
Կրեմլը հաստատել է Պուտինի ու Պորոշենկոյի միջև հեռախոսազրույցի փաստը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում հաստատել են Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի միջև հեռախոսազրույցի փաստը: Սակայն դրա հետ մեկտեղ «հնարանք» է որակվել ռուսական կողմից սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկատվությունը:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Իսկապես ուկրաինական կողմի նախաձեռնությամբ երեկ երեկոյան տեղի է ունեցել նախագահներ Պուտինի ու Պորոշենկոյի հեռախոսազրույցը:
Խոսք է գնացել երկկողմ հարաբերությունների ու Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի մասին: Զրույցի բովանդակության մասին մի շարք և առաջին հերթին ուկրաինական ԶԼՄ-ների հրապարակումները հնարանք են ու չեն համապատասխանում իրականությանը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը Պորոշենկոյին սպառնացել է նոր հարձակմամբ, եթե Ուկրաինան չճանաչի ինքնահռչակ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը, ինչպես նաև եթե չհրաժարվի ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելուց: