«Մսամթերքը Ռուսաստան արտահանելու հետևանքով հնարավոր է՝ մսամթերքի դեֆիցիտ առաջանա, և գները արհեստական բարձրանան»
Վերջին շրջանում նկատվում է մսամթերքի, հատկապես` խոզի մսի գնի թանկացում: Տնտեսագետներից ոմանք գտնում են, որ դա պայմանավորված է հայկական մսամթերքը Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) արտահանելու փաստով:
Հիշեցնենք, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և աշխատակազմի Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն այս տարվա հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել էին ՌԴ` ռուս գործընկերների հետ քննարկելու տեղական շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: ՀՀ-ում մսամթերք արտադրող և վերամշակող թվով 11 տեղական արտադրողների հնարավորություն է ընձեռվել իրականացնել գառան, խոզի, տավարի և հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանում ՌԴ:
Որոշ տնտեսագետների կարծիքով էլ` մսամթերքի թանկացումը պայմանավորված է մի շարք հիվանդությունների պատճառով անասունների գլխաքանակի կորուստով:
Մեզ հետ զրույցում ՀՀ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ այս տարի տարբեր հիվանդությունների պատճառով մենք ունեցանք անասունների գլխաքանակի լուրջ կորուստ. «Արդեն 5-րդ տարին է` մենք ահազանգում ենք, որ աֆրիկական ժանտախտը մոլեգնում է Հայաստանում:
Միանշանակ, այդ հիվանդությունը և, ընդհանրապես, բոլոր հիվանդությունները (բրուցելյոզը, տուբերկուլյոզը, սիբիրյան խոցը) Հայաստանում ամեն տարի այդ խնդրի առաջ են կանգնեցնում: Ցավոք սրտի, մենք մի տեղ լոկալացնում ենք` մյուս տեղերում նորից է առաջանում: Դա միայն և միայն անասնաբուժական ծառայության վատ աշխատանքի արդյունքն է»: Մեր ճշտող հարցին` այդ հիվանդությունների տենդենցը տարեցտարի ավելանո՞ւմ է, Հ. Բերբերյանը պատասխանեց, որ չի ավելանում, բայց իրենք ամեն տարի մի տեղ օջախը հանգցնում են, մյուս տարի ուրիշ տեղում առաջանում է. «Հատկապես` Լոռու գոտում այդ աֆրիկական ժանտախտն իր գործն անում է, ուղղակի հետևողական աշխատանք պետք է արվի, որը չի արվում` ժամանակին դիերը պետք է ախտահանել, այրել, փաթեթավորել և խորը թաղում կազմակերպել, որը չի արվում»:
Հ. Բերբերյանը կարծում է` մսամթերքի թանկացումը պայմանավորված է հենց անասունների գլխաքանակի կորուստով. «Մենք ամռանն արդեն տեսանք, որ մսի գինը հասավ մինչև 4000 դրամի: Դա նոր չի, դա ամառվանից է»:
Հարցին` հայկական մսամթերքի Ռուսաստան արտահանելն ինչպե՞ս կանդրադառնա մսամթերքի գների վրա, Հ. Բերբերյանը պատասխանեց, որ չի կարծում, թե այդ արտահանումը մասսայական բնույթ կկրի. «Հնարավոր է` տավարի մսի արտահանում լինի, որովհետև Ռուսաստանում գները բարձր են, բայց մենք էլ պետք է հասկանանք, որ առաջին հերթին` մեր ազգաբնակչությանը պետք է ապահովենք մսամթերքով, հետո նոր մտածենք արտահանումների մասին: Արտահանումները շատ լավ բան են, եթե ունես ավելցուկ, իսկ եթե ավելցուկ չունես և դա քո ազգաբնակչության հաշվին պետք է անես, ապա, իհարկե, դա սխալ է»:
Մեր հարցին` Հայաստանն ունի՞ այդ ներուժը, որ մսամթերք արտահանի, և արդյոք այդ արտահանումը պակասորդ չի՞ առաջացնի մեզ մոտ, Հ. Բերբերյանն այսպես պատասխանեց. «Շահութաբերության պոտենցիալը տեսնում եմ:
Ասենք, Ռուսաստանում այսօր խոշոր եղջերավոր անասունի միսն ավելի թանկ է, քան Հայաստանում, և, միգուցե, որոշ մարդիկ կփորձեն այդ գործով զբաղվել, շահույթ կտեսնեն: Բայց եթե դա մեր հաշվին է արվելու, իհարկե, սխալ է: Այսինքն` այո, հնարավոր է` դեֆիցիտ առաջանա, և գներն արհեստական բարձրանան»:
Հ. Բերբերյանից հետաքրքրվեցինք, թե ուրիշ ի՞նչ գյուղմթերքների թանկացում է կանխատեսում առաջիկայում: Նա նկատեց, որ այսօրվա արտարժույթի տատանումներն իրոք կբերեն նրան, որ իրենց ազդեցությունը կունենան գների վրա` ինչպես գյուղացու արտադրանքի վաճառքի վրա, այնպես էլ` բոլոր այլ ծառայությունների վրա:
Հարցին` կոնկրետ ո՞ր գյուղմթերքները կթանկանան, Հ.Բերբերյանը նշեց, որ բոլորն էլ կթանկանան. «Եթե դրամի ինքնարժեքը թուլացավ, բնականաբար, դա կազդի ոչ միայն գյուղմթերքների, այլ առհասարակ բոլոր մթերքների վրա»: