնտեսական ծրագրերը: Վերանայել՝ տնտեսական ծախսերը կրճատելու տեսանկյունից:
ՕՊԵԿ-ի համաժողովից առաջ նկատելի է, որ նավթի գնանկումից արդեն անհանգստացած են բոլոր՝ նույնիսկ արդյունահանող հարուստ երկրները: ՕՊԵԿ-ի անդամներն այսօր օրական արդյունահանում են 30 մլն բարել նավթ: Այս չափաբաժինը որոշվել է երեք տարի առաջ և մինչև հիմա չի վերանայվել: ՕՊԵԿ-ում ամենամեծ ազդեցություն ունեցող երկիրը՝ Սաուդյան Արաբիան, մինչև վերջերս հայտարարում էր, որ չի կրճատելու նավթի արդյունահանումը: Այս դիրքորոշման ետևում ԱՄՆ «մեղմ» հորդոր-պահանջն էր: Այն լիովին տեղավորվում էր ՌԴ միջազգային պատժամիջոցների շրջանակում: ՌԴ նախագահ Պուտինն իր վերջին շրջանի բոլոր ելույթներում շուտասելուկի նման անընդհատ կրկնում է, որ «անթույլատրելի է քաղաքական նպատակներով նավթի գին որոշելը», որ դա «վայել չէ շուկայական տնտեսությանը», ու էլի նման մտքեր: Հիմա՝ ձմռան շեմին, ինչ-որ բան փոխվում է:
Համաշխարհային լրատվամիջոցները հեղեղված են ՕՊԵԿ-ի համաժողովի մասին տեղեկատվությամբ: Այս անգամ դրան մասնակցելու են նաև ՌԴ-ն, Նորվեգիան, Մեքսիկան: Խոսվում է այն մասին, որ ՕՊԵԿ-ի ղեկավարությունը համաձայնել է օրական 300 հազար գալոնով կրճատել նավթի արդյունահանումը: ՌԴ այս ոլորտի ղեկավարությունը նշում է, որ իրենց արդյունահանման տեխնոլոգիաները, ի տարբերություն Սաուդյան Արաբիայինի, հնարավորություն չեն տալիս օպերատիվ կրճատել կամ ավելացնել արդյունահանումը: ՕՊԵԿ-ի անդամ երկրներից Իրանն այս համաժողովին առաջարկելու է օրական 1 մլն բարելով կրճատել:
Նշվում է նաև, որ արդյունահանողներից շատերն են հակված` կրճատելու մեթոդով փորձել դիմակայել նավթարդյունաբերության ոլորտում ամերիկյան «սլանցային հեղափոխության» հետևանքներին: Իսկ դա միայն քաղաքական երևույթ չէ: Սլանցային նավթի արդյունահանումը կտրուկ փոխում է համաշխարհային շուկան: Դա իսկական գլխացավանք է նավթային բոլոր երկրների համար: ՕՊԵԿ-ի փորձագետների կարծիքով` ամերիկյան նոր մեթոդով արդյունահանման համար ընդունելի գին է մեկ բարելի համար 53-78 դոլարը: Այնպես որ, նավթային երկրներին դժվար ժամանակներ են սպասում: ՌԴ տնտեսության հետ այսչափ կապված լինելու պարագայում մենք էլ մեզ կարող ենք զ դասել նավթային երկրների շարքում:
ՌԴ տնտեսության կրճատումն արդեն անմիջական բացասական ազդեցություն է թողնում ՀՀ տնտեսության վրա: Դրամի փոխարժեքի տատանումը դրա պարզ ապացույցն էր: