
Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին հոբելյանական տարեդարձի առթիվ.
«Հարգելի պարոն Ամիրխանյան,
Ձեր ստեղծագործական ժառանգությունը նոր շունչ ու նոր որակ է հաղորդել հայ երաժշտարվեստին՝ առանձնանալով իր ինքնատիպ մեղեդայնությամբ և խորն ու հարուստ բովանդակությամբ:
Ձեր հեղինակած երգերն իրենց զգացմունքայնությամբ ու դրական լիցքերով այնքան մոտ են ժողովրդի սրտին, որ երբեք չեն ենթարկվում ժամանակի փորձությանը: Դրանք մնայուն արժեքներ են, իսկ դրանց մի մասը՝ արվեստի իսկական գոհարներ:
Անգնահատելի է Ձեր մանկավարժական գործունեությունը, որի շնորհիվ սերունդներին եք փոխանցում Ձեր մեծ փորձառությունն ու նպաստում մեր երկրում բարձրաճաշակ ու մաքուր արվեստի զարգացմանը:
Մեզ համար մեծ պատիվ է նաև ՀՀ Հանրային խորհրդում Ձեզ հետ համատեղ աշխատանքը մեր հասարակական կյանքը բարեփոխելու և մեր երկրում դրական զարգացումներ ապահովելու ուղղությամբ:
Սիրելի Մաեստրո,
իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ և նորանոր նվաճումներ երաժշտարվեստի բարձունքներում»: