«Սա դաժան հաշվեհարդար է, սրանով, կարծես, ուզում են սաստել հասարակությանը, որ տեսեք՝ ձեզ հետ ինչ կկատարվի»». Ա. Իշխանյանը՝ Շ.Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին
«Ուզում եմ հիշեցնել, որ երբ նա սկսեց իր նստացույց-հեղափոխությունը, ես գնացի մոտ մեկ ժամ իր հետ խոսեցի, շատ հետաքրքիր մտքեր նա ասաց, որ «ցանկացած երկիր, պետություն, երբ սկսում է ճահճանալ, կա՛մ վերևինները պետք է գիտակցեն, որ ճահճանալով՝ երկիրը կարող է փլուզվել, և բարեփոխումներ անեն, եթե բարեփոխումներ չեն անում, ներքևից կարող է հեղափոխություն լինի: Ես հիմա, իմ արարքով ուզում եմ իշխանություններին ստիպեմ՝ բարեփոխումներ անեն, որովհետև ինձնից հետո շատ վատ հեղափոխություն կլինի»: Այսինքն՝ իր արածը հենց ինքն ասաց, որ բեմադրություն էր, ինքն ուզում էր ահազանգեր իշխանությանը, որ տեսեք՝ ինչ կարող է լինել»,- խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին՝ այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Նա համոզված է, որ Շ. Հարությունյանի այդ «բեմադրություն-հեղափոխությունից» որևէ վտանգ չէր լինի, որևէ մեկի գլխից մազ չէր պակասելու. «Նա դրանով կուզենար, որ անընդհատ զգոն պահեր իշխանություններին:
Եթե անգամ ընդունենք, որ եղել է զանցանք, կամ նույնիսկ հանցանքի տարրեր, դրա համար նման խիստ պատի՞ժ: Սա ի՞նչ վերաբերմունք է, սա դաժան հաշվեհարդար է, սրանով, կարծես, ուզում են սաստել հասարակությանը, որ տեսեք՝ ձեզ հետ ինչ կկատարվի»:
Հարցին, թե ինչո՞ւ այսպիսի դատավճիռ եղավ, Ա.Իշխանյանն այսպես պատասխանեց.
«Թող ինձ ներեն նորանկախ Հայաստանում եղած բոլոր քաղբանտարկյալները, ես բոլոր դատերին միշտ մասնակցել եմ, եղել եմ: Շանթ Հարությունյանի և իր ընկերների դատավարության ժամանակ նրանք բացարձակապես չասացին, որ «մենք մեղավոր չէինք, մենք էս էինք, մենք էն էինք», նրանք իրենց պահեցին իսկական քաղաքական գործիչների պես և շարունակեցին իրենց այն խոսքը, ինչն ասում էին իրենց ասած հեղափոխությունն անելու ժամանակ: Դա նրանց չներվեց»:
Իշխանյանը կարծում է, որ մի կարևոր հարց էլ կար՝ Շ.Հարությունյանը և իր ընկերները, փաստորեն, հասարակական, քաղաքական շատ փոքր աջակցություն ունեցան.
«Որովհետև եթե մենք հիշենք վերջին քաղբանտարկյալներին, որոնք եղել են 2008 թվականից հետո, նրանց ազատման համար հսկայական շարժում էր սկսվել, ողջ քաղաքական և հասարակական ուժերն էին պայքարում, գումարած՝ միջազգային ուժերը՝ Եվրոպայի խորհուրդը և այլն, ստիպում էին Հայաստանի իշխանություններին նրանց ազատ արձակել: Իսկ այս անգամ միայն հասարակական մի խումբ մարդիկ էին նրանց պաշպանում, միջազգային կազմակերպություններն առանձնապես ակտիվ չէին, և կարծում եմ՝ սա էր նաև պատճառներից մեկը, որ այդպես եղավ»:
Ա. Իշխանյանը նշեց, որ ինքը ուրախ է, որ քաղաքական ուժերից ՀԱԿ-ն արդեն որոշել է, որ նրանք քաղբանտարկյալներ են: Նա հույս ունի, որ մյուսներն էլ կմիանան դրան. «Ես ինքս եմ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին տվել քաղբանտարկյալների ցանկը՝ Շանթի և ընկերների և Վոլոդյա Ավետիսյանի, և նա խոստացել է այդ հարցով աշխատանքներ տանել: «Human rights» կազմակերպության հետ ենք հանդիպել և տվել այդ ցուցակը, խոստացել են այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ անել: Հիմա լինելու է նաև միջազգային մեծ աղմուկ դրա հետ կապված, նաև պետք է լինի հասարակական մեծ ճնշում: Եթե Շանթ Հարությույանը և իր ընկերները երկար ժամանակ մնացին բանտում՝ դա մեր բոլորիս, հայ հասարակության խարանը կլինի: Այս դաժան վերբերմունքը նաև կարելի է կապել Եվրասիական միության հետ, որովհետև Շանթը ամենադեմն է եղել Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելուն»: