
«Հսկայական առաջընթաց է գրանցվել». Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպումից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում կայացած բանակցությունների արդյունքների մասին խոսելիս դրանք անվանել է «շատ արդյունավետ» և հայտնել է «զգալի առաջընթացի» մասին մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում:
«Ես կասեի, որ մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք։ Մենք իսկապես հսկայական առաջընթացի ենք հասել»,-հայտարարել է նա համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Անցնելով անձնական գնահատականների՝ ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ միշտ էլ լավ հարաբերություններ է պահպանել Պուտինի հետ:
«Ես միշտ հրաշալի հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի՝ Վլադիմիրի հետ»,-նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս և ամբողջ ռուսական պատվիրակությանը:
Միևնույն ժամանակ Թրամփը ժպիտով հավելել է, որ ԶԼՄ-ներում հրապարակումներից ճանաչում է Ռուսաստանի նախագահի թիմի շատ անդամների. «Դուք գրեթե նույնքան հայտնի եք, որքան ձեր բոսսը»։
Խոսելով բանակցությունների բովանդակային մասի մասին՝ Թրամփը հայտնել է, որ կողմերին հաջողվել է համաձայնեցնել ուկրաինական խնդրին վերաբերող բազմաթիվ կետեր, թեև մի շարք հարցերի շուրջ առայժմ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:
«Շատ կետեր համաձայնեցվել են, բայց շատ քիչ բան է մնացել։ Դրանցից մի քանիսն այնքան էլ էական չեն», – հստակեցրել է նա։
ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Պուտինը նույնքան շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության դադարեցման հարցում, որքան ինքը. «Մենք պատրաստվում ենք դադարեցնել արյունահեղությունը, և նախագահ Պուտինը դա ուզում է ճիշտ այնպես, ինչպես ես»:
Այնուհետև Թրամփը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև շփումները կշարունակեն արդյունավետ լինել:
«Մենք այս տարիների ընթացքում լավ, արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել․․․ Հուսով ենք, որ այդպես կլինի նաև ապագայում»,-ասել է նա:
ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ մտադիր է բանակցություններից հետո զանգահարել ՆԱՏՕ և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որպեսզի անձամբ տեղեկացնի նրանց ձեռք բերված արդյունքների մասին:
«Որոշ ժամանակ անց ես կզանգահարեմ ՆԱՏՕ, կզանգեմ տարբեր մարդկանց, որոնց հարմար կհամարեմ, և կզանգեմ Զելենսկուն և կպատմեմ նրանց այսօրվա հանդիպման մասին»:
Պատասխանելով հնարավոր հաջորդ հանդիպման մասին հարցին՝ ամերիկացի առաջնորդը հնարավոր է համարել, որ այն կարող է անցկացվել Մոսկվայում:
«Հաջորդ անգամ Մոսկվայո՞ւմ։ Հետաքրքիր առաջարկ է: Միգուցե այդպես էլ լինի, տեսնենք»,-ասել է նա։
Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: