«Խանութից գնած 2 ձուն արժե 200 դրամ, իսկ 1 տնական ձուն՝ 120-140 դրամով են վաճառում»
asparez.am-ը գրում է. Վերջին շրջանում հայաստանյան խանութներում բարձրացել է հավկիթի գինը: Եթե նախկինում 1 հավկիթի համար գնորդը վճարում էր 60-65 դրամ, ապա հոկտեմբեր ամսին այդ նույն հավկիթն արժեր 75-80 դրամ: Իսկ արդեն նոյեմբեր ամսվա սկզբին 1 հավկիթի գինը հասավ մինչեւ 90 դրամ: Սա այն դեպքում, երբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ. «Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար»:
Իսկ վաճառողներն էլ նշում են, որ շատ հաճախ խանութը ձու չի ստանում.
-Լինում է այնպես, որ խանութում 3 օր ձու չի լինում: Մենք վաճառում ենք տեղական ձու, հատով՝ 85 դրամ, իսկ տուփով արժե 900 դրամ: Սրանք մեր գներն են, սակայն կան խանութներ, որտեղ 1 ձուն արժե նույնիսկ 90 դրամ,-ասում է Վանաձորի խանութներից մեկի աշխատակից Քրիստինե Ղարաքեշիշյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հոկտեմբեր ամսից սկսած՝ իրացվող հավկիթի չափսերը մեծացել են, այդ հանգամանքով պայմանավորված էլ՝ փոփոխվել է հավկիթի միջին գինը: Սակայն այս պարզաբանումը վանաձորցի գնորդին ընդհանրապես չի հետաքրքրում:
-Ինչ անենք, թե մի փոքր չափերը մեծ են, դա չի նշանակում, որ պետք է էդքան բարձրացնեն գները: Ես ունեմ աշխատող ամուսին, որի հետ պետք է ընդմիջման համար ամեն օր մի բան դնեմ: Եթե առաջ ես կարողանում էի 3 հատ ձու դնել, էսօր նույնիսկ 2 հատ չեմ կարող առնել: Խանութից գնած 2 ձուն արժե 200 դրամ, իսկ 1 տնական ձուն՝ 120-140 դրամով են վաճառում,-ասում է տիկին Անժելան:
-Տնական ձուն 120 դրամով եմ վաճառում: Չնայած՝ էլ էդքան չեմ վերցնում գյուղացուց, որովհետեւ շատ է թանկ, ոնց առնեն էս խեղճ մարդիկ, համարյա չեն էլ առնում,- ասում է Էթերա Մխիթարյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում