«Թող պետությունն աշխարհով մեկ հայտարարի՝ հայ ժողովուրդ, դու այստեղ մի մեծ արժեք ունես, բուրգ ունես, եկեք բացենք»
Հնագույն քաղաքակրթությունների գծով փորձագետ, անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը հսկայական աշխատանք է կատարում` Հայաստանն աշխարհին ներկայացնելով, բայց Հայաստանում նրան քչերն են գնահատում: Լինելով գուսան Համազասպի որդին, ունենալով երաժշտական կրթություն, Վազգենը սկսում է տարվել իր ներկայիս գործով ու կարողանում է աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա: Այս տարի նրա շնորհիվ Հայաստան էր ժամանել անգլիացի գրող, լրագրող, հնագույն քաղաքակրթությունների գծով փորձագետ Գրեմ Հենքոքը, ով ևս մեկ անգամ մեզ հիշեցրեց, որ մենք ունենք Վազգեն Գևորգյանի պես մասնագետ, ով հսկայական աշխատանք է կատարում, բայց չենք գնահատում: Հենքոքի այցը Հայաստան արդեն տալիս է իր պտուղները:
– Պարոն Գևորգյան, հնագիտական հետազոտությունների համար Հայաստանը հրաշալի վայր է, բայց արդյո՞ք հեշտ է սեփական միջոցներով դրանք անցկացնելը:
– Իհարկե, սեփական միջոցներով դժվար է, բայց համենայնդեպս, խոսելու փոխարեն` կարելի է գործել: 14 տարի է` սեփական միջոցներով եմ անում իմ գործը, ու արդեն բավականին հաջողություններ կան. Հայաստանը կարողացել եմ ներկայացնել համաշխարհային տուրիզմի շուկայում: Նախ` այստեղ հրավիրեցի Ռուսաստանի Տիեզերական անթրոպոէկոլոգիայի տնօրեն Ալեքսանդր Վասիլևիչ Տրոֆիմովին, որի այցից հետո թվով 6 միջազգային գիտաժողովներ են տեղի ունեցել աշխարհի տարբեր կետերում: Մենք համատեղ գիտափորձեր ենք անցկացրել նախորդ տարի, որոնց արդյունքները վերածվել են գիտական զեկույցի և ներկայացվել մի քանի երկրներում` Ռուսաստանում, Կանադայում, Բուլղարիայում, Գերմանիայում:
Հայաստանը գիտական աշխարհին ներկայացվել է աստղային հիմնակենտրոն լինելու տեսանկյունից: Իսկ դա մի հրաշք է, որը, ցավոք, չի ընկալվում հայ ժողովրդի կողմից: Միայն հնագիտություն չէ, այն միանում է բոլոր գիտություններին` աստղագիտություն, քիմիա, ֆիզիկա, տաղաչափություն, երաժշտություն, փիլիսոփայություն: Բացահայտվում է մարդու էությունը` մարդ-տիեզերք կապը:
– Իսկ ինչպե՞ս որոշեցիք համագործակցել Գրեմ Հենքոքի հետ:
– Ես հասկանում էի, որ պետք է գտնեմ մի մարդու, ով խորապես ընկալում է այս ամենը, իսկ Գրեմ Հենքոքը ժամանակակից այն հետազոտողներից է, ով զբաղվում է հին քաղաքակրթությունների գիտելիքներով: Նա առաջ բերեց այն փաստարկը, որ մեր քաղաքակրթությունը ժամանակին բավականին զարգացած է եղել, ինչ-ինչ պատճառներով կործանում է եղել (պատճառները հստակ չեն), որից հետո նորից վերականգնվել է, և նա ամբողջ աշխարհում փնտրում է հին քաղաքակրթության հիմքը, թե որտեղի՞ց վերականգնվեց կործանումից հետո:
– Հենքոքն իր վերջին այցելության ժամանակ` ամիսներ առաջ, ասաց, որ Հայաստանն այն վայրն է, որտեղից սկիզբ է առել նոր քաղաքակրթությունը:
– Այո, նա այդպիսի միտք հայտնեց, և, որ նոր քաղաքակրթության բանալին գտնվում է այստեղ: Այսինքն` խորը հետազոտություններ են պետք: Ի դեպ, Հենքոքի հետ պայմանավորվածություն ունենք` համաշխարհային մեծ գիտաժողով անցկացնել Հայաստանում` 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որին մասնակցելու է աշխարհում հայտնի 10 գիտնական:
– Իսկ ո՞րն է գիտաժողովի քննարկման թեման:
– Հենքոքն ընդամենը 7 օրով էր Հայաստանում, և մենք այդ ընթացքում կարողացանք ցույց տալ տարբեր ժամանակաշրջանի ենթաշերտերը` Ագարակից մինչև Տաթև: Նա տարվեց այդ ամենով: Մենք միշտ ասում ենք` բուրգ չունենք, բայց ենթադրվում էր, որ Հայաստանում չէր կարող բուրգ չլինել, որովհետև մեր խաչագմբեթավոր եկեղեցիներն իրենց երկրաչափական առումով բուրգեր են: Ես ճարտարապետների հետ խոսելիս ասում եմ, որ եթե տակը հավասարաթև խաչ է, վերևում` կենտրոնաձիգ, սա երկրաչափորեն բուրգ է:
– Իսկ ինչո՞ւ է կառույցը դարձել ոչ բրգաձև:
– Որովհետև կատարելագործվել է, բայց գլխավոր պայմանը չի խախտվել, այսինքն` վերևում` կենտրոնաձիգ, տակը` հավասարաթև խաչ:
– Այսինքն` կարող ենք ենթադրել, որ մենք Եգիպտոսից ավելի հի՞ն քաղաքակրթություն ունենք:
– Այո, իհարկե: Հիմա անդրադառնամ, թե ինչու Հենքոքն ասաց, որ բանալին այստեղ է: Նա հնարավորություն ունի աշխարհի տարբեր մասերում հետազոտություններ անցկացնելու, և իր համար ավելի հեշտ է համեմատականներ անցկացնելը: Հենց մեր եկեղեցու միջոցով ես նրան բացատրեցի, որ եթե մենք Պերուում տեսնում ենք պալիգանալ կոչվող շարվածքը, և ինչ-որ մի ժամանակ կտրվել է այդ գիտելիքը և ոչինչ դրանով չի կառուցվել, ապա մեր Նորավանքի գմբեթն այդպես է կառուցված: Դա շշմելու բան է, որովհետև մեր թվարկությունից առաջ չի կառուցվել: Եվ եթե Պերուում պատեր են ուղղակի, ապա սա գմբեթ է, այսինքն` ճարտարապետական զարմանալի հորինվածք է, որ պալիգանալով կառուցես գմբեթ:
Նաև բացահայտեցի մեր եկեղեցու մյուս կողմերը: Մեր եկեղեցին կողմնացույց է, ցույց է տալիս աշխարհի 4 կողմերը: Եվ ոչ միայն դա: Եկեղեցիների խորանը նայում է արևելք, բոլորը գիտեն դրա մասին, բայց եթե հարցնես, թե ինչո՞ւ արևելք, արևի ծագմա՞նն է նայում, թե՞ այլ բանի, ոչ ոք չի կարող պատասխանել: Հնարավոր չէ, որ արևին նայեր այն պարզ պատճառով, որ արևը ոչ կայուն լուսատու է` այն առումով, որ 1460 տարվա ցիկլի մեջ է և ամեն տարի ունենում է անկյունային շեղում: Արևածագը փոխում է իր ուղղությունը և 1460 տարի հետո նորից նույն տեղից է ծագում: Սա կոչվում է սոցիստիկա, և մարդիկ դա միայն վերջերս են հայտնաբերել: Այդ 1460 տարվա մեջ ինչ-որ մի ժամանակ, եթե խորանից նայենք, արևն ուղիղ է ընկնելու, իսկ հիմա անհնար է, որ ուղիղ լինի:
– Այդ դեպքում ո՞ւր է նայում խորանը:
– Եթե մենք օգոստոսի 11-ին, ժամը 4:00-ին կանգնենք խորանում և նայենք, ապա լուսամուտից կտեսնենք Օրիոնի գոտու 3 աստղերը. ամենաստաբիլ լուսատուն, որը միշտ արևելք է ցույց տալիս: Պատկերացրեք, թե ինչ հաշվարկներով են կառուցել և՛ Տաթևի սյունը, և՛ մեր եկեղեցիները: Հիմա, եթե մեր եկեղեցին իր հզորությունը ցույց տա, իր տիեզերական կարգի մասին բարձրաձայնի, ապա աղանդներն էլ չեն մտնի Հայաստան: Մարդկությունը մինչև հիմա այդ տիեզերական գիտելիքները չունի, իսկ մեր պապերի գիտելիքները ներառված են այս ամենի մեջ:
– Իսկ Տաթևի ճոճվող սյան գաղտնիքը ո՞րն է:
– 2008թ. ես որոշեցի, որ պետք է սյան համեմատականը երկնքին տեսնեմ: Սյունն ունի դիտակետ, որտեղից կարելի է տեսնել Օրիոնի գոտու 3 աստղերը: Հետագայում պարզեցի, որ «Տաթևը» «դիտանոց» է կոչվել, այսինքն` աստղադիտարան, և եթե` աստղադիտարան, ուրեմն դիտարկման կետ պետք է ունենա: Իսկ դիտարկման հարթակը կա. սյունը և եկեղեցու «պե»-աձև շինությունն այդ հարթակն է, սյան խաչը նայում է արևելք և արևմուտք, նայած` որտեղից ես նայում: Եթե օգոստոսի 11-ին նայես, ապա կտեսնես Օրիոնի գոտու 3 աստղերը: Ի դեպ, հայրապետական գավազանն առաջացել է հենց Տաթևի սյունից, դրա մասին 15-րդ դարում վկայություն էլ կա:
– Հենքոքի հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ է:
– Հենքոքը մեկնելուց հետո ցանկանում է աշխարհին ցույց տալ Հայաստանը: Նա գիրք է գրում, որն իր կարծիքով` 5 ամսում կավարտի: Գիրքը մինչև չավարտի` չենք իմանա, թե ինչի մասին է, բայց մեկնելուց հետո Հենքոքն ուղարկեց եվրոպական տուրիզմի պատասխանատուներին, որոնց նորից, պետության փոխարեն, ես ընդունեցի: Տուրիզմի պատասխանատուների հետ անցանք այն ճանապարհով, ինչով Հենքոքն էր անցել այստեղ: Հիմա մենք կատալոգ ունենք համաշխարհային տուրիզմում. հին քաղաքակրթությունների հետ միատեղ (Պերու, Հնդկաստան, Չինաստան, Եգիպտոս)` կա նաև Հայաստանը: Առաջին այցը կլինի հաջորդ տարվա օգոստոսի 3-15-ը, մոտ 40 մարդ է գալու Հենքոքի հետ և անցնելու են մեր հնավայրերով: Այդ ընթացքում էլ կլինեն մոտավորապես 3 գիտական սեմինարներ և միջազգային գիտաժողովը:
Ես կարողացա ընդամենն իր ֆեյսբուքյան էջում դնելով Օրիոնի և Տաթևի սյան համադրության նկարը` հետաքրքրություն առաջացնել Հայաստանի շուրջ: Նա կնոջ հետ եկավ Հայաստան, տեսավ, ցնցվեց, զարմացավ, թե ինչպես ենք այս ոսկե գոհարը թաքցրել աշխարհից:
– Դվինի բուրգը հետազոտելու նախաձեռնությունն ինչպե՞ս եղավ, ու ի՞նչ հայտնաբերեցիք:
– Դվինի բուրգը ևս պատահական ենք հայտնաբերել: 4 տարի առաջ գնացել էինք այնտեղ գտնվող Խոսրով Կոտակ թագավորի Տիկնունյաց ամրոցի հետքերը փնտրելու և այդ բարձրությունից, երբ սկսեցինք շրջապատը նկարահանել, հանկարծ հետո կադրի մեջ հայտնաբերեցինք այդ բուրգը: Հետո նորից գնացինք` կառույցի մասին տեղեկություններ հավաքելու: Այնտեղ մի ծերունի մեզ պատմեց, որ դա կառույց է, բայց ամբողջովին ծածկված էր հողով: Հետո, որոշ ժամանակ անց, երբ գնացինք այնտեղ` ռեպորտաժ անելու, իմացանք, որ գանձագողերը` հասկանալով, որ դա կառույց է, սկսել են բուրգը գլխից քանդել, և ներսից դուրս են գալիս շինության պատերը: Դա աստիճանավոր բուրգ է` նման մայաների, շումերների կառուցած բուրգերին:
Այդ բացահայտումից հետո թվում էր, թե ինչ-որ պատկան օրգաններ ուշադրություն դարձրին, բայց ընդամենը մի քիչ խոսվեց, նույնիսկ մի արխեոլոգի կողմից անհարկի ինչ-որ բան ասվեց, թե իբր մոնղոլի դամբարան է: Մշակույթի նախարարն էլ ասել էր` եթե բացեք, ապա պետք է պահպանության համար գումար լինի, և այլն: Ո՞վ բացի, ո՞վ պահպանության համար գումար տա, չհասկացանք այդպես էլ: Թող աշխարհով մեկ հայտարարեն` հայ ժողովուրդ, դու այստեղ մի մեծ արժեք ունես, բուրգ ունես, եկեք բացենք: Թող հաշվեհամար բացեն, ասֆալտապատման համար ինչպե՞ս են անում:
Մշակույթի նախարար ջան, ո՞ւմ ես ասում, որտեղի՞ց գումար գտնի, էն արխեոլոգն այնտեղից է ինչ-որ բաներ դուրս տալիս, թող տեր կանգնեն: Ինչքան աննշան բան գտնում են, ասում են` մեր թվարկությունից հազար տարի առաջվա իր ենք գտել, իսկ ինչո՞ւ 11 հազար տարվա հնությունը չեն գտնում:
– Ի՞նչ պլաններ ունեք, սպասե՞նք նոր բացահայտումների:
– Պլանավորել ենք անցկացնել երկարաժամկետ գիտափորձեր, համագործակցում ենք Ռուսաստանի Տիեզերական անթրոպոէկոլոգիայի միջազգային ինստիտուտի հետ, և մնացածի մասին արդեն ասացի: Իսկ նոր բացահայտումներ իհա՛րկե կլինեն: