Բաժիններ՝

«Անգամ 1 ցենտ այս ամբողջ ահռելի գումարից Հայաստանի զարգացման իրական սեկտորի մեջ չի ներդրվել». Արամ Սարգսյան

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը վերլուծություն է կատարել, թե ինչպես է 23 տարիների ընթացքում կուտակվել Հայաստանի պետական պարտքը, որն արդեն կազմում է մոտավորապես 5 միլիարդ դոլար: Կուսակցությունը մոտ մեկ շաբաթ առաջ նամակ է ուղարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ներկայացնելով իրենց վերլուծություններն ու հարցադրումները: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրեց կատարած վերլուծությունը և նշեց, որ ամբողջ անվանացանկը իրենք վերցրել են կառավարության կայքէջերից:

Ա. Սարգսյանը նկատեց, որ եթե որևէ մեկը վարկ է վերցնում, ապա այդ վարկի իմաստն այն է, որ նա ճիշտ տնտեսական արդյունավետությամբ օգտագործի, շահույթ ստանա, վերադարձնի, մի բան էլ իրեն մնա: Ըստ նրա՝ մեր կառավարությունների կողմից սա արվել է ամենատարօրինակ ձևով:

Նա նշեց, որ այս ամենը նախկինում ներկայացրել են Տիգրան Սարգսյանին, որ ինքը կարողանա պատսախանել, և որևէ պատասխան չի եղել. «Հիմա առաջարկում ենք Հովիկ Աբրահամյանին, հաշվի առնելով, որ նա ստվերի դեմ պայքար է սկսում, եթե այդպես է, ապա նույնն անի մեր պետական պարտքի հետ կապված»:

Ա.Սարգսյանը նշեց մի քանի վարկեր, որոնք իրենք առանձնացրել են. «Կառուցվածքային բարեփոխումների 7 վարկ՝ 205 միլիոն դոլարի: Ի՞նչ է նշանակում կառուցվածքային բարեփոխումների վարկեր: Այսինքն՝ դա այն է, թե քանի նախարարություն ունենա հանրապետությունը, այդ նախարարություններում քանի վարչություններ լինեն, ինչ ֆունկցիաներ կատարեն: Մեր հայ չինովնիկներն արդեն այդքան ուղեղ չունեն, պետք է անպայման վարկ վերցնեն, որ գան նրանք, ովքեր իրենց պետք է խորհուրդ տան: Ու այդ խորհրդի համար այս գումարի 1/3-րդը տարել են իրենք, ու մեզ վրա դա մնացել է պետական պարտք»:

Ա.Սարգսյանը բերեց անհասկանալի վարկի մեկ այլ օրինակ. «Ի՞նչ է նշանակում վերականգնողական վարկ: 50 միլիոն դոլար են վերցրել դրա համար: Ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, որ այնտեղ նստած է մի չինովնիկ, որը հատուկ անհասկանալի ձևակերպումներ է տալիս, որպեսզի բոլորը խճճվեն: Մենք անգամ փորձեցինք տեսնել՝ կա՞ հաշվետվություն այդ ծրագրերի վերաբերյալ: Կա՝ 40-45 էջանոց, չկա միայն մի բան՝ ինչի՞ համար են վերցրել, ի՞նչ են արել և ի՞նչ են ստացել: Իսկ տասնյակ տարբեր տեսակի դիագրամաներ կան»:

Ա. Սարգսյանը նկատեց, որ «Անշարժ գույքի գրանցման» ծրագիր պետք է կազմեին, որի համար վերցրել են 6 միլիոն դոլար. «Առաջին դասարանցուն էլ որ ասես գնա, գրանցի, թե ինչը որտեղ է, կանի»:

Ա. Սարգսյանը չի հասկանում նաև՝ ի՞նչ է նշանակում «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր», որի համար վերցրել են մոտ 10 միլիոն դոլար. «Ի՞նչ կապ ունենա այս երկուսը իրար հետ ընդանրապես»:
«Աղքատության կրճատման աջակցության» ծրագրի համար ըստ Ա. Սարգսյանի՝ վերցրել են 74 միլիոն դոլար. «Ինչքանո՞վ է կրճատվել մեր աղքատությունը: Եթե դուք աջակցում եք դրա կրճատմանը, դա ի՞նչ բնույթ է կրում: 73 միլիոն դոլարով կարելի էր երևի առնվազն մի 10 հազար աշխատատեղ ստեղծել, այդ մարդիկ կգնային, կաշխատեին, աշխատավարձ կստանային»:

Ա.Սարգսյանն ասաց, որ ըստ իրենց տվյալների՝ «Որոտանի կասկադի վերականգնման» ծրագրի համար վերջին տարիներին վերցրել են 51 միլիոն եվրո, իսկ հիմա վաճառում են. «Ինչի՞ համար էիք վերցնում և արդիականացնում, իսկ եթե այդպես է, ինչո՞ւ եք վաճառում: Ո՞ւր գնաց այս 51 միլիոնը»:

Նա տեղեկացրեց, որ իրենց նամակում նշել են, որ ոչ մի կառավարություն չունի ռազմավարական ծրագիր՝ վարկերը օգտագործելու ուղղությամբ. «Այսինքն՝ վարկային քաղաքականությունը պետք է ունենա համապատասխան ռազմավարական ծրագիր: Ես պարոն վարչապետին առաջարկել եմ, որ մենք ավելի մանրամասնենք: Մենք նաև պնդում ենք, որ անգամ 1 ցենտ այս ամբողջ ահռելի գումարից Հայաստանի զարգացման իրական սեկտորի մեջ չի ներդրվել: Մենք պետք է այս գումարներն օգտագործեինք տնտեսությունը զարգացնելու համար»:

Ա.Սարգսյանն ասաց, որ իրենք գիտակցում են՝ միայն իրենց կուսակցությունը և սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ունեցող ուժերը կարող են շտկել այս իրավիճակը. «Մեր նպատակն այն, է որ կարողանանք կանխել ինչ-որ չափով այս գործընթացը: Մենք իրենց առաջարկում ենք ոչ միայն հաշվետվությամբ հանդես գալ հասարակության առջև, այլև փոխել վարկային քաղաքականության ուղղվածությունը»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս