«Ադրբեջանին պետք է պատասխան հարվածներ հասցնել. տարածքներ վերցնելը պարտադիր է». Վովա Վարդանով

«Ադրբեջանն իրեն պահել է խուլիգանի նման. սկզբից մեկին կոպիտ բառ է ասում և եթե պատասխան չի ստանում, հաջորդ անգամ արդեն ապտակ է հասցնում: Եթե այդ դեպքում էլ պատասխան չի լինում հարված ստացողի կամ նրա շրջապատի կողմից, նա արդեն գարեջրի է ուղարկում: Հիմա եթե մենք համապատասխան գործողություններ չձեռնարկենք, շատ ավելի վատ խնդիրների ենք հանդիպելու հետագայում»,- նման տեսակետ հայտնեց Հայաստանի առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով վերջին իրադարձություններին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռը:

Վ. Վարդանովի խոսքով՝ Ադրբեջանին պատասխան հարվածները պետք է լինեն շատ կոնկրետ. «Արդեն 20 տարի է՝ ադրբեջանցին դիրքերում զոհ է տալիս, բայց պետքներն էլ չէ: Հա, հասկացանք, ընտանիքը ողբաց ու վերջ, իսկ մեզ մոտ 1-2 զինվորի մահը բերում է շատ լուրջ արձագանքների հասարակության մեջ: Այսինքն՝ մենք նրանց պետք է հարվածենք այնպես, որ իրենց մոտ լուրջ խնդիրներ առաջանան և նրանք հաջորդ անգամ նման բան անելուց առաջ մտածեն՝ միգուցե այսպիսի բան չանենք: Հարված հասցնելու տարբեր ձևեր կան՝ ռազմական, դիվանագիտական, հոգեբանական: Նկատի ունեցեք, որ տարածքներ վերցնելը պարտադիր է, բոնուս կլինի, եթե վերցնելիս էլ մի քանի ասկյար սպանվի, մի քանիսն էլ հաշմանդամ դառնան»:

Արդյո՞ք պատասխան հարվածներ հասցնելը չի հանգեցնի պատերազմի վերսկսմանը. լրագրողների այս հարցին Վովա Վարդանովը պատասխանեց, որ պատերազմը մրցակցություն է, ինչպես բռնցքամարտը, և եթե կողմերից մեկը մյուսին ասում է՝ արի կռվենք, ապա մյուս կողմը պետք է համոզված լինի, որ եթե դիմացինն ընդունեց հրավերը, ապա ինքն ի վիճակի է գոնե երկու ռաունդ դիմանալու. «Նույն ձևով հիմա թուրքը մեզ կանչում է, և եթե մենք ներգրավվենք այդ մենամարտում, ինքը պարտվելու է, քանի որ պատրաստ չէ պատերազմին, որքան էլ զենք ու մարդկային ռեսուրս ունենա, որովհետև բանակը որակ չունի: Դա նշանակում է՝ նա մեզ չի կանչում մենամարտի, նա պարզապես սադրում է, ստիպում է մեզ ակտիվ գործողություններ սկսել: Եթե մենք սկսենք ռազմական գործողությունները, կդառնանք խաղաղ գործընթացի գլխավոր խախտող և միջազգային ճնշումների տակից դուրս չենք գա: Այդ իսկ պատճառով պետք է կշռադատված, բայց համարձակ գործողությունների գնալ»:

 

Տեսանյութեր

Լրահոս