Բեռլինյան պատի անկման մասին 5 միֆերը. The Washington Post
Ամերիկյան The Washington Post պարբերականում հրապարակվել է պատմաբան Հոուփ Մ. Հարիսոնի «Բեռլինյան պատի մասին 5 միֆերը» խորագրով հոդվածը, որը որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Նոյեմբերին նշվում է Բեռլինյան պատի կործանման 25-ամյակը: Այդ իրադարձությունը փոխել է ողջ աշխարհը: Այսօր նրան տալիս են վիթխարի նշանակություն, ինչը կապված է ոչ միայն պատմության մեջ նրա տեղի, այլև` նրա շուրջ հյուսած լեգենդների շնորհիվ: Եկեք ձերբազատվենք Սառը պատերազմի այդ խորհրդանիշի վերաբերյալ մի շարք մոլորություններից:
1. Եղել է Բեռլինյան մեկ պատ – Իրականում եղել է երկու պատ: Նրանք գտնվել են միմյանցից 145 մետրից քիչ ավելի հեռավորության վրա, իսկ նրանց միջև գտնվել է «մահվան գոտին»` իր պահակային աշտարակներով, լուսավորող սարքերով, շներով, փշալարերով, հակատրանսպորտային խոչընդոտներով ու զինված աշխատակիցներով, որոնք պատրաստ են եղել կրակ բացել:
Այդ սահմանը ժողովրդավարական ու կապիտալիստական Արևմտյան Բեռլինն անջատում էր արևելյան, կոմունիստական մասից ու նրան հարակից Արևելյան Գերմանիայի տարածքից: Բացի այդ, Արևմտյան ու Արևելյան Գերմանիաների միջև ողջ սահմանի երկայնքով կառուցվել էր 1368 կիլոմետր երկարությամբ այլ արգելապատնեշ, որի մոտ տեղակայվել էր ավելի քան մեկ միլիոն ական:
Այն անհրաժեշտ էր նրա համար, որպեսզի մարդիկ չկարողանան ներթափանցել Արևելյան Գերմանիայի տարածք և նրա համար, որ որևէ մեկը չկարողանար դուրս պրծնել այնտեղից: Եվ այնուամենայնիվ, ավելի քան 5000 մարդու հաջողվել է փախչել:
Նրանք թաքնվել են մեքենաների գաղտնի մասերում, որոնք նրանց տեղափոխել են հակառակ կողմ, պատի վրայով թռչել են օդապարիկներով, պատը հատել են նրա տակ փորած թունելներով, ջրանցքներն ու գետերը լողալով հատելով: Ոմանց երջանիկ պատահականությամբ պարզապես հաջողվել է անցնել սահմանը:
Սակայն հարյուրավոր և հնարավոր է` հազարավոր գերմանացիներ սպանվել են փախուստի փորձերի ժամանակ: Մյուսներին ձերբակալել են ու ուղարկել բանտեր: Գերմանացի հետազոտողները ցայժմ ուսումնասիրում են, թե իրականում որքան մարդ է զոհվել սահմանի մոտ:
2. Բեռլինյան պատի կառուցումը Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի գլխավոր քայլն էր – 1952 թվականին ԽՍՀՄ-ը փակեց արևելագերմանական սահմանը, բայց քանի որ ողջ Բեռլինը գտնվում էր չորս երկրի (ԱՄՆ, ԽՍՀՄ, Մեծ Բրիտանիա ու Ֆրանսիա) վերահսկողության ներքո, ստիպված եղան ձեռք չտալ քաղաքին: Երբ Բեռլինի արևմտյան մասը վերածվեց արևելյան դժգոհ բնակիչների համար ապաստանի, ԳԴՀ-ի առաջնորդ Վալտեր Ուլբրիխտն առաջարկեց փակել սահմանը:
Այն ժամանակ ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ այդ քայլն առաջին հերթին մյուս երկրների աչքում իրենց կներկայացնի որպես հրեշ, իսկ երկրորդ հերթին դա տեխնիկապես անհնար է: Ութ տարվա ընթացքում Արևելյան Գերմանիայի ղեկավարները փորձել են խորհրդային առաջնորդ Նիկիտա Խռուշչովի մոտ «առաջ տանել» այդ գաղափարը:
1961 թվականի ամռանը, երբ Արևմտյան Բեռլինի միջոցով ամեն օր երկիրը լքում էր ԳԴՀ-ի ավելի քան 1000 բնակիչ, Խռուշչովը վերջապես տվեց իր համաձայնությունը և շատ զարմացավ` տեսնելով, թե ինչպես է Ուլբրիխտը նապապես լավ նախապատրաստվել դա իրականացնելուն:
3. Պատը կործանվեց նախագահ Ռեյգանի շնորհիվ – Շատ ամերիկացիներ հավատում են, որ 1987 թվականին Բեռլինում ասած իրենց նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքերը (Պարոն Գորբաչով, վերացրեք այս պատը) պատճառ հանդիսացան 1989 թվականին պատի վերացման համար:
Սակայն Խորհրդային բլոկում Միխայիլ Գորբաչովի բարեփոխումներն ու Արևելյան Գերմանիայի բնակիչների բուն գործողությունները շատ ավելի կարևոր էին, քան ամերիկացի նախագահի ելույթը: Պատի կործանումը մեկնարկեց 1989 թվականի նոյեմբերի 9-ին` ռեժիմի դեմ բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին:
Երբ ԳԴՀ-ի հազարավոր բնակիչներ սկսեցին ապաստան փնտրել Արևելյան Եվրոպայում ԳՖՀ-ի դեսպանատներում, ԳԴՀ-ի առաջնորդները որոշեցին հրաժարվել վիզային հին կանոններից, որոնց համաձայն` վիզաներ տրամադրվում էին միայն նրանց, ովքեր ունեին ծանրակշիռ պատճառներ` ընտանիքի անդամի հարսանիք ու հուղարկավորություն:
Նոր կանոններով մարդկանց ամեն դեպքում ստիպված եղան տրամադրել վիզաներ` երկիրը լքելու համար, սակայն դրանք նրանց հատկացվում էին արագ ու առանց հատուկ որևէ պահանջի:
4. Պատը կործանվել է 1989 թվականի նոյեմբերի 9-ին – ԳԴՀ-ի իշխանություններն այդ գիշեր ու հետագա շաբաթներին վերացրել են պատի միայն առանձին հատվածներ` ստեղծելու համար ավելի շատ անցակետեր: Մեծ քանակությամբ մարդիկ համապատասխան գործիքներով եկել էին պատի կտորներից իրենց տուն տանելու: Եվ այնուամենայնիվ, պատի մեծ մասը շարունակեց մնալ անվնաս:
Պատի պաշտոնական վերացումը մեկնարկել է 1990 թվականի ամռանը: Պահանջվեց գրեթե երկու տարի, որպեսզի վերացվեն Բեռլինի շուրջ ստեղծված սահմանային բոլոր ամրությունները և չորս տարի` ԳԴՀ-ը ԳՖՀ-ից անջատող նախկին սահմանի շուրջ կառուցված բոլոր ամրությունները: Բեռլինում ներկայումս պահպանվել են պատի առանձին հատվածներ:
5. Գերմանացիները պատի կործանման կապակցությամբ ուրախանում են ոչ ավելի պակաս, քան` մյուս երկրների բնակիչները – Իրականում Գերմանիայի բնակիչները յուրովի են արձագանքել պատի կործանմանը: Վերջիվերջո, ժամանակ նրանք սպանել են իրենց հայրենակիցներին, որպեսզի նրանց թույլ չտան լքել Արևելյան Գերմանիան:
Շատ գերմանացիների համար և հատկապես արևելքի գերմանացիների համար միավորումը տրվեց շատ ավելի բարդ, քան ակնկալվում էր` առաջացնելով գործազրկության բարձր մակարդակ ու վիրավորանքի զգացում, որը նրանց չլքեց 1990-ական թվականներից:
Կա նաև մեկ այլ գործոն, որը թույլ չի տալիս ուրախանալ պատի կործանման կապակցությամբ: Այդ ամսաթիվը` նոյեմբերի 9-ը, պատմության մեջ ունի ևս մեկ նշանակություն: 1938 թվականի այդ օրը նացիստներն ավերեցին հրեական խանութները, սինագոգերն ու տները:
Այդ իրադարձությունն անվանում են «Կոտրված ցուցափեղկերի գիշեր» (Night of Broken Glass) կամ «Բյուրեղապակյա գիշեր» (Kristallnacht): Նացիստական անցյալի շանր բեռան պատճառով շատ գերմանացիներ, առանց հատուկ խանդավառության, դիմում են սեփական պատմությանը: Անցավ 20 տարի, որպեսզի Բեռլինյան պատի կործանումը գերմանացիների համար դառնա դրական պահ»: