Հռոմի պապի ու Ռուսաստանի նախագահի այցերի հետ կապված՝ Թուրքիայում ձեռնարկվել են անվտանգության բացառիկ միջոցառումներ

Թուրքական Memurlar.net կայքի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վաղը ժամանելու է Թուրքիա, իսկ երկուշաբթի Թուրքիա կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս երկու այցերի հետ կապված՝ Թուրքիայում ձեռնարկվել են անվտանգության բացառիկ միջոցառումներ:

Ֆրանցիսկոսի ու Պուտինի անվտանգությունն ապահովելու են թե՛ ցամաքային (վերգետնյա), թե՛ օդային միջոցներով: Մերձակա թիկնազորից բացի, ճանապարհների անվտանգությունն ապահովելու է ավելի քան 5000 ոստիկան: Թուրքական դատարանը ոստիկանությանն արտոնել է այդ 4 օրվա ընթացքում առանց խտրականության ստուգման ենթարկել կասկածելի թվացող անձանց ու տրանսպորտային միջոցները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հռոմի պապին ընդունելու է նախագահական նստավայրում (Աք Սարայ), Հռոմի պապն այցելելու է նաև Անկարայում գտնվող Աթաթուրքի դամբարան: Հաջորդ օրը (շաբաթ) Հռոմի պապն այցելելու է Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճար և Սուլթան Ահմեթի մզկիթ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համանախագահելու է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս 2-րդի նկատմամբ մահափորձ կատարած թուրքը Մեհմեթ Ալի Աղջան ցանկություն է հայտնել հանդիպել Թուրքիա այցելող Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Տեսանյութեր

Լրահոս