«Ձուն այսօր գազի գին ունի». ձվի գինը՝ 70-150 դրամի սահմաններում
Կարծես թե սովորական երեւույթ է դարձել Ամանորի նախաշեմին որոշ ապրանքատեսակների գների աճը, սակայն ձվի շուկայում այդ փոփոխություններն այս անգամ ավելի վաղ սկսվեցին. վերջին մեկ ամսվա ընթացքում ձվի գինը մի քանի անգամ բարձրացրել են։ Ո՞րն է պատճառը եւ ի՞նչ գնով են բնակիչները ձու գնում։ Այս հարցերի պատասխանները karabakh-open.info-ն փորձել է ստանալ վաճառողներից ու սպառողներից։
Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ ոչ բոլոր խանութներն են պարբերաբար ձու ստանում եւ պահանջարկին համապատասխան ձու շուկայում չկա։
Հեքիմյան փողոցի վրա գտնվող խանութի աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ ձու ստանում են երկու օրը մեկ, քիչ քանակով, այն էլ նախկինի համեմատ ավելի թանկ գնով։ Այս խանութում ձվի գինը կայքի հարցման ժամանակ 70 դրամ էր, իսկ ահա կենտրոնական փողոցի վրա գտնվող խանութներում՝ 80 դրամ։ Ի դեպ, մեկ-երկու ամիս առաջ ձուն արժեր 50-60 դրամ։
Մխիթար Գոշ փողոցի վրա գտնվող խանութներում ձվի գինը տատանվում է 70-90 դրամի սահմաններում։ Այս խանութների աշխատակիցներից ոմանք փաստեցին, որ ձվի գինը մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ բարձրացրել են, ինչը պայմանավորված է ձվի սակավությամբ:
Ստեփանակերտի խանութներում հիմնականում վաճառվում է Նորագյուղի «Դվին» ընկերության արտադրանքը։ Շուկայում «Դվինը» գերիշխող դիրք ունի եւ ինքն է որոշում, թե իր արտադրանքն ինչ գնով վաճառի։ Նույն կերպ են վարվում նաեւ գյուղացիները, ովքեր շուկա են հանում սեփական հավերի ձվերը, ինչպես բնակիչներն են ասում՝ «տեղական ձվերը»։ Դրանց գինն այսօր տատանվում է 130-150 դրամի սահմաններում:
Տեղական ձու վաճառող կայքի զրուցակիցներից մեկը գնի բարձր լինելը բացատրեց այսպես. «Խանութներում ձու չկա, բնականաբար պետք է գնեն տեղականը, որն էկոլոգիապես ավելի մաքուր է ու օգտակար»:
Տեղական ձու նախընտրողները բնակիչների շրջանում շատ են, ուստի ստիպված գնում են այն գնով, ինչով վաճառվում է։ Կայքի զրուցակիցներից մեկը նշեց, որ երեխաները համարյա ամեն օր ձու են ուտում, այն էլ տեղական։
«Եւ մենք պետք է գնենք, ի՞նչ անենք, հո՞ երեխաներին խանութի ձու չենք տալու»։
Սպառողներից մեկն էլ այդ գինն աբսուրդային է համարում՝ կեսկատակ-կեսլուրջ նշելով. «Ձուն այսօր գազի գին ունի։ Իհարկե միշտ էլ տեղական ձուն ավելի ենք նախընտրել , քան խանութինը, բայց հիմա պարզապես չենք կարողանում գնել , այդ գինն անընդունելի է»։
Անի Ավանեսյան