Վարդան Բոստանջյան. «Նման բյուջեով հաջողության հասնել բացառված է» (տեսանյութ)
Սրանից անհաջող բյուջե պարզապես հնարավոր չէր, որ լիներ: Այս կարծիքին է տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, որն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի մասին, ասաց, որ նույն ձևով կարելի էր բյուջե կազմել մինչև 3000 թվականի համար, որովհետև ամեն տարվա ֆինանսնական բյուջեն նախորդից շատ քիչ է տարբերվում.
«Մի փոքր գումար են շպրտում իբր պետք է ծախսերը մեծանա, դա էլ այդպես նետում են տարբեր հոդվածների վրա: Ուզում եմ ասել՝ ոչ մի ծրագրային մոտեցում չկա: Իհարկե, հասարակությանն ապակողմնորոշելու համար սուտ անվանումներ են դրվում՝ սոցիալական: Ի՞նչ սոցիալականի մասին է խոսքը, երբ երկրի 1/3-որդը աղքատ վիճակում է, իսկ արդեն պաշտոնական թվով 900 հազարն աղքատ են»:
Ըստ տնտեսագետի՝ առնվազն հանցագործություն է, որ աղքատ երկրի ամբողջ ծախսային ինստիտուտի 18.6 %-ը տրվում է իշխանության վարձատվության ու պահպանման ծախսերի համար. «Ի՞նչ նախարարություններ են, ի՞նչ գործ են անում, կամ, ընդհանրապես, պատկերացրեք՝ ամեն մեկը մեքենա է վարում այստեղ, իշխանության ամեն մի ներկայացուցիչ այս մոբիլ հեռախոսներից մի 10 հատ ունի, որն ամբողջ պետության փողերն են: Ուրեմն՝ այսպիսի երկրի համար 18.6 % իշխանությունների ծախսերին հատկացնելն առնվազն հանցագործություն է: Ես այդպես եմ մտածում»:
Վ. Բոստանջյանը կարծում է՝ նման բյուջեով հաջողության հասնել ընդհանրապես բացառված է. «Հատկապես, որ այս բյուջեում բացարձակապես հաշվի առնված չէ, որ մենք 2015 թվականից պետք է հանգրվանենք տնտեսական մի նոր միության շրջանակներում»:
Մանրամասները՝ տեսանյութում: