Հայաստանում կստեղծվի թանկարժեք մետաղների զտարկման գործարան
Այսօր Կենտրոնական բանկում տեղի ունեցավ մտադրությունների վերաբերյալ հուշագրերի ստորագրման արարողություն, որին մասնակցում էին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, շվեցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիր, «Արմսվիսսբանկի» և «Թեքնոսերտ» ընկերության խորհրդի նախագահ Վարդան Սիրմաքեշը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնը և այլոք:
Կենտրոնական բանկի և «Թեքնոսերտ» ընկերության միջև ստորագրվեց Հայաստանում թանկարժեք մետաղների (հիմնականում ոսկու և արծաթի) զտարկման (աֆինաժի) գործարանի ստեղծման վերաբերյալ Մտադրությունների մասին հուշագիր: Գործարանի գործունեության հիմնական նպատակն է հանդիսանալու 999.9 հարգի բանկային ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը և վաճառքը Հայաստանում և միջազգային շուկայում՝ Հայաստանում արդյունահանվող ոսկու և արծաթի հանքանյութի (խտանյութի) մշակումով: Գործարանի ստեղծմանն ու հետագա կառավարմանը պետք է ներգրավվեն տվյալ ոլորտում միջազգային փորձ և հեղինակություն վայելող ընկերություններ:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ» ՍՊԸ-ի միջև ստորագրվեց Մասնավոր ներդրումների կառավարման գործունեություն իրականացնող ընկերություն հիմնադրելու վերաբերյալ Մտադրությունների մասին հուշագիրը:
Ընկերության հիմնական առաքելությունն է լինելու ներդրողներին ՀՀ-ում և ՀՀ տարածքից դուրս ստեղծվող կամ գործող մասնավոր առևտրային ընկերությունների կապիտալում ներդրումներ կատարելու, այդպիսի ներդրումները կառավարելու և հետագայում դրանց օտարումը կազմակերպելու գործում համալիր ծառայությունների մատուցումը:
Ընկերության հիմնական ջանքերն ուղղված են լինելու գործընկեր հանդիսացող առևտրային ընկերությունների գործունեության ընդլայնմանը, մասնավորապես՝ տնտեսության տարբեր ոլորտներում աճի պոտենցիալ ունեցող գործարար ծրագրերի բացահայտմանը, դրանց գնահատմանը և իրականացմանը:
Նորաստեղծ ընկերությունը կնպաստի շուկայում նոր մշակույթի ձևավորմանը, այն է մասնավոր ակտիվների կառավարումը, որն իր մեջ կամփոփի ընկերությունների կորպորատիվ կառավարման, բիզնեսի զարգացման, մրցունակության բարձրացման, նոր շուկաների ստեղծման տարրեր:
Արարողության մասնակիցները բարձր գնահատեցին եւ կարեւորեցին ստորագրված փաստաթղթերի հիման վրա ստեղծվելիք ընկերությունների դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման, օտարերկրյա եւ մասնավոր ներդրումների խթանման գործում: Նշվեց, որ թանկարժեք մետաղների զտարկման գործարանի գործարկումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնելու Հայաստանում ոսկու արդյունահանման և զտարկման ծառայությունների արդյունավետությունը: Կենտրոնական բանկի նշված նախաձեռնությունը առավել քան կարևորվում է՝ հատկապես հաշվի առնելով ոսկու ներդրումային նշանակությունը որպես կարևոր պահուստային գործիք և ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացման միջոց:
Մասնավոր ներդրումային ֆոնդի հիմնադիրների հավաստմամբ կարևորվելու են նորարարություններ և know-how տեխնոլոգիաներ պարունակող ներդրումային ծրագրերը: Հարկ է նշել, որ այս նախաձեռնությունը կծառայի միջազգային ֆինանսական միջոցների ներգրավմանը: Դրա մասին է վկայում այն, որ առկա ներդրումային ֆոնդերը ձևավորվել են արտերկրյա մասնավոր ներդրողների և միջազգային ֆինանսական ընկերությունների միջոցներով: