
«Ամեն տարի 1 միլիոն 200 հազար դոլար գումար է ծախսվում համալիրը պահպանելու համար, մեր պետական բյուջեում այդքան գումար կա՞, որ այն պահպանեն»

«Մարզահամերգային համալիրի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ոչ թե «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն է անցել ՊՆ-ի կամ Ֆինանսների նախարարության ենթակայությանը, այլ միայն գույքը:
«Գույքը, որը 5 մլրդ դրամից ավելի արժեք ունի, համալիրին չի պատկանում, բայց մարդիկ օգտագործում են: Այդ գույքը միայն մեր ՓԲԸ-ը չի պատկանում, այլ տարբեր կազմակերպությունների, որոնց թիվը հասնում է 12-ի: Չեն ճշտել, թե ինչն է իրենցը, ինչը` ոչ: Այդ կազմակերպությունները վարձակալել էին, գույք ունեին այնտեղ, եկան այդ մարդկանց դուրս հանեցին, հիմա էլ նրանց գույքն օգտագործում են: Լավ, մենք սնանկ ենք, մեր գույքը բռնագրավեցին, բա այս կազմակերպությունների գույքի հարցն ինչպես պետք է լուծվի: Կամ մենք սնանկ էինք` չէինք կարող աշխատողներին վճարել, իսկ վարչապետն ասաց` կվճարեն, բայց մինչև հիմա ոչ մի աշխատողի չեն վճարել»,- ասաց նա:
Աշխատողներին չվճարելը Կորյուն Գրիգորյանը պարզաբանեց այսպես. «Մի քանի ամիս չենք վճարել աշխատողներին այն պարզ պատճառով, որ ԴԱՀԿ-ն սառեցրել էր մեր հաշիվները ու չէինք կարողանում վճարել, այսինքն` եթե մի դրամ մտնում էր հաշվեկշիռ, անմիջապես տանում էր ԴԱՀԿ-ն, ուղղակի հնարավոր չէր օրենքով սահմանված կարգով աշխատավարձ վճարել: Մենք ասել ենք` ճանապարհ մշակեք, որ մարդկանց գումար տանք: Եթե մեզ խեղդում, գումար են ուզում, բա մեր գումարն ո՞վ պետք է տա: ՊՆ-ը մեզ 60 մլն դրամ է պարտք»:
Նա ասաց, որ այս պայքարն իրենց բարի համբավի համար են մղում, նաև այն պատճառով, որ Հայաստանում չկա համալիրի նման երկրորդ կառույցը, որտեղ հնարավորություն լինի անցկացնել այնպիսի միջոցառումներ, ինչպիսին այնտեղ էր անցկացվում:
«Ամեն տարի 1 միլիոն 200 հազար դոլար գումար է ծախսվում համալիրը պահպանելու համար, մեր պետական բյուջեում այդքան գումար կա՞, որ այն պահպանեն: Այս դեպքում ինչ է լինելու, նորից այն վիճակը, որ 2005թ. էր: Իսկ 2005թ., երբ շենքը դեռ պետական էր` համալիրը դարձել էր աղանդավորների հավաքատեղի: Այդ ժամանակ պետք է հատուկ շինարարական գլխարկով մտնեիր համալիր, որովհետև շենքի վիճակն ահավոր էր: Հիմա չենք ուզում մեր չարչարանքը ջուրն ընկնի»,- նշեց նա: