ԼՂՀ-ում վերացական հաշիվներից թույլ են
Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական` տասներորդ նիստը: Յուրաքանչյուր կողմից նիստին մասնակցել են մեկ տասնյակի մոտ պատգամավորներ և քննարկվել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացքող քննարկումները և այդ քննարկումների ժամանակ հայկական պատվիրակությունների կատարած աշխատանքը: Հայկական պատվիրակությունների անդամները հաշվետվություններ են ներկայացրել համատեղ նիստի մասնակիցներին:
Բնականաբար, ամենամեծ ուշադրությունը դարձվել է ԵԽ ԽՎ-ին, որտեղ, հատկապես վերջին շրջանում, անընդհատ հայկական կողմի համար ոչ ընդունելի իրադարձություններ են տեղի ունենում: Մեկ ԵԽ ԽՎ-ում քննարկվում է բռնի տեղահանվածների հարցը, մեկ Սարսանգի ջրամբարն է ներկայացվում` որպես հավանական էկոլոգիական աղետի աղբյուր, իսկ վերջերս էլ ԵԽ ԽՎ-ում շրջանառության մեջ էր դրվել բանաձև, որով Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները ներկայացած էին` որպես գրավյալ տարածքներ:
Ինչ պետք է անեն հայկական պատվիրակությունները նման քննարկումները կանխելու կամ նման ձևակերպումներ թույլ չտալու համար: ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ ԵԽ ԽՎ-ն շատ դեպքերում նմանվում է Միլի Մեջլիսին (նկատի ունի Ադրբեջանի խորհրդարանը), քանի որ այնտեղ ադրբեջանցիների ազդեցությունը բավական ուժեղ է: Նա օրինակ է բերում սոցիալիստների խումբը, որի անդամ է ՀՅԴ-ն և ասում, որ այդ խմբի անդամ 128 պատգամավորների մեծամասնությունն ադրբեջանցիների ազդեցության տակ է, և բանակային կարգապահությամբ մասնակցում է ադրբեջանցիների կողմից ներկայացված նախաձեռնությունների քննարկմանը և քվեարկություններին: Այսինքն` ստացվում է, որ այդ պատգամավորները հավատարիմ են ոչ թե սոցիալիստական ինտերնացիոնալի հռչակած գաղափարներին, այլ ադրբեջանական նավթադոլարներին: Չնայած մեր պատվիրակության մյուս անդամները չմանրամասնեցին, թե ինչ իրավիճակ է այն կուսակցական խմբերում, որոնց իրենք են անդամակցում, սակայն պարզ է մի բան, որ իրենց գաղափական սկզբունքերի նկատմամբ հավատարմությունը հանուն դրամի զիջել են նաև ԵԽ ԽՎ մյուս խմբերի ներկայացուցիչները:
ԼՂՀ խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ խոսելով հայկական պատվիրակությունների աշխատանքի նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքի մասին, հայտարարեց, որ իրենք դրական են գնահատում այդ աշխատանքը և հասկանում են, թե ինչ դժվարին պայմաններում են աշխատում հայ խորհրդարանականները: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը անցավ կատարյալ փոխըմբռման մթնոլորտում:
Ինչ վերաբերվում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա այս հարցում էլ ԼՂՀ խորհրդարանականների ակնկալիքներն այնքան մեծ չեն: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք իրենք հաշվե՞լ են՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ի՞նչ ազդեցություն կունենա ԼՂՀ տնտեսության և սոցիալական իրավիճակի վրա, հայտարարեց, որ իրենք չեն բացառում, որ այն կարող է դրական ազդեցություն թողնել: Իսկ ավելի կոնկրետ հաշվարկներ չեն արվել, որովհետև ԼՂՀ-ում սովոր են հաշվի նստել կայացած փաստի հետ: «Վերացական հաշիվների մեջ մենք շատ թույլ ենք»,- հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախագահը: Իսկ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից ամենաիրական ակնկալիքն այն է, որ Հայաստան-ԼՂՀ հարաբերություններում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես որ կա, ինչպես որ մինչև այժմ եղել է:
Միակ բանը, որ ուզում են փոխել ԼՂՀ խորհրդարանականները, ԼՂՀ-ին բանակցությունների լիիրավ կողմ դարձնելն է: Մեր այն հարցին, թե այդ նպատակի իրականացման համար արդյոք նպատակահարմար չի՞ լինի, եթե ԼՂՀ իշխանությունները հայտարարեն, որ Հայաստանի իշխանությունը չի կարող ներկայացնել ԼՂՀ-ն և նրա ժողովրդի օրինական շահերը, և դա կարող է անել միայն ԼՂՀ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը, ԼՂՀ ԱԺ նախագահը նման կատեգորիկ մոտեցումն անընդունելի համարեց, ասելով, որ այդպիսի հայտարարությունից հետո Ղարաբաղը կմնա միայնակ: Բայց Աշոտ Ղուլյանը չի կարծում, որ այս վիճակը հավերժ պահպանվելու է:
Ընդհակառակը` նա համոզված է, որ կարգավորման վերջնական փուլում ԼՂՀ իշխանություններն անպայման մասնակցելու են բանակցային գործընթացին, իսկ այն փաստը, որ նրանք դեռևս չեն մասնակցում այդ գործընթացին, նշանակում է, որ բանակցությունները դեռ չեն մտել վերջնական փուլ:
Երեկվա միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից ԼՂՀ ճանաչելու նախաձեռնությունները որակեց այսպես. «Այս պահին դա պրովոկացիա է, քաղաքական կապրիզի դրսևորում»: ԼՂՀ ԱԺ նախագահը համաձայնեց ՀՀ ԱԺ նախագահի այս բնորոշումների հետ: