Բաժիններ՝

Դուք երջանիկ եք: Չգիտեի՞ք…

Աշխարհի ամենաերջանիկ 151 երկրների ցանկում Հայաստանը 53-րդն է: Հարցումն անց է կացրել բրիտանական հետազոտությունների ինստիտուտի «Նոր տնտեսագիտական հիմնադրամը»: Մասնագետները ցանկը կազմել են՝ հաշվի առնելով, թե «որքանով են երկրներում կարողանում երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար»:

Ստացվում է, որ իշխանությունները հաջողել են ՀՀ քաղաքացիների համար ապահովել «երկար, կայուն և երջանիկ» կյանք: Ունենալով ամենակոռումպացված պաշտոնյաների համբավ, միևնույն է՝ նրանց է վստահված երկրի կարևորագույն ոլորտների վերահսկումը:

Ակամայից անառողջ հետաքրքրասիրություն է առաջանում՝ ի՞նչ միջավայրում են բրիտանացիներն անցկացրել երկրի երջանկության ինդեքսը որոշող հարցումները: Մասնավորապես, սահմանամերձ գյուղի երեխաներից հետաքրքրվե՞լ են, ինչպե՞ս է, երջանկության ի՞նչ զգացողություն է հակառակորդի ուղղակի նշանառության տակ պարապմունքներն անցկացնելը (ինչպես, օրինակ, սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցում): Թեև դժվար երեխաներին հարցնեն. նրանց տարիքը թույլ չի տալիս պատասխանել նման կարևոր հարցերի:

Իսկ 12 երեխաների մորը՝ Արմենուհի Մանուկյանին, կառավարության շենքի մոտ չե՞ն հանդիպել: Նա այնտեղ, իր յոթ երեխաների հետ, նստացույց էր անում, քանի որ երեխաները հագուստ չունեին, և երկու ամիս է՝ դպրոց չէին կարողանում հաճախել:
Երջանկությունն, ինքներդ գիտեք, հարաբերական, անկայուն զգացողություն է: Մի վայրկյան է, ու թվում է՝ այն կա, դու երջանիկ ես: Հաջորդ վայրկյանին հասկանում ես, որ միայն թվում է, քանի որ քեզ ներկայացվում է արդեն մեկ այլ ցանկ՝ աշխարհի ամենադժբախտ երկրներինը: Այստեղ Հայաստանը պատվավոր 12-րդն է: Անհույս լավատեսներն այս ցուցակից ևս կարող են դրական էմոցիաներ քաղել՝ մենք, այդուհանդերձ, ամենադժբախտը չենք:

Առհասարակ, բրիտանացի սոցիոլոգները պետք է հստակ իմանան՝ ե՞րբ և որտե՞ղ մարդկանց հարցնել՝ երջանի՞կ են նրանք, թե՞ ինչպես այն ցուցակում, ուր 12-րդն ենք:
Երկուշաբթի առավոտյան մոտեցիր կանգառում երթուղայինի սպասող մեկին և հարցրու՝ երջանի՞կ է նա, թե՞ դժբախտ: Եվ նույն հարցը տուր ուրբաթ երեկոյան, երբ նա ընտանիքի հետ թեյի սեղանի շուրջ նստած է:

Հարցրու թմրամոլին, երբ նա… Դե, հարցնելն էլ իմաստ չունի. երանությունը դաջված է դեմքին: Մի քանի ժամ անց երջանկության նրա պատկերացումները ծայրահեղորեն այլ կլինեն:

Սակայն Հայաստանում ոչ երջանիկ մարդկանց փնտրտուքն ակնհայտորեն անհաջողության է դատապարտված: Տակավին անցյալ տարի, նույն այս օրերին, հեղինակավոր «Գելլափը» հարցում էր արել ու պարզել, որ հայերն աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդներից են, որ հայերիս առնվազն 70 տոկոսն իրեն երջանիկ է համարում: Այս դեպքում ևս խնդիրը նույնն է՝ ի՞նչ միջավայրում է անցկացվել հարցումը:

Եթե հարցրել են այն հայերին, որոնք մշտական բնակություն են հաստատել ԱՄՆ-ում, Եվրոպայում, բնական է, որ կստանային դրական պատասխան՝ այո՛, մարդիկ երջանիկ են: Եվ նույնիսկ՝ շատ: Եթե հետաքրքրվենք նրանցից, որոնց մերժել են Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա մուտքի վիզա տրամադրել, պարզ կդառնա, թե հատկապես ո՞ւմ պատասխաններից է կազմվել Հայաստանում դժբախտության ինդեքսը:
«Գելլափի» սոցիոլոգները, ամենայն հավանականությամբ, հանդիպել են հենց այն 70 տոկոսին, որոնց շրջանում հարցախույզ է իրականացրել նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը:

Ըստ այդմ՝ հարցվածների 70 տոկոսը գտնում է, որ Հայաստանում քաղաքական և բարձրաստիճան չինովնիկների կոռուպցիան հասնում է ծայրահեղ բարձր աստիճանի: Ըստ նույն կազմակերպության մեկ այլ հետազոտության՝ 70 տոկոսը վստահ են, որ Հայաստանում դատական համակարգը «կոռումպացված է, վարկաբեկված և ոչ արժանահավատ՝ համարվելով երկրի ամենակոռումպացված համակարգերից մեկը»: «Մաքսային և հարկային գործընթացները դիտվում են` որպես խիստ կոռումպացված»: Սա արդեն Բերթելսման հիմնադրամի եզրակացությունն է:

«Ոստիկանությունը քաղաքացիների կողմից ընկալվել է որպես չորս՝ առավել կոռումպացված ինստիտուտներից մեկը Հայաստանում: ՀՀ ոստիկանությունը շարունակում է չարաշահել իշխանությունը և խոստովանություններ կորզելու նպատակով խոշտանգումներ է կիրառում և կալանավորելիս ու ձերբակալելիս կոպիտ է վարվում քաղաքացիների նկատմամբ»: Ոստիկանությանը չի վստահում հարցվածների 70 տոկոսը:
Ըստ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի՝ կրթական և առողջապահական համակարգի հանդեպ անվստահություն ունեցողները հարցվածների մոտ 70 տոկոսն են: 70 տոկոս: Մոգական 70 տոկոսը հանդիպել է նաև Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ: Ըստ ՎՊ նախագահի՝ մեր բյուջեի 70 տոկոսը ռիսկային է:

Եվ բնական է, որ 70 տոկոս անվստահության պայմաններում Հայաստանի բնակչության 70 տոկոսն իրեն պետք է լիակատար երջանիկ զգա: Սակայն, չհուսահատվենք, այս թիվը նախորդ տարվա ցուցանիշն է:

Համբերենք մի փոքր. լիակատար երջանիկ լինելու համար բան չմնաց. մի ինչ-որ 30 տոկոս…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս