«Բիզնես ինովացիոն» երկրորդ ֆորումի առանցքում տեխնոլոգիական կրթության հարցերն են
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Դիլիջանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից կանցկացվի «Բիզնես ինովացիոն» 2-րդ ֆորումը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևորում է համաժողովի անցկացումը, քանի որ այն նախանշում է նորարարությունների ներդրումը տնտեսության մեջ: Ինովացիոն բիզնես ֆորումի հիմնական շեշտադրումներն ուղղված են լինելու կրթության, հատկապես հանրակրթության ոլորտներին:
Ըստ Կ. Վարդանյանի` պետք է հանրակրթական մակարդակից սկսել ինժեներական կրթության հիմքերը ներդնել: Ֆորումի շրջանակներում քննարկվելու են հանրակրթական և բարձրագույն կրթության ոլորտներում նորարարությունների առումով կատարվելիք աշխատանքները: Անդրադարձ կլինի ձեռներեցության, օրենսդրական, ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքներին:
Կարեն Վարդանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ համաժողովին հրավիրված է Իսրայելի վենչուրային քաղաքականության հիմնադիրը, ով մասնակիցներին կներկայացնի այդ ոլորտում Իսրայելի փորձը:
Երկօրյա քննարկումների արդյունքում ՀՀ կառավարությանը կներկայացվեն հստակ առաջարկներ հետագա անելիքների մասին:
Նշենք, որ Հայաստանի ՏՏ ոլորտի ղեկավարները նպատակ են դրել Հայաստանը 2018 թվականին աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում ներգրավել: Կարեն Վարդանյանը նկատեց, որ նպատակը բավականին իրատեսական է: Մասնավորապես, Բելառուսը և Ռուսաստանն այդ երկրների կազմում են, և նշված երկու պետությունները ոչնչով չեն տարբերվում մեզնից: «5-6 տարի առաջ բելառուսները նույն վիճակում էին, ինչ մենք, սակայն ինովացիոն զարգացման ուղղությամբ կտրուկ քայլեր ձեռնարկելով` նրանք վերջին 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովեցին գրեթե 100 տոկոսանոց աճ: Եվ այսօր Բելառուսը տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից աշխարհում առաջատար դիրքերում է: ԱՄՆ բոլոր խոշոր ընկերությունները Բելառուսում ունեն իրենց մասնաճյուղերը:
Այսօր աշխարհը տաղանդների պակաս ունի, և որքան էլ քաղաքական տեսակետից քննադատեն Բելառուսը, միևնույն է, գործի համար, ի վերջո, գնալու են այնտեղ, քանի որ այնտեղ լավ մաթեմատիկական դպրոց, պայմաններ կան: Այն, ինչ ժամանակին Բելառուսն է արել, մենք պետք է նախաձեռնենք մեզ մոտ: Այստեղ բարդ խնդիր չկա, պարզապես նպատակադրում է անհրաժեշտ: Իսկ ինովացիոն ֆորումի նպատակն այդ ամենը քննարկելն ու համագործակցված կատարելն է»,- նշեց Կարեն Վարդանյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը խոսելով ՀՀ զարգացման մեջ նորարարական երկրների փորձի կիրառման մասին` նկատեց, որ 2011թ. ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը, մասնավորապես` Ֆինլանդիայի, Իռլանդիայի և Իսրայելի:
«Ռազմավարությամբ ամրագրված գլխավոր նպատակն է` Հայաստանը դարձնել տեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների (R&D) գլոբալ կենտրոն, այդ թվում` վերազգային կազմակերպություններից ստացված պատվերների ընդլայնման միջոցով: Ռազմավարության շրջանակում ներկայումս հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են ինովացիոն ոլորտի իրավական դաշտի կատարելագործմանը, ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների` հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների, աքսելերատորների ձևավորմանն ու զարգացմանը, ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների ստեղծմանը (վենչուրային հիմնադրամ, Նորարարության զարգացման համաֆինանսավորման դրամաշնորհներ), առկա նորարարական և բիզնես կարողությունների զարգացմանը»,- նշեց փոխնախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակվել և շրջանառվել է ՏՏ ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը, որով ՏՏ սկսնակ ընկերություններին նախատեսված է շահութահարկի արտոնություն` կիրառվելու է 0 տոկոս դրույքաչափ, ինչպես նաև եկամտահարկի արտոնություն` նախագծով սահմանվել է 10 տոկոս դրույքաչափ, իսկ ոլորտի սկսնակ անհատ ձեռնարկատերերի համար` եկամտահարկի 0 տոկոս դրույքաչափ: Նշված հարկային արտոնությունները բավականին արդյունավետ գործում են մի շարք երկրներում և խթան են տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման համար: Մեր երկրում նույնպես, մասնագետների գնահատմամբ, նշված արտոնությունների կիրառումը զգալիորեն կխթանի ներդրումները մարդկային կապիտալում, տնտեսության մեջ հավելյալ արժեքի ստեղծումը և տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը, ինչն իր հերթին` կնպաստի տարածաշրջանում հայաստանյան ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը:
Էմիլ Տարասյանը հատկապես կարևորեց «Բիզնես ինովացիոն» ֆորումի անցկացումը, քանի որ այն էապես նպաստում է նորագույն տեխնոլոգիաների տարածմանը, փորձի փոխանակմանն ու գործարար միջավայրում համագործակցության ընդլայնմանը. «Նշված միջոցառումները կարևոր աշխատանքային հարթակ են Հայաստանում ինովացիոն զարգացման մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների քննարկման, տնտեսության տարբեր ճյուղերում նորարարական տեխնոլոգիական լուծումների կիրառման համար` այդպիսով խթանելով բիզնեսի զարգացումը, մրցունակության և արդյունավետության բարձրացումը»: