
Վրաստանն ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է. Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն հանդիպել է Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Հոջեսի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Հանդիպման արդյունքներով լրագրողների հետ ճեպազրույցում Ջանելիձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը շարունակում է առաջնահերթ մնալ Վրաստանի ՊՆ-ի աշխատանքում: Հոջեսն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Վրաստանի հետ համագործակցությունը զարգացնելով. «Հաճելի է տեսնել, թե Վրաստանն ինչպես է մտահոգվում եվրոպական անվտանգության մասին»:
Հոջեսն ընդգծել է, որ Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատար է նշանակվել երկու շաբաթ առաջ և որ սա այդ կարգավիճակով իր առաջին պաշտոնական այցն է Վրաստան:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ին ու Վրաստանին միավորում են ընդհանուր սկզբունքներն ու շահերը, և որ ԱՄՆ-ը Վրաստանի համար հանդիսանում է ամենաամուր ու հուսալի ռազմավարական գործընկերը, իսկ Վրաստանն էլ իր հերթին ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է: