Ոչ իշխանական ուժերը ոչ թե կբոյկոտեն քվեարկությունը, այլ դեմ կքվեարկեն բյուջեին
2015թ. բյուջեի նախագծի քննարկումը տեղի ունեցավ աննախադեպ պայմաններում. ԱԺ Նիստերի դահլիճում քննարկումների ժամանակ ներկա էր 20-25 պատգամավոր: Դահլիճում պատգամավորների նման փոքր թիվն էր պատճառը, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ելույթը սկսեց հեգնելով. «Հարգելի մարդաշատ դահլիճ»: Նման բան, թերևս, երբևէ տեղի չէր ունեցել, անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, որը մի շարք խմբակցությունների կողմից հայտարարվել էր մերժելի, և որի հրաժարականը պահանջում էին ԱԺ առնվազն չորս խմբակցությունները:
Խորհրդարանական մեծամասնությունը` ՀՀԿ-ով, որի 70 պատգամավորներ դահլիճում ներկայացված էին 12-15 պատգամավորով: Իսկ ամենաարտառոցն այն էր, որ ՀՀԿ խմբակցության անունից հօգուտ բյուջեի խոսեց ոչ թե խմբակցության ղեկավարը, ինչպես եղել է սովորաբար, այլ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նա հայտարարեց, որ կառավարության ներկայացրած բյուջեն իրատեսական է, հավասարակշռված, արտացոլում է երկրում արձանագրված դրական միտումները, որ բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, և դրա իրականացումը միտված է արտագաղթի, գործազրկության և աղքատության նվազեցմանը: ՀՀԿ խմբակցությունը միակն էր, որ դրական վերաբերմունք ուներ բյուջեի նկատմամբ: ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչներն ընդհանրապես չէին մասնակցում ԱԺ նիստին, թեև պարզ է, որ նրանք դեմ են քվեարկելու բյուջեին:
Մյուս խմբակցությունների` «Ժառանգության», ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք դեմ են քվեարկելու կառավարության ներկայացրած բյուջեին:
Նրանց հիմնավորումների մեջ միասնականն այն էր, որ իրենք որևէ էական տարբերություն չեն տեսնում Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի կառավարությունների գործունեության մեջ, և, եթե կառավարության ղեկավարի փոփոխության ժամանակ հույս էր ծագել, որ այն կարող է փոխել վարվող տնտեսական քաղաքականությունը, պայքարել կոռուպցիայի, մենաշնորհների և հովանավորչության դեմ, ապա անցած վեց ամիսներն ապացուցեցին, որ այդ հույսերն անտեղի են:
Ավելին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը դիմելով վարչապետին և կառավարության անդամներին՝ հայտարարեց, որ ինքը գիտի, որ նրանք օրվա որոշ մասը մտածում են հրաժարական տալու մասին, և եթե ուզում են որևէ օգտակար գործ կատարել երկրի համար, ապա ճիշտ կանեն, որպեսզի հենց այդպես էլ վարվեն և հրաժարական տան: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ գործող կառավարությունն ինքն իրեն համարում է ժամանակավոր, քանի որ չի ներկայացրել զարգացման և առաջընթաց ապահովող նախագծեր, այլ միայն բավարարվել է եղածը պահպանելով:
Գրեթե նույն տեսակետին էր նաև ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացնող Միքայել Մելքումյանը, ում կարծիքով՝ կառավարությունն այս բյուջեով նվազեցնում է տնտեսության մեջ արդյունաբերության և շինարարության դերը՝ առաջնությունը տալով առևտրին և ծառայություններին, երկիրը մոտեցնելով «բանանային երկրների կոնֆիգուրացիային»:
2014թ. բյուջեի նախագիծը խորհրդարանում ընդունվեց բավական մեծ դժվարությամբ. 66 կողմ ձայնով, առանց ձեռնպահի և դեմի: Հիմա խմբակցությունները ոչ թե բոյկոտելու են բյուջեի նախագիծը, այլ դեմ են քվեարկելու, ինչպես հայտարարում են իրենց ելույթներում: Այդ դեմ քվեարկությունները կարող են օգնել անցկացնել բյուջեն, որովհետև դատելով ՀՀԿ խմբակցության դիրքորոշումից՝ նրանք, հնարավոր է, 66 պատգամավորի մասնակցություն քվեարկությանը չապահովեն: