Բաժիններ՝

Ո՞վ է Էթյեն Մահչուփյանը. Թուրքիան ի ցույց է դնում «փոփոխվող» Թուրքիայի պատրանքը

Թուրքական մամուլի էջերից չի իջնում հայ գրող, մտավորական Էթյեն Մահչուփյանի լուսանկարը: Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայ մտավորականին նշանակելու փաստը բազմակողմ քննարկման նյութ է դարձել թուրքական քաղաքական ու մտավորական շրջանակներում:

Ի դեպ, նաև սփյուռքահայ մամուլն է ակտիվ քննարկում այս թեման՝ հիմնականում նշելով, որ պետք չէ ուրախանալ ու շտապել ի օգուտ հայության ենթադրություններ անելու և սպասելիքներ ունենալու հարցում, այլ պետք է սպասել և տեսնել, թե ինչ խորամանկություն կա «թաքնված» Դավութօղլուի այս քայլի ետևում: Ո՞վ է Էթյեն Մահչուփյանը, և ինչո՞ւ Թուրքիայի և, առհասարակ, տարածաշրջանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը հենց նրան ընտրեց` իբրև իր գլխավոր խորհրդական: «168 Ժամի» հարցերին պատասխանում է թուրքագետ, «Թուրքագիտական պորտալի» հիմնադիր Գևորգ Պետրոսյանը:

– Թուրքիայում հայտնի մտավորական, գրող, ազգությամբ հայ Էթյեն Մահչուփյանին չեն ճանաչում իր հայրենիքում: Ո՞րն է, Ձեր կարծիքով, դրա պատճառը:

Etyen– Պետք է ասել, որ մեր երկրում Մահչուփյանին տարբեր, հիմնականում նեղ շրջանակներում ճանաչողներ կան, բայց համընդհանուր ճանաչման առումով, այո, նրան Հայաստանում չգիտեն: Պատճառներից մեկն էլ այն է, որ նա նախևառաջ` Թուրքիայում այդ երկրի քաղաքականության մասնագետ է, գրում է թուրքերենով, թուրքական լրատվամիջոցների համար, ուստի հայկական լրատվադաշտում է հայտնվում այն դեպքերում, երբ ուշադրություն գրավող անդրադարձ է կատարում հայկական թեմային:

Կարդացեք նաև

Եվ հետո, նա այն ոլորտում չէ (քաղաքական լրագրող, վերլուծաբան է), որտեղ գործող անձանց ճանաչում են լայն զանգվածներ, բայց Թուրքիայի հայ համայնքում նրան ճանաչում են գրեթե բոլորը: Նա կարևոր ներդրում է ունեցել Թուրքիայի հայերի կյանքում: Նա է հեղինակը մեծ արձագանք ստացած և բազմաթիվ մրցանակների արժանացած «Տիկին Սալքըմի ադամանդները» ֆիլմի սցենարի, որում բարձրաձայնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում հայերի նկատմամբ պետության բռնաճնշումների մասին: Եվ նա էր, որ 2007 թվականին «Ակօսի» հիմնադիր Հրանտ Դինքի սպանությունից հետո ծանր շրջանում ստանձնեց հայկական թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները:

– Ինչո՞վ է տարբերվում նա Հրանտ Դինքից, որն իշխանությունների համար այնքան էլ ընդունելի չեղավ:

– Մահչուփյանն ու Դինքը տարբեր գործիչներ են, թեև որոշ ժամանակ փորձում էին նրանց համեմատել, ասել, թե նա Դինքի գործի շարունակողն է, բայց 2010-ից նա բաժանվեց «Ակօսից»: Մահչուփյանն առավել լոյալ է թուրքական իշխանությունների հանդեպ, քան Դինքն էր, թեև տարբեր կետերում նրանց տեսակետները համընկնում էին:

– Դավութօղլուի այս քայլի շուրջ աղմուկը սպասվածից ավելի չէ՞:

– Ժամանակակից Թուրքիայում սա բավական լուրջ նշանակում է: Եվ երբ Թուրքիայում նման մակարդակի նշանակում է լինում, այն էլ՝ այդ պաշտոնը վստահում են ազգությամբ հայ գործչի, արձագանքն անհամեմատ ավելի մեծ է լինում: Վերլուծելով Էրդողանի ու Դավութօղլուի՝ Հայոց ցեղասպանության հարցում որդեգրած քաղաքականությունը, և Թուրքիայի` 2015-ի նախապատրաստության պատմությունը, նշանակումը կարելի է և պետք է կապել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Թուրքիան նախկին ամիսներին էլ ցույց է տվել, որ պատրաստ է անսպասելի և արտաքնապես դրական քայլերի, որպեսզի ի ցույց դնի «փոփոխվող Թուրքիայի» պատրանքը: Այսպիսով Թուրքիան դրական փոփոխությունների գնալու պատրանք է ստեղծում: Այս շրջանակներում առավել քան տեղավորվում է Մահչուփյանի անսպասելի նշանակումը նման պատասխանատու ու կարևոր պաշտոնում, ինչպես և դրան հետևած շատ սպասելի աղմուկը:

Մահչուփյանի նշանակումը 2015-ի համատեքստում կարելի է համադրել անցյալ տարի դեկտեմբերին Դավութօղլուի երևանյան այցի, Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձի հետ: Իսկ այս շղթան, վստահ ենք, դեռևս անավարտ է, և Թուրքիայից նման նոր ու «աննախադեպ» քայլեր սպասելու հիմքեր շատ կան: Բայց և պետք է հաշվի առնել այն, որ Դավութօղլուն իր թիմը համալրում է որակյալ ու փորձառու կադրով: Այսպիսով, Թուրքիան միանգամից մի քանի խնդիր է լուծում ինչպես` Ցեղասպանության դեմ պայքարի շրջանակներում, այնպես էլ` իշխանական ճամբարում նոր որակյալ հավելում կատարելով:

– Ի վերջո, ո՞րն է Մահչուփյանի ինտելեկտուալ հմայքի գաղտնիքը, որով, Դավութօղլուն խոստովանել է, որ միշտ հիացած է եղել դեռևս ուսանողական տարիներից:

– Իրոք, Մահչուփյանը բավական հեղինակավոր և հարգված քաղաքական վերլուծաբան ու գրող է Թուրքիայում: Նա երկար տարիներ աշխատել է թուրքական ամենահեղինակավոր լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են` «Ռադիկալ», «Թարաֆ», «Զաման» պարբերականները, իսկ վերջին շրջանում հոդվածներ էր պատրաստում իշխանամետ, պրոէրդողանական «Աքշամ» պարբերականի համար: Մինչ «Աքշամ» տեղափոխվելը` Մահչուփյանը համագործակցում էր Թուրքիայում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթի՝ «Զամանի» հետ, որը գյուլենական շարժման հենասյունն է: 2013 թվականի դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալից հետո այս թերթը, որն ավելի վաղ հայտնի էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աջակցությամբ, անցավ ընդգծված ընդդիմադիրների շարքը, ինչը հետևանք էր գյուլենական շարժման հիմնադիր ու առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենի և Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանի միջև կատաղի առճակատման:

Այս տարվա մայիսին Մահչուփյանը որոշեց փոխել քաղաքական ճամբարը` ընդդիմադիր դարձած գյուլենական լրատվամիջոցից անցում կատարելով պակաս հեղինակավոր և քիչ ազդեցիկ, բայց և իշխող շրջանակների հետ լավ հարաբերություններ ունեցող «Աքշամ» թերթ: Ինչպես և Թուրքիայի առաջադեմ մտավորականության զգալի մասը, Մահչուփյանը նույնպես հայ-թուրքական բաց սահմանների կողմնակից է, սակայն, հաշվի առնելով առկա խնդիրները, նաև պրագմատիկ տեսակետների կիսող է:

– Ի՞նչ արձագանքներ կան թուրքական շրջանակներում այս նշանակման շուրջ:

– Թուրքիայում Մահչուփյանի նշանակումը հասարակական կարծիքը բաժանել է երկու հակադիր ճամբարների: Ազգայնական շրջանակները շտապեցին քննադատել իշխանություններին` ազգությամբ հայի խորհրդական նշանակելու համար, մինչդեռ մի խումբ թուրք մտավորականներ էլ ողջունեցին այդ քայլը՝ մեկնաբանելով այն` որպես դրական ու կարևոր քայլ Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհին: Ամեն դեպքում, նշանակումը միանշանակ լուրջ աղմուկ բարձրացրեց, ինչը, կարծում եմ, թուրքական իշխանության պլանների մեջ էր մտնում:

– Իր վերջին հարցազրույցներից մեկում Մահչուփյանն ասել է, թե Հայկական հարցը Թուրքիայում միջին կարևորություն ունեցող մի հարց է: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իրականում ես համաձայն եմ այն մտքի հետ, որ Հայկական հարցը ժամանակակից Թուրքիայի առաջնային խնդիրներից չէ: Կա քրդական հարց, կա Կիպրոսի հարց, ԵՄ ձգձգվող անդամագրություն, կան մերձավորարևելյան զարգացումները: Այս շղթայում Հայկական հարցը վերին հորիզոնականներում չէ, թեև 2015-ին ընդառաջ` կարևորություն և հնչեղություն է ստացել, և Թուրքիան լրջորեն է նախապատրաստվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Բայց որքան էլ ռեալ ժամանակով Հայկական հարցն օրակարգային գերխնդիր չէ Թուրքիայի քաղաքական կյանքում, այնուամենայնիվ, այն, ըստ էության, երկրորդական հարց չէ և խիստ կարևոր է թուրքական պետության համար, առավել ևս` անկախ Հայաստանի գոյության պայմաններում:

– Էրդողանի՝ Հայաստան գալու ՀՀ նախագահի հրավերի մասին Մահչուփյանն ասել է, թե գալուց առաջ այլ ժեստեր կան, որ պիտի արվեն երկուստեք: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ժեստերի մասին է խոսքը:

– Միգուցե նա նկատի ուներ արձանագրությունների վավերացո՞ւմը, կամ այլ քաղաքական ժեստեր, հայտարարություններ, քայլեր: Կարծում եմ՝ դրանք առավել լավ Մահչուփյանն ինքը կկարողանա մանրամասնել: Դժվար է պատկերացնել, թե հայկական կողմն ի՞նչ ժեստ պետք է անի, որպեսզի Էրդողանն այցելի Ծիծեռնակաբերդ՝ հետքայլ Արցախի կամ Ցեղասպանության ճանաչման հարցերո՞ւմ: Իրատեսական չէ: Կարևոր է նկատի ունենալ այն, որ Էրդողանը, եթե այդ օրը Երևան այցելի էլ, ապա ի՞նչ կլինի. արդյո՞ք նա չի գա առաջ քաշելու թուրքական թեզերը, այն է՝ 1915-ին, հայերի պես, տուժել են նաև թուրքեր ու այլ մուսուլմաններ, սա մեր «ընդհանուր ցավն է», կամ էլ հիշի Խոջալուի դեպքերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս