Ինչպես միշտ` ոչինչ որոշված չէ, բայց՝ առայժմ

Այսօր տեղի ունեցած ՀԱԿ խմբակցության հերթական նիստից հետո խմբակցության անդամ, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց 168.am-ի հարցերին

– Խմբակցության նիստում քննարկվե՞լ է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց սկսելու հարցը, և ի՞նչ վերաբերմունք ունի խմբակցությունն իր անդամի կողմից ներկայացված նախաձեռնությանը:

– Նախ՝ ուզում եմ ասել, որ թեև Նիկոլ Փաշինյանը ֆորմալ առումով հանդիսանում է ՀԱԿ խմբակցության անդամ, սակայն նա չի մասնակցում խմբակցության նիստերին: Եվ քանի որ պարոն Փաշինյանը չի մասնակցել խմբակցության նիստին և չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, խմբակցությունում այդ հարցը չի էլ քննարկվել:

Երբ կլինի փաստաթուղթ, այն պատշաճ կերպով կներկայացվի խմբակցությանը, մենք միայն այդ ժամանակ կքննարկենք և կներկայացնենք մեր դիրքորոշումը: Չնայած չեմ էլ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հետ կանգնել այդ նախաձեռնությունից՝ հաշվարկելով նման նախաձեռնության հաջողության հավանականությունը:

Կարդացեք նաև

– «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց դեկտեմբերի 5-ին հանրահավաք հրավիրելու մասին: Խմբակցությունը քննարկե՞լ է հանրահավաքին ՀԱԿ խմբակցության մասնակցության հարցը:

– Հովհաննիսյանի կողմից հայտարարված հանրահավաքին մասնակցության հարցը ևս խմբակցության օրակարգում չի եղել, բայց կարծում եմ, որ ՀԱԿ խմբակցությանը մաս կազմող յուրաքանչյուր կուսակցություն ինքը կարող է ինքնուրույն որոշել՝ մասնակցե՞լ այդ հանրահավաքին, թե՞ ոչ:

– Րաֆֆի Հովհաննիսյանն իր հայտարարության ժամանակ նշեց, որ «Ժառանգությունը» միանալու է ՀԱԿ-ի կողմից դեկտեմբերի 10-ին կազմակերպվելիք երթին, ճիշտ չէ՞ր լինի, որ ՀԱԿ-ն էլ միանար «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքին, մանավանդ որ՝ հռչակված նպատակները նույնն են` իշխանափոխություն:

– Դեկտեմբերի 10-ին նախատեսված երթը ՀԱԿ-ի միջոցառումը չէ, դա եռյակի շրջանակներում կայացված որոշում է, որին մասնակցել է նաև «Ժառանգությունը»: Նախկինում ՀԱԿ դաշինքը Մարդու իրավունքների միջազգային օրը երթեր կազմակերպել է, բայց այս տարի ՀԱԿ-ի կողմից առաջարկ է արվել՝ այդ միջոցառումը կազմակերպել համատեղ, որը պաշտպանել են ԲՀԿ-ն և «Ժառանգությունը»: Այնպես որ, միանգամայն տրամաբանական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մասնակցի  նաև իր կուսակցության կողմից կազմակերպվող միջոցառմանը: Իսկ հանրահավաքը կազմակերպում է միայն «Ժառանգությունը»՝ առանց ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ համաձայնեցնելու: Չնայած նորից եմ ասում, դա չի նշանակում, որ ՀԱԿ-ը կամ ՎՍԴՀԿ-ն պետք է բոյկոտեն հանրահավաքը:

– Դեկտեմբերի 1-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում է լինելու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի վավերացումը: Խմբակցությունում քննարկվե՞լ է այդ հարցը, և ի՞նչ դիրքորոշում է ունենալու խմբակցությունն այդ հարցում:

– Այո, մենք խմբակցության նիստում քննարկել ենք այդ հարցը, սակայն միասնական որոշում դեռ չենք կայացրել, քանի որ փաստաթուղթը դեռ ամբողջովին չենք ուսումնասիրել և չենք վերլուծել այդ պայմանագրին միանալու դեպքում Հայաստանի համար սպասվող դրական և բացասկան կողմերը: Եթե չլինեն կետեր, որոնք կվտանգեն մեր պետականության ինքնիշխանությունը, ապա մենք, իհարկե, կողմ կքվեարկենք:

– Ինչո՞ւ եք Դուք խոսում եթե-ով, փասաթուղթը կա, և Դուք կարող եք հիմա ասել՝ կա՞ն այդպիսի կետեր, թե՞ ոչ:

– Փաստաթուղթը պատրաստ է, բայց մենք այն միայն այսօր ենք պաշտոնապես ստացել, և դեռ ուսումնասիրման կարիք կա: Իհարկե, քաղաքական առումով մենք այլընտրանք չունեինք այդ փաստաթուղթը չստորագրելու, և ես անձամբ կողմ եմ քվեարկելու պայմանագրի վավերացմանը:

– Ավելի քան մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած եռյակի նիստում որոշում էր կայացվել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով 44 ստորագրություն հավաքելու և ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար: Ի՞նչ նորություն կա այս որոշման իրականացումից, ե՞րբ է սկսվելու ստորագրահավաքը:

– Կոնկրետ օրը որոշված չէ, բայց երբ որոշվի, ապա 24-ժամյա ռեժիմում ստորագրությունները կհավաքվեն և նիստը կհրավիրվի:

Տեսանյութեր

Լրահոս