Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներն ավելի արմատական էին և հստակ
Ոչ իշխանական եռյակի հերթական հանրահավաքն ավելի ակնհատ դարձրեց այդ, թեկուզ ոչ ֆորմալ, կառույցի ներսում առկա տարաձայնությունները: Չնայած միասնական հրապարակի մասին հնչող կոչերին` ավելի ու ավելի պարզ է դառնում այս երեք ուժերի համատեղ գոյակցության անհնարինությունը:
Եռյակը պառակտման եզրին է եղել դեռևս մինչև հանրահավաքը: Երեկ օրվա երկրորդ կեսին ԱԺ-ում եռյակի ներկայացուցիչները նախահանրահավաքային հանդիպման ժամանակ փորձել են համաձայնության գալ ելույթ ունեցողների ցանկի շուրջ: Ըստ նախնական տարբերակի` հրապարակում պետք է հնչեր11 ելույթ, մինչդեռ հնչեց ընդամենը 7-ը: Նախապես որոշված է եղել, որ ելույթի հնարավորություն պետք է ունենային եռյակի ներկայացուցիչ կուսակցությունները, ինչպես նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը և «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
Սակայն «Ժառանգության» ներկայացուցիչներն արդարացի չեն համարել նման բաժանումը՝ հայտարարելով, որ եթե Ստեփան Դեմիրճյանը ելույթ ունենա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը կհրաժարվի իր ելույթից: Իր հերթին` Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարել է, որ եթե Ստեփան Դեմիրճյանին զրկեն ելույթի հնարավորությունից, ապա ինքը ելույթ չի ունենա: Նման ուլտիմատումային բանակցությունների պատճառը եղել է այն, որ «Ժառանգության» համար անընդունելի է եղել, որ Անդրանիկ Թևանյանը կամ Ստեփան Դեմիրճյանը ներկայանան որպես հանրահավաքի առանձին սուբյեկտներ, և նրանք պահանջել են, որ նրանք հանդես գան որպես ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչներ: Ի վերջո, նրանց պահանջը բավարարվել է, և որոշվել է, որ ելույթների քանակը կսահմանափակվի 9-ով. Անդրանիկ Թևանյանը ելույթ կունենա ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի փոխարեն, այսինքն՝ ԲՀԿ քվոտայով, իսկ Ստեփան Դեմիրճյանը` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի փոխարեն` ՀԱԿ քվոտայով:
Հանրահավաքի ժամանակ հենց այդպես էլ եղավ. Նաիրա Զոհրաբյանը և Լևոն Զուրաբյանը ելույթներ չունեցան: Բայց բոլորի համար անսպասելի ելույթ չունեցան «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որոնց ելույթները նախատեսված էին հանրահավաքի օրակարգում: Հարթակում կանգնածները վստահեցնում են, որ նրանց կանխել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով «Ժառանգության» միակ ելույթ ունեցողն էր:
Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես վարվեց, թերևս, ավելի ընդգծելու եռյակի մյուս կուսակցությունների ղեկավարների հետ ունեցած իր անհամաձայնությունը: Նախ` Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ ևս հստակորեն հայտարարեց, որ ինքը դեմ է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն, և այդ գործընթացն ամենևին էլ անշրջելի չի համարում: Իր անհամաձայնությունը նա բացատրեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չընդունելով, չընդունելով, որ նրա կողմից դրված ստորագրությունը կարող է իրավական ուժ ունենալ: Հովհաննիսյանն այսպիսով ակնարկեց, որ նրանք, ովքեր ընդունում են Սերժ Սարգսյանի ստորագրած փաստաթղթերի, միջազգային պայմանագրերի վավերականությունը, ընդունում են նրա լեգիտիմությունը, որքան էլ հայտարարեն նրա իշխանության ոչ իրավակարգության` ոչլեգիտիմության մասին:
Րաֆֆի Հովհանննիսյանը կարող էր պատասխանել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի այն մեղադրանքին, որ ԵՏՄ-ի դեմ հանդես եկողներն ընդամենը երկու-երեք տասնյակ մարդ կարողացան հանել փողոց: Հովհաննիսյանը կարող էր հիշեցնել անցյալ տարվա սեպտեմբերին «Ժառանգության» կողմից հրավիրված հանրահավաքը, որտեղ գոնե այնքան մարդ էր հավաքված, որքան ՀԱԿ-ի 2012-13թթ. կազմակերպված հանրահավաքներին, որոնք անցկացվում էին առանց ԲՀԿ նյութական և մարդկային աջակցության: Բայց Հովհաննիսյանը դա չարեց, թերևս հասկանալով, որ դա վերջնական խզում կարող էր առաջացնել եռյակում:
Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի` Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ պահանջներ ներկայացրեց իշխանությանը` նշելով այդ պահանջների իրականացման ցանկալի ժամկետը: Նա պահանջեց Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և ամբողջ իշխանության պաշտոնանկությունը, իսկ որպես արտահերթ ընտրությունների ժամկետ` նշեց՝ մինչև 2015թ. ապրիլի 24-ը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ կողմ արտահայտվեց ազատամարտիկների կողմից նստացույց սկսելու ցանկությանը, մինչդեռ ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ ոչ մի նստացույց չի լինելու: Այլ հարց է, որ ազատամարտիկներն ընդունեցին, որ իրենք պետք է կատարեն Ծառուկյանի պահանջը, մինչդեռ մինչև հանրահավաքը պնդում էին, որ եթե կուսակցությունները չբավարարեն իրենց արմատական պահանջները, ապա իրենք ինքնուրույն կգործեն:
Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ ընդգծեց, որ չի ընդունում Գագիկ Ծառուկյանի առաջնորդությունը և նրա վերջին խոսք ասելու իրավունքը, որի մասին ակնարկել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ասելով, որ հանրահավաքի հիմնական ելույթը լինելու է Գագիկ Ծառուկյանինը: «Ժառանգության» նախագահն իր ելույթում, իմիջիայլոց, ասաց, որ ելույթների դասավորությունը կատարվում է ռոտացիայի կարգով: Նախորդ հանրահավաքին ինքը եռյակի լիդերներից առաջին ելույթ ունեցողն էր. իրենից հետո թողնելով Ծառուկյանին և Տեր-Պետրոսյանին, իսկ երեկ նա ելույթ ունեցավ Տեր-Պետրոսյանից հետո, իրենից առաջ թողնելով Ծառուկյանին: Այս տրամաբանությամբ հաջորդ հանրահավաքի ժամանակ վերջին ելույթի իրավունքը լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանինը:
«Ժառանգության» և ԲՀԿ-ՀԱԿ զույգի միջև առկա անջրպետի գոյությունը պարզորեն երևաց նաև հանրահավաքի վերջում: Երբ երթի մասնակիցները Թումանյան փողոցից մտան Ազատության հրապարակ և ԲՀԿ-ՀԱԿ երկյակի որոշ ներկայացուցիչներ բարձրացան հարթակ, հարթակում «Ժառանգությունից» որևէ մեկն այլևս չկար: Հենց այդ ժամանակ էր. որ Լևոն Զուրաբյանը ելույթի հնարավորություն ստացավ: Հանրահավաքը վարող ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հարթակում չէր, և Լևոն Զուրաբյանն ինքնուրույնաբար մոտենալով խոսափողին` կարողացավ մի քանի մեկնաբանություններ անել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթի վերաբերյալ: Ի դեպ, այդ ժամանակ հրապարակում հազիվ մի երկու հազար մարդ մնացած կլիներ. մյուսները շտապել էին իրենց Երևան բերած ավտոբուսների մոտ, որպեսզի տուն հասնելու հնարավորություն ունենան: