8 զավակներ ունեցող հայրը միայն խաղաղություն է ցանկանում
«Երազում եմ բժիշկ դառնալ: Այժմ սովորում եմ Ստեփանակերտի բժշկական քոլեջում, սակայն ծնողներս դժվարանում են վճարել ուսմանս վարձը: Հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ ապագայում էլ կշարունակեմ կրթությունս»,- սա 15-ամյա Գոհարի ամենամեծ երազանքն է: Գոհարը բազմազավակ ընտանիքի 2-րդ զավակն է. նա ունի նաեւ 4 քույր եւ երեք եղբայր:
Բաբայանների ընտանիքում մեծանում են 8 երեխա՝ 5 աղջիկ եւ 3 տղա: Մեծ զավակը 15 տարեկան է, փոքրը՝ 8 ամսական:
Ընտանիքի հայրը՝ Գեղամ Բաբայանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ: Նա 17 տարեկան էր, երբ Արցախյան գոյապայքարը սկսվեց. թաղի տղաների հետ գնաց մարտի դաշտ, մի քանի անգամ վիրավորվեց, 2 անգամ ուղեղի ցնցում ստացավ:
Ասում է՝ մահից մի քանի անգամ փրկվելուց հետո սկսում ես Աստծո զորությանը հավատալ.
«Երբ մի քանի անգամ հրաշքով փրկվում ես, մի քանի անգամ լավագույն ընկերներիդ ես կորցնում, սկսում ես հավատալ Աստծո գոյությանը: Ընտանիքիս բոլոր անդամները Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Հավատքը շատ է օգնում ընտանիքում ճիշտ հարաբերություններ ստեղծելու, համերաշխություն ապահովելու համար»- ասաց ընտանիքի հայրը:
Հին Կրկժանում կիսակառույց տան էին ապրում: Երկու տարի առաջ Ստեփանակերտի Ուլուբաբյան փողոցում կառավարությունը բազմազավակ ընտանիքի համար տուն է կառուցել եւ ընտանիքը տեղափոխվել է նոր տուն, իսկ հին կիսակառույց տունն օգտագործում են որպես պահոց: Հին տան կից հողամասն էլ մշակում են ու անասնապահությամբ զբաղվում:
Ընտանիքի մայրը՝ Լիանան նշում է, որ ընտանիքի ամսական ընդհանուր եկամուտը 130 հազար դրամ է: Դա բավարարում է միայն կոմունալ ծախսերի, փոքրիկների կարիքները մասնակի հոգալու համար:
«Մենք այգի ունենք, բավականին մեծ հողատարածք ենք մշակում, անասնապահությամբ ենք զբաղվում: Ընտանիքի հիմնական եկամուտը դրանք են ապահովում: Իհարկե, շատ ենք չարչարվում, սակայն հեշտ աշխատանք չկա»,- նշում է Լիանան:
Առ այսօր Ստեփանակերտի մի քանի թաղամասերում լուծված չէ խմելու ջրի հարցը: Ուլուբաբյան փողոցը դրանցից մեկն է:
«Այստեղ միակ խնդիրը ջուրն է: Ամբողջ ամառ ջուր չունեինք, եւ երեխաները աղբյուրից էին բերում թե՛ այգին ջրելու, թե՛ տան կարիքները հոգալու համար: Այստեղ էլ փոքրիկ հողամաս ունենք, սակայն ջրի պատճառով շատ բան չենք ցանում»,- ասաց Գեղամը:
Ընտանիքում ամեն մեկն իր գործը գիտի, աշխատանքի հստակ բաժանում կա: Գոռը ուսումնարանից գալիս՝ գնում է փայտ բերելու, Գոհարը փոքրերին է խնամում: Ընտանիքի եկամուտն էլ ծախսվում է առաջնային պահանջները բավարարելու համար:
«Աղջկաս ուսման վարձն, անշուշտ, դժվարանում ենք վճարել: Նամանավանդ ձմռանը մի քիչ ավելի դժվար է լինում, քանի որ ձմռանը խնդիրները շատանում են: Սակայն, ինչ արած, ծախսերը պետք է մի տեսակ կրճատենք, որ Գոհարը կրթություն ստանա»,- ասում է Գեղամը:
Հարցին՝ թե ինչպես են համարձակություն ունեցել 8 երեխա ունենալ, ընտանիքի հայրը պատասխանում է.
«Ես եւ կինս մեծացել ենք բազմազավակ ընտանիքում: Երբ ամուսնացանք՝ հստակ գիտեինք, որ մենք էլ շատ երեխաներ պետք է ունենանք: Ընտանիքս բաղկացած է 3 ապագա զինվորից եւ 5 ապագա մայրերից: Հնարավոր է, որ մենք մեր երեխաների համար ամենալավ ու հարմար պայմանները չենք ապահովում կյանքի համար, սակայն մի շատ կարեւոր բան կա. նրանք մեծանում են դրական, սիրով լի միջավայրում»,- նշում է Գեղամը:
Ուլուբաբյան փողոցից մինչեւ մոտակա դպրոցն ու մանկապարտեզը հասնելու համար երեխաները 3 կմ-ից ավելի ճանապարհ են անցնում: Քաղաքային տրանսպորտն էլ լավ չի աշխատում: 8 երեխաներից երկուսը ուսումնարան են հաճախում, իսկ այնտեղ հասնելու համար երկու տրանսպորտ են փոխում: Դրա համար մյուս երկու դպրոցականները ոտքով են գնում դպրոց, որպեսզի տնտեսեն տրասնպորտի գումարը՝ ամեն առավոտ ստիպված լինելով 50 րոպե քայլել մինչեւ դպրոց:
Այս բոլոր խնդիրներով հանդերձ՝ ընտանիքը ապագայի հետ մեծ հույսեր է կապում: Ընտանիքի հայրը նշում է. «Մենք, փառք Աստծո, կարող ենք լուծել օրվա հացի խնդիրը, երեխաներս առողջ են, եւ, որ ամենակարեւորն է, ապրում ենք խաղաղ պայմաններում: Դրանից առավել բան չեմ էլ ցանկանում»:
aparaj.am
Արմինե Նարինյան