Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվեց նախագահին

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն, ի կատարումն «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-207-Ն հրամանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների, այսօր Սերժ Սարգսյանին է ներկայացրել Հանձնաժողովի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի նիստում հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացվել նաեւ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ «Ժողովրդավարության՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի եզրակացությունը, որի «Եզրահանգում» բաժնում մասնավորապես նշված է.

«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը Սահմանադրության փոփոխությունների կոնկրետ փաթեթի նախապատրաստման արժեքավոր եւ հուսալի հիմք է, ինչը կամրապնդի ժողովրդավարական արժեքները եւ կստեղծի իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովման անհրաժեշտ պայմաններ:

Այն հիմնված է երկրի իրավիճակի համակողմանի եւ հետեւողական վերլուծության վրա: Բարեփոխումների նպատակները եւ արտացոլված ընդհանուր մոտեցումներն արժանի են ուժեղ աջակցության:

Նախագծում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի ավանդական մոտեցումներին: Թեեւ փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ պարունակում են նաեւ քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում: Վենետիկի հանձնաժողովը խրախուսում է նաեւ Հայաստանի իշխանություններին եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին շարունակելու հանրության եւ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների ներգրավվածության ապահովմանն ուղղված ջանքերը: Հանձնաժողովի կարծիքով, հայեցակարգի նախագիծը բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բաց թողնել»:

Միաժամանակ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչպես նաեւ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության անգլերեն բնօրինակը եւ ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (www.moj.am): Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հասանելի է նաեւ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում (www.venice.coe.int):

Տեսանյութեր

Լրահոս