Բաժիններ՝

Ինչ լինում է, թող լինի: Մե՞զ ինչ…

Հոկտեմբերի 30-ին, կեսօրին, Րաֆֆու, Բաբաջանյան փողոցներից մինչև Արգավանդի խաչմերուկ, միացված էին փողոցի բոլոր լապտերները: Դիոգենեսի փորձը՝ օրը ցերեկով ճրագով շրջել փողոցներով ու ՄԱՐԴ փնտրել, դարեր առաջ արդեն անհաջողության էր մատնված: Էլցանցն էլ դա չէր անի: «Հետևաբար,- մտածեցի,- էլցանցում պարզապես մոռացել են անջատել լուսավորությունը: Պետք է հիշեցնել»:

Ինքս սարսափելի շտապում էի: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հարևանությամբ, Րաֆֆու փողոցի վրա բազմաթիվ խանութներ ու կրպակներ կան:

Մտա մթերային խանութներից մեկը:
– Բարև ձեզ: Ձեր փողոցում լուսավորությունն օրը ցերեկով միացած է: Հավանաբար էլցանցի հետ շփում ունեք: Խնդրում եմ, եթե դժվար չէ, զանգահարեք, թող անջատեն: Ափսոս է, հոսանքն իզուր կորչում է:

Վաճառողուհին նայեց երեսիս այնպես, ասես իր խանութից հենց նոր գողություն կատարեցի.
– Ազիզ ջան, չեմ հասկանում քեզ. ի՞նչ ես ուզում: Ի՞նչ լույս, ոչ մի բան չգիտեմ:
Տիկինն ակնհայտորեն տրամադրված էր զրույցը սրանով եզրափակել:
– Ինչպե՞ս,- համառեցի,- ձեր փողոցում օրը ցերեկով փողոցի լույսերը վառվում են, ու ձեզ չի՞ հետաքրքրում:

Գլուխը դուրս հանեց խանութի դռնից, նայեց վերև:
– Ով վառ ա թողել, թող նրան էլ հետաքրքրի: Երբ էլցանցը մեր վրա 100 000 տուգանք էր գրում, բա ինչո՞ւ էն ժամանակ չեկաք, չհարցրեցիք՝ էս ի՞նչ են անում:

Զրույցը մտավ փակուղի: Իրոք, ոչ մի արդարացում չունեի, թե ինչու այդ ժամանակ չեմ հետաքրքրվել տարաբախտ այս վաճառողուհու տուգանքով: Անմիջապես մտա հարևանությամբ գտնվող պտուղ-բանջարեղենի խանութ:

– Բարև ձեզ: Գիտե՞ք, ձեր փողոցի լապտերները միացված են, հոսանքն իզուր կորչում է, չեք կարո՞ղ զանգ տալ էլցանց կամ, հնարավոր է, գիտե՞ք՝ ինչո՞ւ է փողոցի լուսավորությունը զուր միացված:

Վաճառողը տղամարդ էր, հայացքից անմիջապես երևում էր՝ ամեն ամիս պարտաճանաչորեն մուծում է իր տան կոմունալ ծախսերը: Նա վաճառքի անուրախ գործընթացն արևածաղկի սերմ չրթելով էր զվարթացնում: Եվ ինձ պատասխանելու համար դադարեցրեց չրթելու գործընթացը.

– Քույրիկ ջան, բանուգործ չունես: Միացրած ա, թող միացրած մնա, դո՞ւ ինչի ես խառնվել:

Չէ, սա արդեն չափազանցություն է: Մտնում եմ հաջորդ խանութը:

– Բարև ձեզ,- ասում եմ:
Հետո՝ նույն տեքստը՝ բա, այսպես ու այսպես, ձեր փողոցի լուսավորությունն օրը ցերեկով միացրած են թողել, գուցե հետաքրքրվե՞լ եք՝ ի՞նչ նպատակով են օրը ցերեկով լապտերները վառվում, գուցե մոռացե՞լ են անջատել:

– Չենք իմանում,- ասացին վաճառասեղանի մոտ կանգնած երկու կանայք: Իսկ բազմաթիվ հաճախորդներ անգամ չարձագանքեցին էլ՝ վառվում է, թող վառվի, մե՞զ ինչ:

Այլևս ժամանակ չունեի. շտապում էի հանդիպման պատմաբան Արգամ Այվազյանի հետ: Բավական է ասել, որ նա Նախիջևանի մասին ավելի քան 30 աշխատության հեղինակ է: Նախիջևանի յուրաքանչյուր թիզը գիտի, ժամանակին լուսանկարել ու նյութեր է հավաքել Նախիջևանում հայկական մշակութային ներկայության ամեն նմուշի մասին: 1998-2006 թթ. Նախիջևանի բոլոր հայկական քրիստոնեական հուշարձանները հիմնահատակ ավերվեցին: Հայաստանի պաշտոնական արձագանքը, ինչպես միշտ, էմոցիաներով սկսվեց և այդպես էլ ավարտվեց:

Եվ այսօր ոչնչացված մշակութային ժառանգության բոլոր նմուշները, դրանց մասին վկայությունները, տեսագրությունները, լուսանկարները գիտնականի անձնական արխիվում են:

«2008-ին դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ գնելու իմ անձնական արխիվը, որ կարողանամ այդ գումարներով հրատարակել իմ անտիպ աշխատանքները, նոր ուսումնասիրություններ անել: Նման դեպքում, գիտեք, գումար չի գտնվում: Հետո արհեստական խոչընդոտներ ստեղծեցին՝ իբրև թե՝ սլայդների, ֆոտոժապավենների որակն այն չէ, դրանք կրկնօրինակներ են, և այլն: Ասեմ՝ աշխարհում սրա կրկնօրինակը չկա: Այսինքն՝ չկա մեկ ուրիշը, որի մոտ կա ավելի լավորակ տեսանյութ, ժապավեններ…

Աշխարհում չկա մեկ ուրիշը, որ ասեն՝ Այվազյանի արխիվը չենք գնում, գնում ենք այս մյուսինը: Չկա՛…»: «Իսկ որքա՞ն գումար եք ակնկալում Ձեր արխիվի համար»,- հարցրեցի, բայց և անհարմար զգացի. նման դեպքերում գին չի լինում, նման եզակի գիտական նյութերն անգին են: Սակայն, բնական է, հասկացողի, գնահատողի համար: Սակայն պարոն Այվազյանը նշեց՝ 20 միլիոն դրամ:

Կրկնենք, որ այս արխիվը Նախիջևանում հայկական երբեմնի ներկայության եզակի, վավերագրական նյութեր է պարունակում, որոնք երկրորդ օրինակն աշխարհում չունեն: Եվ կառավարությունն այս նպատակով գումար հատկացնել չի կարող: Սա ձեզ համար պետական միջոցներով Դիլիջանում կառուցվող Ֆիննախի ուսումնական կենտրոնը չէ, որտեղ, ըստ մամուլում հայտնված տեղեկատվության, շքեղ զուգարանակոնքեր և հատուկ որակի, զրահապատ թանկարժեք դռներ են տեղադրվել:

Խանութի աշխատակիցը լրիվ անտարբեր է՝ իր փողոցում, օրը ցերեկով վառվող լապտերների հանդեպ. իրե՞ն ինչ, որ հոսանքը հենց այնպես ծախսվում է: Հո իր գրպանից չէ՞: Ով վճարելու է, թող նա էլ մտածի:

Պետության համար բացարձակ միևնույն է՝ իր պատմության կարևորագույն մի շրջան, որն ապագայում կարող է քաղաքական հարաբերությունների սեղանին դրվել, որևէ տեղ արձանագրվա՞ծ է, թե՞ ոչ: Տվյալ դեպքում, մեր կառավարությանը պե՞տք է Նախիջևանում հայկական քրիստոնեական մշակույթի ներկայության մասին անմիջական, առաջին ձեռքից տեղեկատվություն: Իհա՛րկե ոչ:

Ում պետք է, թող նա էլ անհանգստանա կամ մտահոգվի:

Տվյալ դեպքում, գիտնականին ոչ ոք չի խնդրել՝ կյանքը նվիրել գիտությանը, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի տարածքի՝ Նախիջևանի ուսումնասիրությանը: Իրեն պետք է, թող ինքն էլ մտահոգվի՝ ինչ է անելու իր արխիվը: Կարծում եմ, պետության համար լրիվ միևնույն կլիներ անգամ, եթե Արգամ Այվազյանն այդ արխիվը տար՝ որպես նվեր:

Վերևում և ներքևում կարծես լրիվ ներդաշնակություն է…

Հ.Գ. Ի դեպ, ինքս երեկ զանգահարեցի էլցանց և ճշտեցի, որ հոկտեմբերի 30-ին Րաֆֆի, Բաբաջանյան փողոցների լուսավորությունն օրը ցերեկով միացված էր պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս