ԵՏՄ-ին անդամակցում ենք այլընտրանքի բացակայության պատճառով

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրին: Պայմանագիրը դրական եզրակացությամբ ԱԺ լիագումար նիստին ներկայացնելուն կողմ քվեարկեցին հանձնաժողովի 17 անդամներից նիստին ներկա 7 պատգամավորներից հինգը, իսկ երկուսը դեմ քվեարկեցին: Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, իսկ կողմ էին ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները ներկայացնող պատգամավորները:

Հանձնաժողովի ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը և ՕԵԿ-ական անդամ Լևոն Դոխոլյանը բացակայում էին հանձնաժողովի նիստից: Այս քվեարկությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պայմանագիրն ԱԺ-ում քվեարկության դնելու դեպքում` դրան դեմ կարող են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության չորս պատգամավորները և մեկ-երկու անկախ պատգամավորներ:

Երեկվա քննարկման մեջ կար մեկ այլ յուրահատկություն ևս. ԵՏՄ-ի հետ ստորագրված պայմանագրի քննարկման համար ԱԺ-ում գլխադասային էր ճանաչվել Տնտեսական հարցերի հանձնաժողովը. ոչ թե Արտաքին հարաբերություններինը կամ պետաիրավականը, այլ հենց տնտեսականը: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալը ներկայացնում են` որպես զուտ տնտեսական նշանակության հարց:

Եվ քանի որ հարցը քննարկվում էր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, քննարկումներն էլ հիմնականում տնտեսական բնույթի էին: Կառավարության տեսակետը հանձնաժողովում ներկայացնում էր ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ով վստահեցնում էր, որ ինքը մասնակցել է ԵՏՄ անդամ երկրների հետ վարվող բանակցությունների ամբողջ ընթացքին, և այդ բանակցությունների արդյունքում ստեղծված պայմանագիրը համարում էր Հայաստանի համար նպաստավոր:

Կարդացեք նաև

Ըստ Կարայանի՝ միանալով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը հնարավորություն է ստանում իր տարածքում արտադրված ապրանքներն առանց մաքսատուրքերի արտահանել ԵՏՄ անդամ երկրներ: Վերանում են ոչ միայն մաքսազերծման ընթացակարգերը, այլ նաև այլ ընթացակարգեր, ինչպես, օրինակ՝ սերտիֆիկացումն է, կամ տարբեր սանիտարական հսկողությունները: Ըստ Կարայանի՝ եթե Հայաստանի մաքսավորները կապարակնքում են ապրանքը, և այն Ռուսաստանի տարածք է հասնում առանց վնասված կապարակնիքի, ապա ապրանքն առանց որևէ խոչընդոտի կարող է հասնել իր նշանակման վայրը:

Մյուս դրական կողմը, որ ներկայացվում է՝ այն է, որ Հայաստանը դառնում է 170 միլիոնանոց շուկայի մի մաս, և այդ դեպքում կարող են ավելանալ օտարերկրյա ներդրումները: Հայաստանի իշխանությունները փորձում են լուրջ ձեռքբերում ներկայացնել նաև այն, որ եթե 2013թ. Հայաստանի բյուջեն մաքսատուրքերի գանձումից ստացել է 105 միլոն դոլարի եկամուտ, ապա ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում այդ թիվը կարող է ավելանալ և դառնալ 270 միլիոն դոլարին մոտ գումար:

Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան լավ է, որքան փորձում են ներկայացնել իշխանությունները: Սկսենք մաքսատուրքերից գանձվող եկամտի ավելացումից: Հայաստանում մաքսատուրքի միջին դրույքաչափը 3,7 տոկոս է, մինչդեռ ԵՏՄ անդամ երկրներում այդ տոկոսադրույքը կրկնակի և մի փոքր ավելի բարձր է: Դառնալով ԵՏՄ անդամ՝ Հայաստանում ևս մաքսատուրքերը բարձրանալու են և հավասարվելու են ԵՏՄ անդամ երկրների մաքստուրքերին:

Սա նշանակում է, որ Հայաստան ներմուծվող ապրանքներից գանձվելու է կրկնակի և ավելի անգամ մաքսատուրք: Սա էլ իր հերթին, նշանակում է, որ այդ ավելացումը լինելու է հենց հայ սպառողների հաշվին: Բացի այդ, երբ հաշվարկվում է, որ ԵՏՄ անդամ երկրներում 2013թ. գանձվել է 26 միլիարդ դոլարի մաքսատուրք, և այդ հաշվարկից ելնելով` ասվում է, որ Հայաստանի համար արվող 1,13 տոկոս մասհանումը կկազմի 270 միլիոն դոլար, ապա պետք է նկատի ունենալ, որ 2013թ. գոյություն չունեին Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, և դրանց ի պատասխան` Ռուսաստանի սահմանած ներմուծման պատժամիջոցները:

Այդ պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև ռուսական ռուբլու արժեզրկման արդյունքում Ռուսաստան ներմուծվող ապրանքների և հետևաբար` դրանց համար գանձվող մաքսատուրքի գումարն էականորեն նվազելու է: Նշանակում է՝ Հայաստանը կարող է ոչ միայն չշահել, այլ ընդհակառակը՝ կորցնել. Հայաստան ներմուծված ապրանքներից գանձված գումարը մտնի Ռուսաստանի բյուջե և ոչ թե` հակառակը:
Մյուս խնդիրը, որի մասին խոսեց Թևան Պողոսյանը. սանիտարական և տարբեր վերահսկողական սահմանափակումների վերացումն է: Լավ է, որ Հայաստանից ԵՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանումը տեղի կունենա առանց հավելյալ ստուգումների, և Հայաստանում տրված սերտիֆիկատները հիմք կընդունվեն ԵՏՄ անդամ մյուս երկրների կողմից, բայց դա նշանակում է, որ այդ երկրների տված սերտիֆիկատներն էլ պետք է ընդունվեն Հայաստանի կողմից:

Ըստ Պողոսյանի՝ ինքն ընկերներ ունի, ովքեր Ռուսաստանում տարբեր անորակ պահածոներ են արտադրում և իրացնում տեղական շուկայում: Հունվարի 1-ից դրանք շատ հեշտությամբ կհայտնվեն Հայաստանում: Նույնը վերաբերում է դեղորայքին և այլ ապրանքներին: Կարայանն ասում է, որ վերահսկողությունը վերանում է միայն մաքսակետերում, բայց ներքին հսկողությունը շարունակվելու է: Այսինքն՝ Հայաստանի համապատասխան մարմինները կարողանալու են արդեն պահեստներում կամ խանութներում ստուգել, թե արդյոք ռուսական կամ ղազախական կողմի տված որակի սերտիֆիկատները որքանով են համապատասխանում իրականությանը: Իհա՛րկե կարող են, բայց երբ ապրանքը ստուգվում է սահմանում՝ այլ հարց է, և այլ է, երբ այն արդեն բաժան-բաժան է եղել և գուցե մեծ մասով իրացվել:

Հաջորդ խնդիրը, որի մասին խոսեց Թևան Պողոսյանը, ԵՏՄ երկրներում կապիտալի ազատ տեղաշարժի մասին է, որը ներկայացվում է` որպես առավելություն: Ըստ Պողոսյանի՝ ինքը տեղյակ է, որ թե ռուսական և թե ղազախական կապիտալի որոշ մասը կեղտոտ փողեր են, և նախկինում ինքը տեղեկացված է եղել, որ, օրինակ, ղազախական կողմից եղել են առաջարկներ` այդ գումարները Հայաստանում ներդնելու և մաքրելու ուղղությամբ, սակայն հայկական կողմը կանխել է նման գործողությունները: Մինչդեռ այժմ ինքը չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ «կեղտոտ փողերի լվացքատուն»:

Նույնիսկ նրանք, ովքեր կողմ քվեարկեցին այս պայմանագրին դրական եզրակացության տալուն,. խոսում էին ոչ այնքան պայմանագրի ընձեռած հնարավորությունների, այլ այն չվավերացնելու անհնարինության մասին:

Օրինակ, նիստը նախագահող Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ, պայմանագրին կողմ քվեարկելու «մոտիվացիան քաղաքական այլընտրանք չունենալն է»:

Մելքումյանն ասում է, որ ինքը չի հավատում այն հավաստիացումներին, որ պայմանագրին միանալու դեպքում Հայաստանում ներդրումների աճ կլինի, որովհետև կյանքը ցույց է տվել, որ ռուսական կողմը խախտում է իր վրա վերցրած պարտավորությունները: Որպես օրինակ` նա բերեց Հայաստանի երկաթուղիները կոնցեսիոն կառավարման վերցրած «Ռուսական երկաթգծ» ընկերությանը, որը պարտավորվել էր ներդնել 15 միլիարդ ռուբլի, սակայն չկատարեց իր պարտավորությունը, և «Ռոսնեֆտ» ընկերությանը, որը պարտավորվել էր մինչև սեպտեմբեր ներդրում կատարել «Նաիրիտում», որտեղ ևս որևէ ներդրում չի կատարվել:

Ահա այսպես Հայաստանն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կանդամակցի մի միության, որից որևէ լավ բան սպասել չի կարելի, բայց որին Հայաստանը չի կարող չանդամակցել: Ինչպես Միքայել Մելքումյանն է ասում, այն հարցը, թե ինչու ենք մենք զրկված այդ միությանն անդամակցելու այլընտրանքից, այլ թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս