Ստվերի դեմ պայքարը սկսվում է սահմանից
Կառավարության կողմից փոքր և միջին բիզնեսի հարկային բարեփոխումների փաթեթն արժանացավ ոչ միանշանակ գնահատականների: Թեև փոփոխություններով նախատեսվում է հարկերի զգալի նվազեցում, սակայն առևտրային գործունեությամբ զբաղվողների համար գնումների փաստաթղթավորման պահանջը լուրջ և արդարացի դժգոհություն է առաջացրել ձեռնարկատերերի մոտ: Առաջին հայացքից թվում է, թե նրանց պահանջը հիմնավոր չէ, քանի որ կառավարությունն ընդամենը սահմանում է ստվերի դեմ պայքարի կանոններ, որոնց կիրառումն իրոք որոշ չափով կկրճատի ստվերային մասը: Սակայն գործընթացն իրոք անտրամաբանական է, քանի որ նույն ձևով կարելի է տուգանել քաղաքացիներին, ովքեր խանութից հաց են առնում և առանց ՀԴՄ կտրոնի դուրս են գալիս խանութից:
Առևտրային գործունեությունը մի քանի մասնակիցներից բաղկացած գործընթաց է` ներմուծող կամ արտադրող-մեծածախ վաճառող-մանրածախ վաճառող-սպառող, որի նկատմամբ հարկային բարեփոխումները պետք է դիտարկել ամբողջությամբ: Ցանկացած բարեփոխում պետք է սկսել շղթայի առաջին փուլից, որը հնարավորություն կտա շղթայական ռեակցիայով լուրջ ազդեցություն ունենալ ստվերի վերացման վրա: Մասնավորապես, անհրաժեշտ է սկսել ներմուծման գործընթացից:
Սահմանի վրա հարկման իրականացումը հիանալի հնարավորություն է տալիս` նվազեցնել ստվերային հատվածի հավանականությունը, քանի որ ներմուծման փաստը տեղի է ունենում սահմանին` մաքսային աշխատակիցների ներկայությամբ, և ոչ թե` երկրի տարածքում: Ներմուծման ամբողջական հարկման դեպքում ներմուծողը շահագրգռված կլինի վաճառքն իրականացնել փաստաղթղթերի տրամադրմամբ, որը հնարավորություն կտա հաշվանցել վճարված ԱԱՀ-ն և նվազեցնել շահութահարկը: Հաջորդ փուլում, նույն տրամաբանությամբ, մեծածախ վաճառքով զբաղվողը կիրականացնի փաստաթղթավորման վաճառք մանրածախ վաճառքով զբաղվողին` հարկերը նվազեցնելու նպատակով: Եվ, վերջապես, փոքր բիզնեսի ներկայացուցիչները, ունենալով արդեն գնումները հիմնավորող փաստաթղթեր, վաճառքը կիրականացնեն ՀԴՄ կտրոն տրամադրելով: Նույն տրամաբանությունը կարելի է իրականացնել արտադրողի տեղական դեպքում:
Արդյունքում` առևտրի գործընթացի բոլոր մասնակիցները կհայտնվեն հարկային դաշտում, որը նաև կիրականացնի հարկերի արդարացի բաշխում, քանի որ ներկայումս` տնտեսավորող սուբյեկտների մի մասի ստվերում գտնվելու արդյունքում, նրանք ոչ միայն հայտնվում են արտոնյալ կարգավիճակում, այլ նաև չվճարած հարկերի բեռ են տեղափոխում դեպի փոքր և միջին բիզնես:
Միևնույն ժամանակ, առևտրի գործընթացի մասնակիցների մի մասի միջոցով այլ մասնակիցների վրա ազդելու և նրանց հարկային դաշտ բերելու մեխանիզմը նույնպես կարող է արդյունավետ լինել, եթե վերոնշվածին զուգահեռ` այդ ամենն իրականացվի կամավորության սկզբունքով: Մասնավորապես, փոքր բիզնեսի ներկայացուցիչներից ձեռքբերումների հիմնավորող փաստաթուղթ պահանջելու փոխարեն` նպատակահարմար է ներդնել հարկերի 2 դրույքաչափ` փաստաղթղթերի առկայության դեպքում` շրջանառության 1 տոկոսի չափով, փաստաթղթերի բացակայության դեպքում` շրջանառության 3,5 տոկոսի չափով: Սրանով ձեռնարկատերը շահագրգռված կլինի ներկայացնել առավելագույն ծավալի ձեռքբերումների փաստաթղթեր` հարկերը նվազեցնելու նպատակով:
Նպատակահարմար է ներդնել նաև եկամտահարկի հաշվարկում ծախսերի նվազեցման մեխանիզմ: Հնարավորություն տալ ֆիզիկական անձանց ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման դեպքում` որոշ չափով նվազեցնել եկամտահարկի հարկման բազան: Այս մեխանիզմը կնպաստի քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոններ պահանջելը, որն ավելի արդյունավետ և արդարացի է, քան հերթական վիճակախաղին մի ողջ ազգի մասնակից դարձնելը: