Բաժիններ՝

Մեղավորը, ամեն դեպքում, ուրիշն է…

Տարիներ առաջ մի ճապոնացի հայագետ էր աշխատում Մատենադարանում: Ուսումնասիրելով հայոց պատմությունը, ձեռագրերը, նա մեր պատմաբաններից մեկին իր զարմանքն էր հայտնել, թե ինչու հայ ժողովրդի պատմության մեջ ինքնաքննադատություն չկա: Շատ են հերոսական պատմությունները: Անգամ

Ավարայրի ճակատամարտը, որի ժամանակ փաստացի պարտություն ենք կրել, դարձյալ ներկայացնում ենք իբրև բարոյական հաղթանակ: Ճապոնացին պատմում էր, թե իր ժողովրդի պատմության մեջ շատ է ինքնաքննադատությունը, մատնանշված են բոլոր սխալները, որպեսզի հաջորդ սերունդները դրանք չկրկնեն: Մասնավորապես, թե ինչպես Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բացառապես սխալ, չհաշվարկված քաղաքականության պատճառով կորցրեց Կուրիլյան կղզիներն ու հարավային Սախալինը:

Նոյեմբերի 11-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում, տեղի ունեցավ վթար. միմյանց բախվեցին մարդատար երթուղայինն ու բեռնատարը: Վթարից յոթ մարդ զոհվեց: Այս ողբերգությունն արդեն հասցրեցինք մոռանալ, քանի որ արդեն հաջորդ օրը՝ նոյեմբերի 12-ին, տեղի ունեցավ այլ ողբերգություն. հակառակորդը խոցեց հայկական ուղղաթիռը:

Մեղավորներին գտանք ողբերգությունից վայրկյաններ անց: Անմիջապես հայտնի դարձավ, որ առաջին դեպքում մեղավորը բեռնատարի՝ հրաշքով ողջ մնացած վարորդն էր, որին և անմիջապես կալանքի տակ առան: Երկրորդ դեպքում մեղավորը, հասկանալի է, հակառակորդն էր: Քավության նոխազին անմիջապես չգտնելու դեպքում կա ավելի ընդունված տարբերակ՝ ձեռքերը հուսահատ տարածելն ու խորհրդավոր հայացքը երկնքին ուղղելը՝ սա այդ մարդկանց ճակատագիրն էր:

Նոյեմբերի 12-ին հայկական ինքնաթիռի խոցելուց հետո որևէ բարձրաստիճան զինվորական, ԶՈՒ գլխավոր հրամանատարը հարկ չհամարեցին պարզաբանել՝ ինչո՞ւ տեղի ունեցավ ողբերգությունը: Միայն արդարացումներ, թե մեր ուղղաթիռները չէին հատել հակառակորդի սահմանը: Դա հասկանալի է: Սակայն հաշվի առնվա՞ծ էր հնարավոր մահացու վտանգը: Եթե ոչ, ինչո՞ւ: Գուցե հնարավոր չէ՞ր: Այդ մասին ազնվորեն պետք է տեղեկացվի: Եվ ոչ թե ամեն ինչ կոծկվի՝ իբրև ռազմական գաղտնիք:

«Հույսեր կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել: Այս մասին կա պաշտոնական հայտարարություն»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը: Սակայն չի ասվում՝ ի՞նչ հիմքեր կան նման հույսեր ունենալու համար, ինչո՞ւ են կարծում, որ անձնակազմի անդամներից երկուսը զոհվել են:

Նույնը տեղի ունեցավ Երևան-Գյումրի մայրուղում տեղի ունեցած վթարից հետո, երբ, կրկնենք, 7 մարդ զոհվեց:

Վարորդները վկայում են, որ Հոռոմ գյուղի խաչմերուկը չափազանց վտանգավոր է: Եվ, որ վթարների հավանականությունն այդտեղ շատ մեծ է: Ինչո՞ւ, երբ վթարների համար կան բոլոր «նպաստավոր» պայմանները, ոչինչ ձեռնարկված չէր դրանք կանխարգելելու:

Երևանից Բյուրական մայրուղին շատ վտանգավոր չես համարի, սակայն ավտոճանապարհային տեսուչներն այդ մայրուղում չափազանց շատ են: Գրեթե՝ ամեն ոլորանի ետևում: 30 կմ/ժամ արագությամբ նշանների հարևանությամբ դարանակալած են նրանք ու աշխատում են՝ առանց շունչ քաշելու: Յուրաքանչյուր երկրորդ ավտոմեքենան մի փոքր գերազանցում է 30 կմ/ժամ արագությունը: Եվ ոստիկանները չեն հասցնում ակտ գրել ու կաշառք վերցնել վարորդներից: Աշխատում են՝ առանց իրենց խնայելու:

Հասկանալ, թե որտեղ ենք բացթողում ունեցել ու սխալվել, արձանագրել այդ սխալն ու փորձել այն այլևս չկրկնել, կարևոր է: Սակայն նման նախադեպեր չունենք: Բայց, չէ՛, կան. մեկ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն է խոսել իր միակ սխալի մասին (այն է՝ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելը): Իր միակ սխալի մասին խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նկատելով, որ Արմեն Հարությունյանին օմբուդսմենի պաշտոնում նշանակելն իր ամենաանհաջող կադրային նշանակումն էր: Ընդամե՛նը…

Սա մոտավորապես նույնն է, երբ հասարակությանը հայտնի որևէ հրապարակային դեմքի հարցնում են՝ «Ի՞նչ թերություններ ունեք», իսկ պատասխանը հնչում է այսպես. «Չափազանց բարի եմ, ներող, շուտ եմ հավատում մարդկանց»:

Մեր բարձրաստիճան պաշտոնյաները, զինվորականները մարդկային կյանքեր արժեցող որևէ ողբերգությունից հետո երբևէ չեն ասել՝ մենք մեղավոր էինք: Կամ՝ մեղավոր էր պետական, զինվորական այսինչ օղակը: Երբևէ երկրի առաջին դեմքի շուրթերից էլ չի հնչել որևէ հարցում սխալվելու թեմայով միտք: Բոլորը կատարյալ են, իսկ ամեն ինչ վատ է:

Հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի միջադեպը, անձնակազմի մասին անգամ երկու օր անց որևէ կոնկրետ տեղեկատվություն չունենալը կամ չտրամադրելը շատ նոր հարցեր է առաջացնում: Եվ պատերազմական իրավիճակն ամենևին չի կարող ստիպել, որ այդ հարցերը չհնչեն:

Մարդկանց էմոցիոնալ վերաբերմունքը համակարգիչների առաջ ևս հասկանալի է: Եթե մարդիկ զինվորականներ չեն, ի պաշտոնե կամ աշխատանքի բերումով սահմանին չեն, չի նշանակում, որ չեն կարող կատարվածին էմոցիոնալ, թող որ՝ ոչ ադեկվատ, արձագանքել: Միևնույն է, մեզնից որևէ մեկի խորհրդով չէ, որ մեր զինվորականները որոշում են՝ ինչպես և երբ են պատասխանելու հակառակորդին: Այնպես որ, մարդկանց ակտիվությունը սոցցանցում թերևս պետք է վերագրել ոչ այնքան «ֆեյսբուքյան ֆիդայականությանը», այլ ընդունել, որ խոցված ուղղաթիռի, դրա անձնակազմի, օդաչուների ընտանիքների վիշտը մարդիկ համարում են անձնական դժբախտություն: Եվ արձագանքում են՝ ըստ այդմ:

Որպես կանոն՝ սխալների, ճակատագրական բացթողումների համար ոչ ոք պատասխանատու չէ, մեջտեղում ոչ մի մեղավոր չկա:

Իսկ հաղթանակի պտուղները, պարզվում է, միայն ընտրյալները կարող են ճաշակել՝ գեներալները, հանրապետականները, օլիգարխները: Նրանք հաղթանակի մասին խոսում են այնպես, ինչպես հայտնի առակում՝ սագերն են հպարտանում, թե իրենց նախնիները փրկել են Հռոմը: Այն սագերը փրկել են Հռոմը, իսկ սրանց դերն այնքան էլ հերոսական չէ. պիտանի են փլավի համար միայն:

Նրանք անգամ իրենց օրացույցն ունեն. մայիսի 9-ին սեղմում են Շուշիի ազատագրման հերոսների ու Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներից ողջերի ձեռքերը, սեպտեմբերի 1-ին համբուրում են առաջին դասարանցիներին, իսկ Զատիկին նրանց կարելի է տեսնել արդեն եկեղեցում՝ սրբապատկերի առաջ՝ գլխիկորգ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս