«Շատ ավելի մտահոգիչ է ադրբեջանցի զինծառայողի պարգևատրումը, քան տեղի ունեցածը». Վիգեն Քոչարյան
«Ակներև է, որ տեղի ունեցածն իրենից ներկայացնում է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում, քանի որ հակամարտության կողմերը ներգրավված են խաղաղ բանակցությունների մեջ, գործում է ավելի քան 20 տարվա զինադադարի ռեժիմ, և այդ երկու կարևոր հանգամանքները պետք է պայմանավորեն այն գնահատականը, որ կարող ենք տալ Ադրբեջանի գործողություններին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ԼՂՀ ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքին:
Նրա խոսքով՝ շատ ավելի մտահոգիչ է ադրբեջանցի զինծառայողի պարգևատրումը, քան տեղի ունեցածը. «Զինծառայողներին սովորաբար պարգևատրում են համապատասխան հրամանների հաջող կատարման համար, և այս հանգամանքը, ինձ թվում է, ոչ պակաս մտահոգիչ է, քան ինքը՝ դեպքը, քանի որ հակառակ պարագայում դեպքին կարող էին տարբեր մեկնաբանություններ, բացատրություններ տրվել: Բայց այստեղ մենք հստակ տեսնում ենք, որ ադրբեջանական ղեկավարությունը խրախուսում է նմանատիպ գործողությունները, որոնք լիովին անհամատեղելի են և հստակ խախտում են Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունները»:
Ըստ Վ. Քոչարյանի՝ այստեղ կարող է անգամ երկու վարկած լինել, և պարզ չէ, թե որն է ավելի վնաս Ադրբեջանին. կա՛մ այդ գործողությունը հստակ պլանավորված էր և փաստորեն տեղի է ունեցել Բաքվի ռազմական, քաղաքական հրամանով, կա՛մ էլ` ադրբեջանական զինծառայողներին հրաման է տրված բոլոր հնարավոր միջոցներով հարմար պահին հասցնել կրակել Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի մարտիկներին կամ զինտեխնիկային, ինչը, ըստ նրա, ավելի վատ է Ադրբեջանի համար, քանի որ ինչպես ասվեց, դա և՛ միջազգային իրավունքների, և՛ այսքան տարի գործող բանակցային տրամաբանության հստակ խախտում է:
Վիգեն Քոչարյանի կարծիքով՝ այս դեպքի հանգամանքները կարող են շատ կարևոր լինել՝ պարզելու համար, թե այս տարիների ընթացքում զինադադարի հազարավոր խախտումների համար վերջապես ով է մեղավոր, և սա իսկապես լավ առիթ է, որ համապատասխան պարզաբանում տրվի հենց միջազգային հանրության համար:
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե որքան է պատերազմի վերսկսման հնարավորությունը, Վ. Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանի նմանատիպ գործողությունները սադրիչ բնույթ ունեն, և այդ դեպքում բնականաբար որոշակի համապատասխան սպասումներ են ունենում.
«Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել տապալել Մինսկի գործընթացը: Եվ տարբեր սադրիչ բնույթի գործողություններ են արվում տարբեր ասպարեզներում: Նպատակն այն է նաև, որ մեզ հանեն հավասարակշռությունից, և մենք փաստորեն ինչ-ինչ գործողությունների միջոցով այդ բանակցային գործընթացը դադարեցնենք: Նրանց դիտարկմամբ՝ այդ դեպքում խնդիրը կանցնի այլ հարթակներ, որտեղ իրենք արդեն նավթային կամ խավիարային դիվանագիտությամբ ինչ-որ ատյանում ձայների մեծամասնությամբ ուղղակի այդ հարցը կլուծեն: Սա է նրանց գերխնդիրը, և մենք նույնպես դա պետք է հաստակ գիտակցենք մեր պատասխան քայլերը պլանավորելիս»: