
«Սա Ռուսաստանի կողմից ամենաապահով սուտն է, որով մեզ անընդհատ կերակրում են»

«Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը… Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել. Ղրիմը պատմականորեն ռուսական հող է»,- ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում նման հայտարարություն էր արել միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:
Նրա այս հայտարարությունը դժգոհության ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանում: Ըստ էության՝ Ռիժկովը կասկածի է ենթարկել Լեռնային Ղարաբաղի՝ հայկական տարածք լինելու փաստը: Այս հարցի շուրջ իրենց տեսակետներով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվեցին բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը և երաժիշտ Արտավազդ Բայադյանը:
Արտեմ Հարությունյանը Ռուսաստանից Հայաստան կատարած ցանկացած այց դրական քայլ է համարում: Ըստ նրա՝ եթե նույնիսկ արտառոց արտահայտություններ էլ են եղել, այնուամենայնիվ Ռուսաստանը մնում է մեր մեծագույն դաշնակիցը.
«Հայաստանը մի կաթիլ է մուսուլմանական օվկիանոսում, և այս պահին աղոթենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ստրատեգիական, աշխարհաքաղաքական շահերը համընկնեն: Թե առանձին մարդիկ ինչ կասեն, կարևոր չէ: Ռիժկովն այն մարդն էր, որ վիթխարի ֆոնդեր հանեց երկրաշարժի ժամանակ և մեր ժողովուրդը որպես երախտագիտություն կենդանության օրոք նրա արձանը կանգնեցրեց: Ես էլ եմ գտնում, որ նա սխալվել է՝ նման արտահայտություն թույլ տալով, բայց ոչինչ, դրանից ոչինչ չի փոխվում»:
Ա. Հարությունյանի այս խոսքին անմիջապես հակադարձեց Դավիթ Գասպարյանը՝ ասելով, որ հարցը բավականին լուրջ է. «Մի բան է, երբ մենք ինքներս ենք գիտակցում մեր թերությունները և խոսում դրա մասին, մեկ այլ բան է, երբ դրսից մեզ դիտողություն են անում: Դա արդեն վիրավորանք է: Այդ կապակցությամբ ես շատ ծանր եմ տանում դրսից արված այդ դիտողությունները: Ղրիմ-Ղարաբաղ համեմատության մեջ Ղարաբաղը շահեկան դիրքում է, քանի որ այն պատմականորեն հայկական հող է, իսկ Ղրիմը ցարերի ժամանակ աստիճանաբար նվաճված և հիմա էլ վերանվաճված տարածք է, որ Ռուսաստանի կազմում է: Այնպես որ՝ եթե այդ հարցում համեմատության եզր չկա, ուրեմն Ղարաբաղն իր տեղում է: Չեմ կարծում, որ ռուսն այդպես կխոսի Ադրբեջանում: Նշանակում է՝ մենք հեշտությամբ մեր ազատությունը մատուցեցինք մեր վաղեմի բարեկամին: Մենք այդ բարեկամությանը կողմ ենք, սակայն այդ բարեկամությունը միակողմանի չպիտի լինի»:
Դ. Գասպարյանի այս տեսակետներին համակարծիք էր նաև Արտավազդ Բայադյանը: Նրա խոսքով՝ շատ հաճախ ռուս պաշտոնյաները գալիս են և իրարամերժ հայտարարություններ անում, ինչն ակնհայտ է. «Իմ կարծիքով՝ սա Ռուսաստանի կողմից ամենաապահով սուտն է, որով մեզ անընդհատ կերակրում են, և մենք դա ընդունում ենք: Ղարաբաղն ուրիշ հարց է, Ցեղասպանությունն ուրիշ հարց է, և այդպես էլ չեն մեկնաբանում, թե այդ ուրիշ հարցը որն է: Սա նշանակում է, որ մեր կողմից անկախությունը լավ գիտակցված չէ»: