Նովրուզ Մամեդովն Ադրբեջանի իշխանություններին քննադատած Մարտին Շուլցին անվանել է «քաղաքական ձախողակ»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի նիստի ժամանակ տեղի է ունեցել մարդու իրավունքների ոլորտում Սախառովի անվան մրցանակի հանձնման արարողակարգը:

Հեղինակավոր այդ պարգևին արժանացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող բժիշկ Մուկվեգեն: Ելույթ ունենալով մրցանակի հանձնման արարողակարգի ժամանակ՝ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը ողջունել է եզրափակիչի մյուս երկու մասնակիցներին, որոնք հավակնել են մրցանակին:

Խոսքը գնում է ուկրաինական Եվրամայդան շարժման ու ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին: Շուլցը հայտարարել է. «Լեյլա Յունուսին կալանքի տակ պահելու պայմանները լուրջ սպառնալիք են ներկայացնում նրա կյանքի համար: Եվրախորհրդարանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան:

Եվրախորհրդարանն ընդունում է նրա համարձակությունն ու ժողովրդավարական արժեքներին հավատարիմ գտնվելը և իր ամուր աջակցությունն է հայտնում նրան: Լեյլա Յունուսը մեծ համարձակություն է ցուցաբերել՝ Ադրբեջանում պաշտպանելով մարդու իրավունքները: Եվրախորհրդարանն Ադրբեջանի վարչակարգին կոչ է անում անհապաղ ազատ արձակել այդ անմեղ կնոջը, որի առողջությունը վատթարանում է օրեցօր:

Մենք փորձել ենք Եվրախորհրդարանի պատվիրակություն ուղարկել, որպեսզի նա կարողանա բանտում տեսակցել Լեյլա Յունուսի հետ, սակայն նրանց թույլ չեն տվել անել դա: Դա բացարձակապես անթույլատրելի է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են արգելել Լեյլա Յունուսի հետ տեսակցելը»:

Մարտին Շուլցի այս հայտարարությունը զայրացրել է պաշտոնական Բաքվին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը Շուլցի հայտարարությունը որակել է որպես «հակաադրբեջանական», իսկ Մարտին Շուլցին՝ որպես «քաղաքական ձախողակ», ով «փորձում է իր մասին հիշեցնել նման հայտարարություններով»:

Տեսանյութեր

Լրահոս