«Միայն աշխատող մարդը ամեն տեղ կարող է ապրել». Մյուրիշենը, Գրիշա պապիկն ու լավատեսությունը

Մյուրիշենում գեղեցիկ աշուն է: Փոքրիկ այգում Գրիշա պապիկը ծառ է տնկում: Արդեն չի հիշում, թե իր կյանքի 75 տարիների ընթացքում որերորդն է: «Ինչպես մեր պապեր են ասել՝ իսկական տղամարդը պիտի ծառ տնկի, տուն կառուցի եւ որդի ունենա: Ես այդ բոլոր պարտականությունները հասցրել եմ կատարել: Իմ ձեռքերով ու մենակ».- պատմում է Գրիշա Գրիգորյանը եւ հող լցնում մատղաշ ծառի արմատներին: Պտուղները տարիներ անց կճաշակեն թոռները: Ճիշտ է՝ որդի չունի, բայց երկու դուստր ունի:

Գրիշա Գրիգորյանը ծնվել է 75 առաջ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում: Հայրը Մեծ հայրենականի մարտադաշտերից հետ չեկավ: Իր կյանքի ուղին ստիպված էր ընտրել եւ անցնել մենակ, առանց աջակցության: Կյանքն էլ տվեց ամենամեծ խորհուրդը: «Միայն աշխատող մարդը ամեն տեղ կարող է ապրել»:

Իր կյանքը տարեկիցների կյանքից շատ չէր տարբերվում: Դպրոցից հետո մեկնեց ծառայելու խոհրդային բանակում: Հետո շատերի նման հայտնվեց կառուցվող Սումգայիթում: Աշխատեց: Բնակություն հաստատեց նորաստեղծ քաղաքում: Ընտանիք ունեցավ: Ամեն ինչ հստակ ընթացք ուներ: Բայց եղան սումգայիթյան դեպքերը:

3506

«Դեպքերի» մասին չի պատմում: Կարճ է կապում: Ստիպված էին ամեն ինչ լքել: Փախուստը տարավ Կրասնոդար, մեկ տարի անց՝ 1989թ. վերադարձավ հայրենի գյուղ:

Հետո պատերազմ եղավ: Գյուղական կյանքի դժվարություններին գումարվեց պատերազմական օրերի դաժանությունը:Ինքը ռազմաճակատում չէր: Ողջ գյուղն էր ռազմաճակատում: Շրջանի սահմանամերձ, ասել է թե ճակատամերձ բնակավայրերից էր: Երիտասարդները կռվի դաշտում, ավագների սիրտն ու հոգին, ապրումները՝ նրանց հետ:

Հիմա հրանոթները լռել են: Մյուրիշենը հիմա էլ սահմանային գյուղ է, բայց սահմանն արդեն հեռացել է գյուղից: Կյանքն այստեղ անխռով ընթացք ունի: Մարդկանց հոգսերն էլ խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ծնունդ են:
Թոշակառու Գրիշա Գրիգորյանը ապրում է դրանցով:

3509

«Գյուղում ապրելը շատ լավ է, բայց որպեսզի լավ ապրես, պիտի կարողանաս աշխատել»,-իր կյանքի փորձից է պատմում տարեց գյուղացին: Հիշում է, իր երիտասարդության տարիներին, երբ դպրոցական էր, կոլտնտեսությունում էր աշխատում, ազատ ժամանակ չունեին:

«Առավոտից մինչեւ իրիկուն աշխատում էինք, իսկ հիմա մարդիկ աշխատում են ըստ ցանկության, քանի որ իրենց սեփականությունն են մշակում: Սա եւ լավ է եւ վատ: Պետք է ճիշտ կազմակերպես աշխատանքդ, ժամանակդ ռացիոնալ օգտագործես»:
Բոլորը չեն կարողանում: Բոլորը չեն հասցնում: Դրանից էլ դժգոհ են:

Թոշակառու պապիկը դժգոհ չէ: «Ես որեւէ մեկից օգնություն չեմ ակնկալում: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «իմ յուղում տապակվում եմ»: Եթե գյուղում ես ապրում եւ սպասում, որ ինչ-որ տեղից օգնություն պիտի ստանաս , ապա շատ դժվար կլինի, այդպես չես կարող ապրել: Պետք է աշխատես: Պետք է շատ աշխատես, շատ աշխատելուց վնաս չկա»- խրատում է պապիկը:

Եթե ինքը կյանքից ու դժվարություններից դժգոհողների շարքում չէ, ապա պատճառն այն չէ, որ 60 հազար դրամ թոշակ է ստանում: «Քիչ է, բայց չեղածի կողքին շատ է».-փիլիսոփայում է պապիկը.-«Ես չեմ դժգոհում, որովհետեւ շարունակ աշխատում եմ իմ սեփական այգում: Ինչ-որ տալիս է այս այգին, մեզ բավարարում է: Տարբեր ծառեր եմ աճեցնում: Եվ դա օգնում է»:

Գրիշա պապիկի ասած օգնությունը միայն նյութականին չի վերաբերում: Հաշմանդամ, իր իսկ խոսքով՝ վատառողջ մարդուն կենսունակություն է հաղորդում հողի հետ աշխատանքը: «Եթե ապրեի քաղաքում, երեւի արդեն մեռած կլինեի: Գյուղի եւ այս այգու շնորհիվ է, որ հիմա ողջ եմ: Ամեն օր աշխատում եմ այգում, ամեն օր ձեռքերս հողի մեջ են,- պատմում է ղարաբաղյան հակամարտության հետեւանքով Սումգայիթում տուն ու տեղ թողած, բայց հայրենի եզերքում կյանքի նոր իմաստ գտած այրը:

3511

Պատերազմի մասին խորհել չի ուզում, բայց չավարտված պատերազմը ինքն է ստիպում չմոռանալ իր մասին: Խոհերը հակամարտության հետեւանքով կիսված կյանքի, հեռավոր Սումգայիթի մասին չեն: Իր հին ու նոր օջախի, հայրենի եզերքի եւ երիտասարդների մասին են: Եթե կռիվ լինի…
Ասում է անվարան. «Չնայած տարիքիս, անհրաժեշտ լինի՝ կգնամ նաեւ կռվի դաշտ: Կօգնեմ տղաներին ինչով կարող եմ: Չէ-չէ գոնե հացի հոգսը կհոգամ»:

Հերթական թիակ հողն է լցնում ծառարմատներին, կարծես թե դրա տակ թաղելով բոլոր վատ մտքերը: Պապը ծառ է տնկում, համոզված, որ թոռները խաղաղության մեջ են մեծանալու, անխռով կյանքով են ապրելու, իսկ այս այգում միշտ խաղաղության աշխատանքի եւ սիրո մասին են զրուցելու, այլ ոչ թե պատերազմի, ցավի եւ կորստի: Հրաժեշտ ենք տալիս աշխատասեր ծերունուն: Թվում է մյուրիշենյան աշունը թումանյանական օրհնությամբ է լցված. «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»:

Էրիկ Ավանեսյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս